Ով էր մեղավոր, որ Երեւանի ընտրությունից հետո հնարավոր չեղավ համաձայնության գալ

Ով էր մեղավոր, որ Երեւանի ընտրությունից հետո հնարավոր չեղավ համաձայնության գալ

Ի սկզբանե պարզ էր, որ «Մայր Հայաստան» դաշինքի, «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների միջև կոալիցիայի ձևավորումը, պարզվեց, անհնար է: Միայն այն, որ «Մայր Հայաստանը» որպես Մարությանի թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու պայման պահանջում էր, որ Մարությանը հայտարարի, որ կողմ է ամբողջական իշխանափոխությանը, իսկ Մարությանն ասում էր, որ ինքը չի մասնակցում ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, քանի որ կողմ է «իշխանափոխություն ընտրությունների միջոցով» բանաձևին, արդեն փակում էր համագործակցության հնարավորությունը: Եթե «Մայր Հայաստանը» համաձայնության գար Մարությանի հետ, կստացվեր, որ ինքը ևս կողմ է, որ Փաշինյանի իշխանությունը մնա մինչև 2026 թվականի հերթական ընտրություններ: Չէ որ արտահերթ ընտրությունների համար նույնպես պետք է, որ ընդդիմությունը փողոցով ճնշում գործադրի իշխանության նկատմամբ, ինչին Մարությանը հիմա դեմ է արտահայտվում, չնայած 2018 թվականին իշխանության է եկել հենց հակասահմանադրական հեղաշրջմանը մասնակցելու և օրինական իշխանությանը փողոցային ճնշման միջոցով հեռացնելու տարբերակով: 

Քանի որ երկու ուժերն էլ հայտարարել են, որ կողմ են Երևանի ավագանու նոր ընտրությունների անցկացմանը, ապա շատ իմաստ չունի քննարկելու նրանց միջև հնարավոր համագործակցության բացակայության անհնարինությունը: Նոր ընտրությունների անցկացմանն առնվազն երկու պատճառով կողմ կլինի նաև ՔՊ-ն: Եթե նոր ընտրություններ չկազմակերպվեին, և ուժերի ներկա դասավորությունը մնար, և քաղաքապետի ընտրության երկրորդ փուլում ՔՊ-ն կարողանար իր թեկնածուին նշանակել քաղաքապետի պաշտոնում, միևնույն է, Երևանի ավագանիում, այսպես կոչված, ոչ իշխանական ուժերը կունենան մեծամասնություն, և կկարողանային ցանկացած պահի վիժեցնել որոշումների ընդունումը, կամ գործող քաղաքապետին կսպառնան անվստահությամբ, ինչը իշխանությունը չի կարող թույլ տալ: Փաշինյանը թերեւս կողմ կլինի նոր ընտրությունների անցկացմանը, քանի որ նոր ընտրությունների դեպքում, ավելի մեծ հնարավորություն կունենա ձևավորել որակյալ մեծամասնություն, և ցույց տալ, որ ՔՊ-ի իշխանությունը Երևանում լեգիտիմ է, և ոչ թե արհետստական, սարքովի կամ գողացած:

Կարող է թվալ, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններից հետո Փաշինյանի և նրա իշխանության վարկանիշն էականորեն նվազել է, նախ, որովհետեւ ՔՊ-ն ընդամենը Երեւանի 9 տոկոսի աջակցությունն է վայելում, ապա որովհետեւ տեղի է ունեցել Արցախի վերջնական հայաթափում, որի ընթացքում Փաշինյանի իշխանությունը գտնվել է դիտորդի դերում, ընդամենը արձանագրելով հարյուրավոր հայերի ֆիզիկական ոչնչացումն ու տասնյակ հազարների բռնագաղթը: Փաշինյանը գիտի, որ իր վարկանիշն այնքան ցածր է, որ այլևս իջնելու տեղ չկա: Հաղթանակի իր հաշվարկը հիմնված է ոչ թե վարկանիշի, այլ կարելի է ասել տեխնոլոգիական լուծումների վրա:
Փաշինյանը մտածում է, որ այն 75 հազար ձայն, որը ՔՊ-ն ստացավ սեպտեմբերի 17-ի ընտրությունների ժամանակ, այսպես թե այնպես կստանա ցանկացած ընտրության ժամանակ. դա վարչական ռսուրսն է, կրիմինալի կողմից մոբիլիզացված ձայները, և այն ընտրազանգվածը, որը միշտ քվեարկում է իշխանության օգտին, անկախ նրանից թե ով է իշխանությունը: Փաշինյանի խնդիրը ոչ թե իր ստացած ձայներն ավելացնելն է, այլ մյուսների ձայների մասնատումը: Նոր ընտրությունների դեպքում պետք է, որ ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի համար քվեարկողների ձայներն ավելի շատ մասնատվեն, ավելի փոշիանան, ինչի դեպքում ավագանի անցած ուժերը միասնաբար այլևս չեն ունենա 50 տոկոսից ավելի, ինչպես ստացվեց այս անգամ:

Այդ խնդիրը լուծելու համար պետք է նոր ընտրություններին մասնակցեն ավելի մեծ թվով կուսակցություններ, ավելի շատ, քան մասնակցել են սեպտեմբերի 17-ի ընտրություններին: Թվում է, որ իրավիճակը տրմագծորեն պետք է հակառակը լինի. նույնիսկ 1 տոկոսը չհաղթահարած, 1-2 հազար ձայն ստացած կուսակցություններն այս անգամ չպետք է մասնակցեն ընտրություններին, նախորդ փորձից հասկանալով, որ իրենք ոչ միայն հաղթելու, այլ նույնիսկ ավագանում նվազագույն ներկայություն ունենալու ոչ մի հնարավորություն չունեն, ուստի անիմաստ է լրացուցիչ միջոցներ ծախսել` ընտրություններին մասնակցությունը պահանջում է ֆինանսական ծախսեր: Բայց ավագանու նոր ընտրության դեպքում նախորդ ընտրություններին մասնակցած բոլոր 14 կուսակցություններն էլ կմասնակցեն և դրա համար կա առնվազն երկու պատճառ. Առաջին`ընտրություններին մասնակցած կուսակցությունների մեծ մասը նման որոշում կայացրել են ոչ թե ինքնուրույն, այլ իշխանության հորդորով, և նոր ընտրության դեպքում հրահանգը կմնա նույնը`մասնակցել ընտրություններին, Երկրորդ`ընտրություններն այդ կուսակցությունների տերերին ոչ թե ֆինանսական ծախսեր և կորուստներ են բերում, այլ հակառակը` փող աշխատելու հնարավորություն են, քանի որ իշխանությունը շահագրգռված լինելով նրանց մասնակցությամբ,  ֆինանսական աջակցություն կտրամադրի դրա դիմաց:

Նոր ընտրությունների դեպքում առանց իշխանության կողմից գործադրվող ջանքերի էլ որոշ կուսակցությունների մոտ կարող է գայթակղություն առաջանալ մասնակցել դրանց, նրանք տեսան, որ իշխանությունը չունի մեծ ազդեցություն ու հեղինակություն, և ընտրազնագվածի մեծ մասը քվեարկում է իշխանության դեմ, այնպես որ կարելի է հաջողության հույս ունենալ: Մյուս կողմից իշխանությունն ավելի մեծ ֆինանսական ռեսուրս օգտագործելով ընտրապայքարի մեջ կմտցնի ավելի մեծ թվով կուսակցությունների, ընդ որում հնարավորինս թունդ ընդդիմադիր կարգախոսներով, որ ընդդիմադիր ընտրազանգվածն ավելի փոշիանա: Իսկ մինչև նոր ընտրությունները ավագանի անցած ոչ իշխանական կուսակցություններից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի համաձայնության չկայացման մեղքը մյուսների վրա գցելու համար, որովհետև երբ նոր ընտրություններից հետո ՔՊ-ն հնարավորություն ունենա կոալիցիայի միջոցով մեծամասնություն ձևավորել և քաղաքապետ դարձնել իր թեկնածուին, հասարակությանը պետք է ցույց տալ, թե ով էր մեղավորը, որ առաջին ընտրությունից հետո հնարավոր չեղավ համաձայնության գալ, և կապիտալացնել իշխանության պարտությունը:

Դե իսկ եթե ոչ իշխանականները որոշեն մասնակցել ավագանու նիստերին, և օգնեն կամ առնվազն չխանգարեն, որ ՔՊ-ն քաղաքապետի իր թեկնածուին անցկացնի, իշխանությունն այդ տարբերակին էլ առանձնապես դեմ չի լինի:

Ավետիս Բաբաջանյան