Երանի՜ քեզ Սերո,- գրողի մահից հետո գրել է Սիլվան․․․

Երանի՜ քեզ Սերո,- գրողի մահից հետո գրել է Սիլվան․․․

Այսօր Սերո Խանզադյանի, Մեծ Գորիսեցու ծննդյան օրն է։ Շատ հուշեր ու պատմություններ ունեմ նրա հետ կապված, բայց դրանք կամփոփեմ  մի նախադասությամբ՝ նա օդ էր, մթնոլորտ, հախուռն կյանք ու մեծ հայրենասեր։ 

Տղան պատմում էր․  «Մահվանից մի քանի օր առաջ նա արդեն հաց չէր ուտում: Մայրս անհանգստացած զանգահարեց. «Հայրդ հաց չի ուտում»: Գնացի տուն, ասաց` քեզ հետ կուտեմ: Մայրս Գորիսի բոզբաշ էր սարքել, դրեց սեղանին: Հայրս դիտողություն արեց` ինչպե՞ս կարելի է առանց արաղի հաց ուտել: Մայրս արաղ բերեց, բաժակ բերեց: Ինքն էլ թե` բա էս մարդը մենա՞կ է խմելու: Ինքն էլ խմեց, և զրուցեցինք: Այդ վիճակում անգամ Արցախով  էր հետաքրքվում: Ոգևորված էր, որ Արցախն  ազատագրված է: 

- Արարա՛տ, բա Նախիջեւա՞նը, - հարցրեց: 

- Նախիջեւանն էլ ենք ազատագրելու, հայրի՛կ, - ասացի, ինչը նրան ավելի ոգևորեց:  

Իսկ հոգեվարքի պահին, երբ գրողն արդեն երերուն հիշողություն ուներ, հարցնում է տղային․

-էդ Ղարաբաղը հի՞նչ Եղավ, հաղթանակները հաստատեցի՞ն, թե չէ։ 

-Հաստատեցին, հայրիկ. հաստատեցին։

-Բա Նախիջեւա՞նը նա՞ էլ ա մերը։

Նա էլ ա մերը, հայրիկ։

-Բա Վանը, Անին, Սրարա՜տը. 

- Դրանք էլ, հայրիկ ։

Դե լավ ա, ու աչքերը փակել է հանգիստ, անխռով, ձեռքերը կրծքին ծալած։ 

Սիլվա Կապուտիկյանը, երբ իմացել է հոգեվարքի պահին գրողի հարցումների մասին, գրել է՝ երանի՜ քեզ Սերո, որ աշխարհից հեռացար այդ ամենին հավատալով։

Հիմա մենք երանի ենք տալիս նաև Սիլվա Կապուտիկյանին՝ երանի՜ քեզ, որ չտեսար Արցախի հանձնումը, հայաթափումը։ Որ չտեսար ոտքի վրա ճոճվող ու հազիվ իր հավասարակշռությունը պահող Հայաստանը։