«Շանը ստակիլ չկա․․․»

«Շանը ստակիլ չկա․․․»

Ոչ մի նորմալ մարդ չի կարող անտարբեր անցնել այն ամենի կողքով, ինչ անում են մեր երկրի հետ։ Ոչ մի նորմալ մարդ չի կարող ցավից չոռնալ, չգոռալ, չհայհոյել, չանիծել, երբ տեսնի, որ իր երկիրը մաս- մաս մաս են անում։ Դա նույնն է, երբ տեսնես , թե ինչպես է թշնամին անդամահատում մորդ ու լռես։ Ոչ մի նորմալ մարդ, երբ 18-20 տարեկան տասնյակ  հազարավոր զոհերի, հաշմվածների, գերիների ականատեսը լինի, չի կարող լռել, որովհետև ինչպես նման դեպքերում են ասում՝ քարերն էլ լեզու են առնում ու  խոսում։ Ոչ մի նորմալ մարդ չի կարող Արցախի 75 տոկոսը հանձնած իշխանության ,, ճակատը պաչել,,։ Նման պարագայում, երբ մարդիկ լռեն ու չարձագանքեն,   երբ իրենց մոր, հայրենիքի գոյության հարցն է դրված, նշանակում է, որ նրանք մեռած են, գոյություն չունեն։ 

Վիրավորանքը, հայհոյանքն այս պարագայում մարդու ինքնապաշտպանական միակ զենքն է դառնում։ Նրանք այնքան են երկիրն իրենցը համարում, որ նրան հասցրած ցանկացած հարված իրենց մաշկի վրա են զգում ու արձագանքում։ Ամեն մեկը մի ձևով։ Այդքանից հետո «քաղաքացու, լրագրողի, քաղաքական գործչի բերանը սկոճով  փակելը ու լռեցնելը, վիրավորանքը քրեականացնելը, տուգանելը» մի այլ կարգի հանցանք է։ Դուք չեք հասկանու՞մ, որ նման դեպքում վիրավորանքը աղոթք պիտի լինի ձեզ համար։ Հետագայում հաստատ դա գլխի կընկնեք ու փառք կտաք այն օրերին, երբ այդքանի համար ձեզ միայն  վիրավորում էին։ Փակել բերանդ ու աչքիդ առաջ մի խումբ մարդիկ անեն երկրիդ հետ այն, ինչ ուզում է թշնամին, սա չլսված բան է։ Փակել բերանդ ու իրենցից դուրս մեղավոր փնտրելը, դա անօգուտ «ջուր ծեծոցի է»։ 

Եվ որպեսզի իմ ասածը համեմեմ մի լավ աղանդերով, բազում իմ իմացած ծանր վիրավորանքի  պատմություններից կներկայացնեմ  մեկը, որն ինձ պատմել է սյունեցի մի պատվաժան այր՝ վիրաբույժ Յուրի Հովակիմյանը և որը ներառված է իմ գրքերից մեկի մեջ։ 

«Մի օր գրող Սերո Խանզադյանն ու Գուսան Աշոտը եկել էին ինձ մոտ՝ հիվանդանոց։ Հիշեցնեմ, որ երկուսն էլ Գորիսից էին։ Սերոն առողջական պրոբլեմներ ուներ՝ կապված միզապարկի, շագանակագեղձի հետ։ Սերոն սյունեցու բամբ ձայնով գոռաց՝ «Դե Յուրիկ տես հինչ ես անում»։
-Սերո Նիկոլայեվիչ,- ասում է վիրաբույժը,- դա իմ բնագավառը չի, ես հիմա կխնդրեմ, մասնագետ կգա և քեզ կստուգի։ - Երևանը Սիսիանը չէ, որ ես բոլոր օրգանների վիրաբուժությամբ զբաղվեմ, ուրոլոգին հիմա կկանչեմ։
- Արա դե տյու յեշի (նայի) էլի՜, մասնագետ, հա՛ մասնագետ, լոխան մինչև պոկս  (կոկորդս) կոշտ եմ։ Գուսան Աշոտը փորձում է վիրաբույժին համոզել ու միջամտում է․ 
- Յուրա, դե տյու յեշի էլի, մինա տա ստակող չի, հինչ օզում ես ըրա, փորը հունց օզում ես ճղի, մինա տա լավանալուա, ստակող չի։ 

Սերոն գոհունակ հայացքով Գուսանին է նայում ու ասում՝ դուզ ա ասում Գուսանը՝ շանը ստակիլ չկա։ 

Մի քրքիջ, հռհռոց է բռնվում կաբինետում, որ Գուսանը, Սերոն ու վիրաբույժը համարյա շնչահեղձ  էին լինում։ Այդ պահին քույրն է ներս մտնում ու երբ ուզում է հարց բարձրացնել՝ Յուրի Տարսայիճ․․․ Տեսնելով նրանց վիճակն ու շնչակտուր պաուզաներով հռհռոցը, ինքն էլ է սկսում ծիծաղել, որը հետո փոխվում է քրքիջի։ Քանի որ Յուրան վիրաբուժականի բաժնի վարիչն էր, մոտը առանց դուռը ծեծելու շտապ դեպքերով ներս էին մտնում, դուռը բացում, մի այլ վիրաբույժ է մտնում։ Նա էլ Կիկոսի մահի նման քույրի հետևից է գալիս, որին ուղարկել էր, որ Յուրային կանչի՝  հիվանդ է վատացել։ Տեսնելով  քույրին այդ վիճակում՝ փորից բռնած ու քրքջալիս՝ ուզում է բարկանալ, բայց նայելով մյուսների կարմրած դեմքերին, արցունքակալված աչքերին, իր ծիծաղն էլ է բռնում։ Ու բոլորը միասին մի նոտայի վրա  ծիծաղում են, վերջին երկուսը չիմանալով, թե ինչու են ծիծաղում։ Յուրան պատմում էր, որ ինքը այդ օրն է հասկացել, որ « ծիծաղը վարակիչ հիվանդություն է»։

․․․Մեկ էլ քույրը ուշքի է գալիս՝ Յուրի Տարսայիճ, հիվանդ է վատացել, չհասցրի ասել։ Էդ խոսքի վրա Յուրան փորը բռնած շտապ դուրս է վազում ու մի երկու րոպեից ներս գալիս։ Սերոն ու Գուսանը զարմանում են, թե խի շուտ եկավ, Յուրան էլ պատմում է․

-Ծիծաղելով գնացի հիվանդի մոտ ու երբ նա ասում էր ստեղս է ցավում, ես էլի ծիծաղում էի։ Մեկ էլ հիվանդս թե՝ Յուրի Տարսայիճ, կներեք, ցավս կտրեց։ 
- Սերոն էլ թե՝ Յուրա, վեր դուզն ասեմ, իմս էլ կտրեց, Գուսան յեր կաց, քինացինք»։ 
Հիմա մեկդ փորձեք ասել՝ շանը ստակիլ չկա, տեսեք ոնց են քեզ սատկացնում։