Ագրեսորին պետք է զսպի նրա թիրախ երկիրը

Ագրեսորին պետք է զսպի նրա թիրախ երկիրը

Կառավարության հերթական նիստին վարչապետի պաշտոնին բազմած անձն իրեն լավ էր զգում: Ինքը հերթական անգամ Ադրբեջանի նախագահի աչքը խոթեց այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը փակվել է ոչ բնապահպանների կողմից: Եվ, բնականաբար, փակելն էլ պայմանավորված չէր բնապահպանական հանգամանքով: Եվ դրա վերաբերյալ ինքը հերթական անգամ ծանուցում էր արևմտյան հանրությանը: Այդ հանրությունն էլ հերթական անգամ առիթ էր ստանալու՝ դատապարտելու ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը ղարաբաղցիների նկատմամբ: Ու ես հերթական անգամ գիտակցեցի, որ վեց տարվա պատգամավորական և ավելի քան 5 տարվա վարչապետական ստաժը ոչինչ չեն ավելացրել այս անձի կյանքում: Եվ նա, ինչպես կար նախկինում, այնպես էլ մնացել է լրագրող: Մի մարդ, որ հակառակորդի վարքագծի շնորհիվ ստացել է հերթական հիմնավորումը վերջինիս սխալ լինելու առումով: Ու դրա մասին խոսում է հերթական հաղորդման ընթացքում ու դրանից իրեն լավ է զգում:

Այդ հանգամանքը հասկանալն այնքան էլ բարդ բան չէր՝ հաշվի առնելով նախկինում (20 տարի առաջվա) իմ լրագրողական աշխատանքն ու վերջին երեք տարվա հրապարակախոսական գործունեությունը: Ու նրան լսելով`մեկ-մեկ ափսոսում եմ, թե ինչպիսի լրագրող կորցրեց հայաստանյան լրագրությունը: Մարդ, որ մինչև ուղնուծուծը մտածում ու գործում է որպես լրագրող: Երևի ճիշտ են ասում, որ նախկին լրագրող չի լինում: Բայց մեր իրականության ողջ ողբերգականությունը նրանում է, որ այդ լրագրողն այդպես էլ չդարձավ պետական գործիչ: Նա հիանալի քաղաքական գործիչ է, հիանալիորեն կարողանում է մանիպուլացնել զանգվածներին: Դա անում է նույնիսկ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Անում է, որքան էլ անհավանական հնչի, դրանից երկուսուկես տարի անց՝ ընթացքում անընդհատ տալով մարդկային ու տարածքային կորուստներ: Բայց քաղաքական գործիչն այդպես էլ չդարձավ պետական գործիչ՝ չնայած ծրագրեր է կազմում 25 տարվա կտրվածքով:

Եթե վերածվեր պետական գործչի, ապա կգիտակցեր, որ 100 տարի առաջ պետականություն ձեռք բերած ու դրանով ազգային ինքնուրույնություն ստացած մարդկային զանգվածը հարևանների նկատմամբ ագրեսիվ է լինելու այնքան ժամանակ, որքան դա թույլ տան իրեն: Միաժամանակ կգիտակցեր, որ եթե այդ պետությունն ունի նավթագազային պաշարներ, ապա նա վերածվում է արևմտյան հանրության հուսալի գործընկերոջ: Եվ այդ դեպքում աչքաթող է արվում նրա ագրեսիվ լինելը: Ինչը նշանակում է, որ արևմտյան հանրության աչքը մտնելու առումով նրա հետ մրցելն անպտուղ զբաղմունք է: Նույնքան անպտուղ է այդ հանրությունից աջակցություն ակնկալելը: Խոսքի մակարդակում դրական վերաբերմունք ակնկալելը՝ որքան կուզեք: Ագրեսորի դեմ դատապարտող հայտարարությունները ևս ընդունելի տարբերակ են: Հասարակության զգոնությունը քնեցնելու նպատակով փոխզիջումների մասին խոսելը ևս այդ դերակատարման պահերից մեկը կարող է լինել: Բայց այդ ամենը կմնա հենց խոսքի մակարդակում: Իսկ իրական կյանքում ագրեսորին զսպելը հենց նրա թիրախ հանդիսացող երկրի ճակատագիրն է: Դա է, որ չի գիտակցում ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը: