Տնտեսական պատժամիջոցները և շանտաժի քաղաքականությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարեվոր գործոն

Տնտեսական պատժամիջոցները և շանտաժի քաղաքականությունը՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության կարեվոր գործոն

Տնտեսական պատժամիջոցները միշտ էլ էական դերակատարություն են ունեցել միջազգային հարաբերություններում։ Դրանք կիրառվել են ինչպես առանձին պետությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կողմից։ Միեւնույն ժամանակ, հատկապես Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Միացյալ Նահանգներն ավելի ու ավելի հաճախակի են դիմում միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառմանը՝ դա համարելով սեփական աշխարհաքաղաքական շահերի առաջմղման կարեւոր գործոն։ 2018 թ. մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թ. ստորագրված համաձայնագրից եւ ձեռնամուխ եղավ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» ռազմավարության իրականացմանը։ 2019 թ. ամերիկյան կառավարությունը մի շարք սահմանափակումներ կիրառեց չինական «Հուավեյ» ընկերության դեմ, որն առաջատար դիրքեր է զբաղեցնում թվային տեխնոլոգիաների եւ, մասնավորապես, 5-րդ սերնդի ցանցերի տեղակայման ոլորտում։ 

Սակայն ԱՄՆ-ն չի բավարարվում միայն միակողմանի պատժամիջոցների կիրառմամբ։ Վերջին տարիներին ամերիկյան տնտեսական քաղաքականության հիմքում ընկած է «էքստերիտորիալ» պատժամիջոցների սկզբունքը, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում ոչ միայն ամերիկյան, այլեւ ցանկացած այլ ընկերության դեմ։ Վերջին 2 տարիներին այս ռազմավարության իրականացման կոնկրետ օրինակ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ամերիկյան ճնշումների պատճառով եվրոպական բազմաթիվ խոշոր արդյունաբերական հսկաներ հարկադրված էին չեղարկել Իրանի հետ ստորագրված համաձայնագրերը եւ լքել իրանական շուկան։
2020 թ. մայիսին ԱՄՆ-ն նմանատիպ քայլեր ձեռնարկեց «Հուավեյի» նկատմամբ՝ պահանջելով վերջինիս պրոցեսորներ մատակարարող թայվանական Taiwan Semiconductor Manufacturing Company ընկերությունից 2020 թ. սեպտեմբերից դադարեցնել համագործակցությունը «Հուավեյի» հետ։

Այլ պետությունների նկատմամբ տնտեսական ճնշումներ իրականացնելու նպատակով, ԱՄՆ-ն օգտագործում է ամերիկյան դոլարի՝ միջազգային պահուստային արժույթ լինելու հանգամանքը։ ԱՄՆ-ի ֆինանսական գերակշռության հիմքերն են՝  Society for Worldwide Interbank Financial Telecommunication (SWIFT) համակարգը, որը կարգավորում է վճարման հանձնարարականների միջբանկային հաղորդակցությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի թղթակցային բանկերի ցանցը, որոնք ծառայում են որպես միջնորդ՝ միջազգային վճարումներ իրականացնելու համար։ Միջազգային վճարումների (օրական մոտավորապես 5 տրիլիոն դոլար) հիմնական մասն իրականացվում է SWIFT-ի հաղորդագրությունների միջոցով, իսկ վերջինիս գերակշռող մասը տեղի է ունենում ամերիկյան թղթակցային բանկերի ներգրավմամբ։ Այս համակարգն ԱՄՆ-ին հսկայական լծակներ է տալիս այլ պետությունների նկատմամբ, քանի որ ցանկացած նույնիսկ միջին մեծության կազմակերպության համար ամերիկյան ֆինանսական համակարգի հետ կապերի խզումը հղի է չափազանց ծանր հետեւանքներով։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից դոլարի գերիշխող դերի չարաշահումը եւ տնտեսական պատժամիջոցները որպես արտաքին քաղաքականության հիմնական գործիքներից մեկն օգտագործելու գնալով աճող դեպքերը (2009-2019 թթ. պատժամիջոցների կիրառումն ավելացել է շուրջ 3 անգամ) շատ պետությունների ստիպում են մտածել հնարավոր այլընտրանքների մասին։ Դրանցից մեկը կարող է լինել երկկողմ առեւտրում ազգային արժույթների կիրառումը, ինչը, չնայած առայժմ փոքր ծավալով, արդեն տեղի է ունենում Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ։ Եվրոպական Միությունն Իրանի հետ տնտեսական շփումների իրականացման համար մշակել եւ 2019 թ. հունվարին գործարկել է INSTEX համակարգը, որի միջոցով առաջին գործարքը տեղի է ունեցել 2020 թ. մարտին։ ԱՄՆ-ի կողմից դոլարի գերիշխող դերի չարաշահումը եւ տնտեսական ճնշումների քաղաքականությունը դժգոհություն է առաջ բերում անգամ ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում։ Պատահական չէ, որ 2019 թ. Մեծ Բրիտանիայի ԿԲ նախագահ Մարկ Քարնին կոչ էր արել ձեւավորել միջազգային թվային արժույթ, ինչը հնարավորություն կտա թուլացնել ամերիկյան դոլարի գերակշռող դերը միջազգային առեւտրում։

Այս ուղղությամբ բավականաչափ ակտիվ քաղաքականություն է իրականացնում Չինաստանը։ 2020 թ. ապրիլի վերջին, Կենտրոնական բանկի կողմից ավելի քան 5 տարի իրականացված նախապատրաստական աշխատանքներից հետո, Չինաստանը դարձավ աշխարհի առաջին խոշոր պետությունը, որը փորձարկեց սեփական ազգային թվային արժույթը։ Այս փորձնական ծրագիրն առայժմ իրականացվում է Չինաստանի 4 խոշոր քաղաքներում, սակայն այս փաստը վկայում է, որ Չինաստանն ապագա թվային տնտեսության հիմքերից մեկը համարվող բաղադրիչի մշակման գործում առնվազն մի քանի տարով առաջ է անցել ԱՄՆ-ից։ Թվային արժույթների ակտիվ կիրառումը հնարավորություն կստեղծի աստիճանաբար միջազգային փոխանցումներ կատարելիս հրաժարվել դոլարից եւ ամերիկյան թղթակցային բանկերի ծառայություններից։ Չինաստանը կարող է նաեւ աջակցել «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող պետություններում թվային արժույթի ձեւավորման աշխատանքներին, ինչը հնարավորություն կտա նշված պետություններին երկկողմ առեւտրում աստիճանաբար հրաժարվել դոլարից։

Մի շարք ամերիկյան վերլուծաբաններ կարծում են, որ անընդհատ դիմելով տնտեսական պատժամիջոցների եւ շանտաժի քաղաքականությանը՝ ԱՄՆ-ն ինքն է արագացնում դոլարի՝ որպես համաշխարհային պահուստային արժույթի դերակատարության նվազմանը միտված գործընթացները։ Նրանց կարծիքով, այս իրավիճակում ԱՄՆ-ի կողմից առավել հեռատես ռազմավարություն կլինի «էքստերիտորիալ տնտեսական պատժամիջոցների կիրառումից հրաժարումը» եւ առկա խնդիրները բանակցությունների միջոցով կարգավորելուն ուղղված քայլերը։

Մհեր ՓԱՐՎԱՆՅԱՆ
 Քաղաքական եւ  տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն