Իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է, ոգի չէ, ոչ էլ սուրճի բաժակ նայել

Իրավագիտությունը ճշգրիտ գիտություն է, ոգի չէ, ոչ էլ սուրճի բաժակ նայել

Փետրվարի 17-ից կմեկնարկի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Եթե սահմանադրական «այո»-ի հարցում ամեն ինչ պարզ է, եւ դաշտը՝ գրեթե հստակեցված, ապա «ոչ»-ի հարցում դեռ անորոշություն է։ Էդմոն Մարուքյանի ասուլիսից հետո, երբ պարզ դարձավ, որ «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում Սահմանադրական դատարան դիմել (ստորագրությունների քանակը պակասում է, իսկ ԲՀԿ-ն չի միանում իրենց նախաձեռնությանը), ակնհայտ է, որ ԼՀԿ-ն չի գլխավորելու «ոչ»-ի քարոզչությունը։

Եվ այս խնդիրը մնում է երդվյալ «ոչ»-ականների ուսերին՝ ՀՀԿ-ի ու քոչարյանականների վրա, որոնք էլ, սակայն, հասկանալի պատճառով, չեն մտնելու այդ բեռի տակ։ Բավական է այս երկուսը միավորվեն, եւ 7 դատավորի տուն ուղարկելու օրինագիծը կվերածվի «սեւի ու «սպիտակի» ճակատամարտի, որից Նիկոլ Փաշինյանը, գերքաղաքականացնելով մեկ հարցով հանրաքվեն ու գեներացնելով ատելությունը նախկինների նկատմամբ, դուրս կգա հաղթած։ Դրա համար, չի բացառվում, որ «ոչ»-ի շտաբը մնա անտեր։ Ինչպես կատակել էին  «Արմքոմեդիի» Նարեկն ու Սերգեյը՝ «ոչ»-ի կողմնակիցները ձեւավորում են «ուֆ, դե ինչ ուզում եք, արեք» շտաբը։

Իսկ եթե լուրջ, ապա, դատելով «ոչ»-ի «շահառուների» առայժմ գաղտնապահական պատասխաններից, բոլոր այն ուժերը, որոնք «ոչ»-ի կողմնակից են, մարտավարական առումով ավելի ճիշտ են համարում բոյկոտը՝ մի քանի պատճառներով։ Նախ, որ ցածր մասնակցության պարագայում ավելի հեշտ է ապահովել հանրաքվեի չկայացած համարվելը, ապա «այո»-ի ամենաջախջախիչ հաղթանակն անգամ կթունավորվի, եւ ակնհայտ կդառնա, որ Տիգրան Մուկուչյանը թվանկարչությամբ է զբաղվել։ Երրորդ․ Սահմանադրության պահանջով՝ առանց «ոչ»-ի քարոզչական կողմի, սահմանադրական հանրաքվեն չի կարող կայանալ․ ԿԸՀ-ում պետք է գրանցվի մեկական «այո» եւ «ոչ»՝ որպես կողմ։ Իհարկե, իշխանությունը կկարողանա իրեն աջակից քաղաքական կուսակցություններից, ուժերից ու ՀԿ-ներից ձեւավորել եւ գրանցել «ոչ»-ի ճամբար։ Մոտավորապես այնպես, ինչպես եղավ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու պարագայում, երբ նա կողմնակիցներին բացատրեց, որ իրեն պետք է երկու անգամ չընտրել, որպեսզի խորհրդարանը ցրվի։

Այստեղ ավելի կարեւոր է հարցի բովանդակային կողմը, որ «ոչ»-ի կողմնակիցները կհաղորդեն իրենց բոյկոտին։ Այն է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կեղծ օրակարգ է։ Եվ սա կլինի հանրապետականների ու մյուս «ոչ»-երի հայելային պատասխանը Նիկոլ Փաշինյանին, որի «Քաղաքացիական պայմանագիրը» 2015-ին հայտարարեց, որ չի մասնակցում սահմանադրական փոփոխությունների կեղծ օրակարգին։ Ալեն Սիմոնյանին «ՀԺ»-ի թղթակիցն այն ժամանակ հարցրել էր․ «Պարոն Սիմոնյան, բայց առաջարկ է եղել «ոչ»-ի ճակատ ձեւավորել եւ հանրաքվեն վերածել Սերժ Սարգսյանի անվստահության գործընթացի: Հնարավո՞ր է դուք այս հարցով համագործակցեք», ինչին ի պատասխան՝ ԱԺ ներկայիս փոխխոսնակն ասել էր․ «Մենք մեր պատմության ընթացքում այդ դառը փորձն ունենք. երբ դու «ոչ» ես ասում, ինչ-որ ձեւով դառնում ես այդ գործընթացի, այդ օրակարգի մասնակից, թեկուզ՝ բացասական կողմից, դա, այնուամենայնիվ, այդ օրակարգին ուժ եւ եռանդ է փոխանցում: Մենք չենք ուզում ընդհանրապես իրենց առաջ բերած օրակարգի մեջ մտնել: Հիմա պարզ է, չէ՞, որ իշխանությունն իր առաջարկով փորձում է օրակարգ ձեւավորել եւ շեղել գալիք ընտրություններից»։ Այսօր էլ, ուրեմն՝ «եղիցի բոյկոտ» (ԻՔ-ական պատգամավորի ականջը կանչի)։ 

Մեզ հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի ստորեւ ներկայացված (քանի որ այս պահին որեւէ որոշում չկա, նա սոսկ իր անձնական կարծիքը փոխանցեց մեզ) դիտարկումներից էլ ակնհայտ է դառնում, որ ՀՀԿ-ն գնդակն ուղարկելու է այն դաշտ, որտեղից այն տշել են։ 
«Իմաստ չկա... նախ՝ կեղծ օրակարգ է, եւ եթե իրավական որեւէ գործընթաց չի անցել հանրաքվեի օրինագիծը, ինչի՞ դեմ պայքարես։ Եթե ինչ ուզում, անում են, նույնն էլ դա է լինելու»,- ասաց Սահակյանը։

Ինչպես հիշում ենք՝ շատ իմքայլականներ կանոնակարգային, ընթացակարգային եւ, առհասարակ, ժողովրդավարության ու իրավական պետության անկյունաքարային դրույթներից մեկի՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության զսպումների մեխանիզմների ոտնահարումը հիմնավորում են նրանով, որ ՀՀԿ-ն խոսում է ձեւից, իրենք՝ բովանդակությունից։ Այսինքն, որ նախկինները բռնաբարել են Սահմանադրության ոգին, հիմա խոսում են կանոնակարգերից։ «Այդ ոգին պահպանված չէ․․․ կոֆեի բաժա՞կ են նայում, հոգի՞ են կանչում․․․ եթե իրենց համար Սահմանադրությունն ու իրավագիտությունն առաձգական բան են, ու ոնց կուզեն, կմեկնաբանեն՝ ոգեղեն, ոչ ոգեղեն, մեզ համար ճշգրիտ գիտություն է, որտեղ ամեն տառը, ստորակետն ու վերջակետն իր նշանակությունն ունի»,- ամփոփեց  Հովհաննես Սահակյանը։
Դե ինչ, Հայաստանն ունի  սահմանադրական հանրաքվեների բոյկոտի 3 փորձ՝ 2003, 2005 եւ 2015  թվականներին։ Ի դեպ, առաջին անգամ՝ 2003-ին, դա իրեն արդարացրել է, երբ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագիծը տապալվեց  ընտրողների՝ քվեարկությանը հայտարարված համատարած բոյկոտի պայմաններում: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանը կրկին փորձեց սահմանադրական հանրաքվե անցկացնել՝ 2005-ին, եւ այս անգամ այդ փոփոխություններն անցան՝ չնայած փաստին, որ հանրաքվեի անունը դրվեց՝ «ուրվականների հանրաքվե»։ 

Հիմա, փոփոխությունների անցկացման համար անհրաժեշտ է 650 հազար «այո»։ Այն ժամանակ Քոչարյանին ընդդիմադիր խորհրդարանական «Արդարություն» դաշինքի կուսակցություններից ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում չհամաձայնեց, որ ներկայիս ու այն ժամանակվա բոյկոտը նույնն են։ «Տարբերությո՞ւն․․․ հեչ նմանություն չկա, ինչի՞ մասին է խոսքը, դրանք լրիվ ուրիշ բաներ են։ Մենք բոյկոտել ենք ու ճիշտ ենք արել, որովհետեւ էն ժամանակ երկրում չկար օրինական ձեւավորված իշխանություն, թքած ունեին ժողովրդի քվեի վրա։ Սա միանշանակ «այո» է, մտածելու բան չկա, էս հարցը պիտի կարգավորվի․․․ չէ, եւ լրիվ անընդունելի է այն վիճակը, ինչ կա Սահմանադրական դատարանում։ Ի՞նչն ենք ափսոսում, ու սա մի հարց չէ, այլ այն, որ մարդիկ, որոնք այս 20 տարիներին երկիրը հասցրել են էս վիճակին, դա արել են էդ Սահմանադրական դատարանի օգնությամբ»։ Գրիգոր Հարությունյանն էլ շեշտեց, որ իր անձնական կարծիքն է ներկայացնում, ո՛չ կուսակցության։