Բախտներս բերել է. բա որ Փաշինյանն էլ աֆրիկաներում առյուծներ սպաներ
Հարցազրույց արձակագիր Սուսաննա Հարությունյանի հետ
- Տիկին Հարությունյան, արդեն պարզ է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին, չնայած այն հանգամանքին, որ տասնյակ իրավաբաններ, սահմանադրագետներ վերջին օրերին ահազանգ են հնչեցնում, որ իշխանությունը հանրաքվեի գործընթացը ծայրից ծայր հակաօրինական, հակասահմանադրական միջոցով է փորձում կյանքի կոչել: Անհանգստացնող չե՞ն այդ ահազանգերը:
- Ճիշտն ասած՝ ուրախ եմ, որ իրավաբան կամ սահմանադրագետ չեմ եւ պարտավոր չեմ մտածել օրենքներով։ Ինձ համար՝ որպես շարքային քաղաքացու, կարեւորն անցյալի ամոթալի հետքերը ջնջելն է, կյանքը կարգի բերելը։ Թե ինչ միջոցներով կարվի դա, ինձ չի հետաքրքրում։ Եվ առհասարակ, ես գորդյան հանգույցը թրով կիսելու կողմնակից եմ ու ոչ միայն անհանգստացած չեմ, այլեւ գտնում եմ, որ բավականին ուշացած քայլ է։ Իշխանությունն այդ քայլով ոչ թե սխալ է անում, այլ՝ սխալների ուղղում։
- Ըստ էության, մի մարդու հարցով պայմանավորված հանրաքվե անցկացնելը եւ այդ պրոցեսի վրա մոտ 3 միլիարդ դրամ ծախսելն արդյոք անհրաժեշտությո՞ւն է մեր պետության համար:
- Դուք էլ գիտեք, որ այստեղ խոսքն անձի մասին չէ, այլ հին իշխանության հենասյան, ում օրոք խեղաթյուրվել է մեր սահմանադրությունը, ում թողտվությամբ ու օժանդակությամբ երկիրը հասցվել է այս վիճակին։ Նաեւ ում օգնությամբ հները փորձում են իրականացնել իրենց վերադարձը, կոծկել իրենց հանցագործությունները եւ այլն, եւ այլն։ Ինչ վերաբերում է փողին՝ երեսուն տարի թալանվել, վատնվել ու յուրացվել է ժողովրդի ունեցվածքը, մեր սիրտը չի ցավում, հենց էդ երեք միլիա՞րդը հանկարծ ճակատագրական դարձավ։ Ոչ, ես չեմ ափսոսում, որովհետեւ կյանքիս մեծ մասն ապրել եմ անօրեն երկրում եւ ուզում եմ կյանքիս որեւէ հատվածն էլ նորմալ ապրել։ Ինչպես գիտեք, մարդը հավերժ չէ, եւ չպետք է ոչինչ խնայել կյանքի կարգավորման վրա՝ ո՛չ գումար, ո՛չ էլ ջանք․․․:
- Վարչապետն օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտության առաջ, կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական եւ հակապետական ուժեր, իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»: Այս հայտարարությունն արդյոք սպառնալիք չէ՞, այսինքն՝ եթե «այո» չես ասում, ուրեմն հակապետական ուժ ես:
- Քաղաքական գործիչներն Աստծո առաքյալները չեն, եւ իմ պարտքը չեմ համարում նրանց խոսքերի մեկնությունը, բայց, որպեսզի պատասխանից չխուսափեմ, ասեմ, որ ես գնահատում եմ մարդու անկեղծությունը, որովհետեւ, եթե հասկանում ես դիմացինիդ մտքերը, հասկանում ես նաեւ, թե ինչպես վերաբերվել նրան։ Նա ասում է այն, ինչ մտածում է։ Ավելի լավ է էդպես, քան թե մի կողմից հայրենասիրական ճառ ասել, մյուս կողմից՝ հայրենիքը թալանել։ Ես մարդուն գնահատում եմ գործերով, ոչ թե խոսքերով։ Իսկ գործերում, իմ կարծիքով, նա լուրջ սխալներ դեռ թույլ չի տվել։
- Ի դեպ, վարչապետն օրերս մի բանաստեղծություն էլ գրեց` վերնագրված է «Հանրաքվե», որն այս անգամ նվիրել է «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին»: Կարդացե՞լ եք այդ բանաստեղծությունը:
- Հա, իհարկե, կարդացել եմ․ որպես պոեզիա՝ մի բան չէր, բայց հարգելի է, որ այդ զբաղվածության տեր մարդը գրի համար ժամանակ է գտնում։ Էդ մի հարցում հաստատ բախտներս բերել է․ չէ՞ որ Փաշինյանն էլ հանկարծ կարող էր աֆրիկաներում առյուծներ սպանել իր հանգստյան օրերին։ Իսկ նա ոչ թե սպանելով, այլ ստեղծելով է հանգստանում՝ թեկուզեւ անտանելի բանաստեղծություն․․․
- Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆրանսաբնակ Վեհարի Սաքանյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մեղադրում է վարչապետին, ասելով` «նա, ով գալիս է իշխանության, թքում է Սահմանադրության վրա»:
- Հարգարժան գիտնականի անունն առաջին անգամ եմ լսում եւ ցավում եմ, որ մենք՝ նույն ժողովրդի մտավորականներս, իրար գոյության մասին իմանում ենք միայն նման առիթներով։ Սա էլ մեր իրականության մյուս թերություններից է, եւ չեմ կարող ասել՝ նա իրավունք ունե՞ր նման նամակ գրելու․ չէ՞ որ ցանկացած իրավունք, առավել եւս՝ մեղադրելու իրավունքը, վաստակում են։ Ցանկացած մարդ էլ կարող է, չէ՞, ասենք, Մակրոնին կամ Պուտինին նամակ գրել, բայց որքանո՞վ է պետք նրանց կամ սպասված մեր գրած նամակը․․․ անկախ ամեն ինչից, ասեմ, որ տանել չեմ կարողանում, երբ հայրենիքը հեռվից են սիրում, երբ իմ հայրենակիցներն իրենց եվրոպական «բարձունքներից» հայրենիքի վրա մատ են թափ տալիս կամ խելք սովորեցնում։ Խնդրեմ, Հայաստանում ապրեք եւ գրեք ձեր բաց ու փակ նամակները, կարող եք անգամ ծանրոց ուղարկել վարչապետին, իսկ այսպես․․․ Սա՝ առհասարակ։ Հարգարժան պրոֆեսորի դեպքում՝ եթե խոսքը գիտության մասին լիներ, կուրախանայի, որ նման հարց է անհանգստացնում․․․ բայց հարգարժան պրոֆեսորն այդ Սահմանադրության ներքո չի ապրում եւ, հավանաբար, չի էլ ապրելու։ Անձամբ ես ժամանակ չէի ծախսի մի բանի վրա, որն իմ կյանքի հետ կապ չունի։ Ես հասկանում եմ Հայաստանից դուրս ապրող իմ հայրենակիցներին՝ հայրենիքը միակն է, ինչպես մայրը, եւ նրանց սիրտը ցավում է այդ հայրենիքի թերությունների ու դժբախտությունների համար, բայց մեզ ավելի օգտակար կլիներ, եթե նրանք այնպես անեին, որ իրենց ապրած երկրներում, գոնե իրենց շրջապատում, մարդիկ իմանային մարդկությանը մեծ ծառայություն մատուցած հայ մշակույթի մասին․․․ Թե չէ՝ էստեղ բոլորս էլ զայրացած ենք ու բոլորս էլ՝ մեղադրող, այդ հարցում մեզ «քոմագ» անել պետք չէ։
Կարծիքներ