Կամաց կսովորե՞ն

Կամաց կսովորե՞ն

Պետք է արձանագրել, որ բարդ կացության մեջ է հայտնվել Հայաստանը, եւ այս կացության մեջ առավել դժվար է սխալներ թույլ չտալը, մանավանդ՝ իշխանության ղեկին գտնվող մարդկանց կողմից։ Ուստի արձանագրենք նաեւ, որ վերջին շրջանի զսպվածությունը, որը ցուցաբերում են Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ողջունելի է։

Զսպվածություն ասելով, անշուշտ, նկատի ունեմ այն, որ ավելորդ չեն «բլթացնում» ռուս-ուկրաինական թեմայով, հակամարտող կողմերից ոչ մեկին ո՛չ դատապարտում են, ո՛չ պաշտպանում եւ ջրի հատակն իջած ձկան նման սպասում են, որ վտանգն անցնի։

Ներքուստ, իհարկե, պարզ է, որ երազում են Ռուսաստանի կործանումը եւ Արեւմուտքի ու Ուկրաինայի հաղթանակը, սակայն, բարեբախտաբար, այնքան խելք ու հեռատեսություն ունեն, որ թաքցնում են իրենց այդ երազանքները, որ մեր երկիրը հերթական փորձությունների չենթարկեն։ Պարզապես՝ եթե նման զսպվածություն, հավասարակշռվածություն եւ զգուշություն ցուցաբերեին իշխանության գալու օրվանից՝ ավելորդ հայտարարություններ չանեին, հասկանային պետության ղեկավարի եւ իշխանության պատասխանատվությունը, վտանգավոր էմոցիոնալ քայլեր չձեռնարկեին, մեր երկրի վիճակն այսօր գուցե բոլորովին այլ լիներ։ Ստիպված ենք արձանագրել նաեւ, որ մեր երկրի, մեր պետության գլխին աղետ բերելուց հետո ինչ-որ բաներ գուցե սկսել են հասկանալ երիտասարդ հեղափոխականները։ Մեր՝ բոլորիս կյանքի ու անչափելի կորուստների հաշվին սկսել են գիտակցել իրենց սխալներն ու ինչ-որ բան են սովորել։

Դժվար ու դանդաղ է ընթանում այդ ուսումնառությունը, դրա դիմաց բարձր գին ենք վճարում բոլորս, բայց դա այն գինն է, որը վճարում է 2018-ին փողոցներ փակած եւ ապրիլի 23-ին ցնծություն ապրած հասարակությունը՝ իր գործած սխալների եւ անփորձ մարդկանց իշխանության բերելու դիմաց։