Մեր հույսը պետք է լինի մեզ վրա

Մեր հույսը պետք է լինի մեզ վրա

Վաղուց մի աննորմալ երևույթ եմ նկատել. խոսքը նախկինում ադեկվատ համարում ունեցող (գոնե իմ աչքում) անձանց վերածվելն է ոչ այնքան, մեղմ ասած, ադեկվատների: Վերափոխման առաջին փուլը 44-օրյա պատերազմի ու դրանում ռուսական կողմի պասիվ վարքագծի արդյունք էր: Որքան տեղյակ եմ, ռուսական կողմից սպառազինությամբ լեցուն ընդամենը մի քանի բեռնատար ինքնաթիռ է թռել Հայաստանի ուղղությամբ: Եվ քանի որ Վրաստանն արգելել էր դրանց թռիչքն իր օդային տարածքով, դրանք Իրան էին հասել Կասպից ծովի արևելյան ափով: Ինչն, ի դեպ, հետագայում բարձրաձայնեց Իլհամը՝ Կասպից ծովի միջինասիական ափամերձ երկրների (Ղազախստան և Թուրքմենիստան) ղեկավարներին մեղադրելով Հայաստանին օժանդակելու մեջ: Ինչևէ, այդ մի քանի թռիչքներից բացի այլ օժանդակություն չստացվեց ռուսական կողմից՝ եթե չհաշվենք պատերազմը դադարեցնելու ռուսական միջնորդությունները: Ռուսական կողմի վարքագծից մեր ժողովրդի հուսախաբվածությունն այնքան ուժեղ էր, որքան ուժեղ էր նրա վրա հույս դնելու նախնական տրամադրվածությունը:

Բայց դրա հետ մեկտեղ տեղի ունեցավ նաև մեկ այլ փոփոխություն: Բայց ի տարբերություն առաջին տարբերակի՝ այն առնչվեց շատ քիչ մարդկանց: Դրանցից մեկը ես էի, որ 2000-ականների սկզբից փողոցներն ընկած՝ կռիվ էի տալիս հանուն ժողովրդավարության հաստատման՝ հիմքում ունենալով, բնականաբար, արևմտյան ժողովրդավարությունը: Դա անում էի թե՛ որպես անհատ, թե՛ որպես լրագրող՝ մասնակցելով հանուն «Ա1+»-ի վերաբացման ցույցերին, և թե՛ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպության անդամ: Ու ինձ համար շատ ավելի մեծ շոկային հարված էր Արևմուտքի կողմից ցուցաբերված անտարբերությունը: Հատկապես երբ հաշվի ենք առնում նիկոլական փիառված ժողովրդավարության ու ալիևյան բռնապետության նկատմամբ վերաբերմունքների տարբերությունը միջազգային հանրություն կոչվածի կողմից: Ինչը, բնականաբար, գումարվել էր 44-օրյա պատերազմի պարտության առաջացրած հոգեբանական շոկին: Դա, ի դեպ, արտահայտվել է հետպատերազմական առաջին օրերի ֆեյսբուքյան իմ գրառումներում:

Թե՛ ինձ նմանների՝ Արևմուտքի առումով, և թե՛ հայաստանցիների մեծամասնության՝ Ռուսաստանի առումով հուսախաբ լինելը ծանր էր այնքան, որքան փոքր էր սեփական ուժերի վրա հույս դնելու՝ մեզանում տարածված մտայնությունը: Բայց պետք է ընդգծվի, որ այդ մտայնությունը հատուկ է ոչ միայն մեր ժողովրդին: Դա փոքր ազգերին բնորոշ հատկանիշ է, ինչի օրինակն էր մեր հարևան Վրաստանի՝ 2000-ականնների սկզբի ամերիկյան ամնացորդ կողմնորոշումը: Ինչի արդյունքը 2008 թվականի օգոստոսյան հնգօրյա պատերազմն էր և դրանում վրացական կողմի ռազմական պարտությունը: Այդ երևույթի արդյունքում ստեղծված իրադրության հոգեբանական արդարացումն էլ պարտության մեղքը հանգամանքների կամ նույնիսկ այլ անձանց վրա բարդելն է:

Ինչն, ի դեպ, հատուկ է հենց կենցաղային մտածողությանը. անհաջողությունների պատճառները սեփական գործողություններում չտեսնելը: Այն ևս համատարած երևույթ է մեզանում, ու դրա տիպիկ մարմնավորումներից է Փաշինյան Նիկոլի վարքագիծը: Սեփական ապաշնորհության հետևանքները վերջինս փորձում է վերագրել այլոց գործողություններին կամ անգործությանը: Եվ եթե դրան գումարենք «արցախյան բեռից» ազատվելու ազգակործան գաղափարը, ապա պատկերը կամբողջանա: Արցախից «ազատվելուց» հետո էլ այդ երևույթը վերջ չի ունենա՝ որքան ապաշնորհություն, այնքան պարտություն, և որքան պարտություն, այնքան ինքն իրեն արդարացնելու միտումով մեղքն այլոց վրա բարդելը: Ինչի իրական վերջը կլինի կա՛մ նրա հեռացումը վարչապետի պաշտոնից և կա՛մ պետության վերացումը:

Վերադառնանք վերափոխման փուլերին՝ երկրորդը զիգզագաձև ընթացող փուլն էր՝ 44-օրյա պատերազմից մինչև Արցախի վերջնական կորուստը: Այն հույսի ու հուսախաբության՝ միմյանց հաջորդող զգացումների փուլն էր: Ինչի ավարտը սեպտեմբերի 19-20-ի ողբերգությունն էր՝ Արցախի ամբողջական կորուստը: Ինչի արդյունքում կրկին ակտիվացավ ռուսական կողմին դավաճանության մեջ մեղադրելու միտումը: Մարդիկ, նախ, չգիտակցեցին, որ դա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու՝ Նիկոլի հայտարարության տրամաբանական ավարտն էր: 

Եվ երկրորդ, շատ արագ մոռացան (եթե, իհարկե, տեղյակ էին), որ 20 տարի Աֆղանստանում բավական մեծ զորախումբ պահելուց ու 2 տրիլիոն 300 միլիարդ դոլար ծախսելուց հետո ամերիկյան վարչակազմը հայտարարեց, որ ամերիկյան զինվորները չպետք է պատերազմեն ուրիշների փոխարեն: Եվ հանեց իր զորքերն այդ երկրից: Իսկ ինչո՞ւ պետք է ռուսական կողմը պատերազմեր, եթե Հայասանն՝ ի դեմս վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլի, իր հայտարարությամբ Պիղատոսի նման ձեռքերը լվացել էր Արցախի հարցում: Երբ այդ պարագայում Նիկոլը կամ նրա շրջապատը ու նիկոլապաշտ զանգվածը դավաճանության մեջ մեղադրում են ռուսներին՝ դա հասկանալի է: Բայց երբ նույնն է անում արևմտամետ Նիկոլին մերժող արևմտամետ գրագետ հատվածը՝արդեն հասկանալի չէ:   

Կա նաև հակառակը ցուցանող՝ հազվադեպ պատահող մեկ այլ օրինակ. դա զրոյից ստեղծված հրեական պետության 75-ամյա պատմության առաջին տարիների (1948-1955 թթ.) իրադարձությունների շղթան է: 1948 թվականի մայիսի 14-ին պետության կազմավորմանը անմիջապես (հենց հաջորդ օրը) հետևում է շրջապատի արաբական երկրների հարձակումը: Մեկ տարի տևած պատերազմն ավարտվում է հրեաների հաղթանակով: Ու մինչև 1956 թվականի Սուեզի ճգնաժամը չունենալով լուրջ արտաքին աջակցություն՝ հրեական պետությունը դիմակայում է «պարտիզանական պատերազմ» անվանված բազմաթիվ արտաքին սպառնալիքների: Իսկ Սուեզի ճգնաժամի անգլո-ֆրանսիական դաշինքին ավելի ուշ փոխարինելու է գալիս ամերիկյան աջակցությունը, ինչը շարունակվում է մինչև օրս: