Գնահատենք արվածը

Գնահատենք արվածը

Գոհացնել հայ մարդուն, արժանանալ նրա գովեստին, ինչ-որ գործ անել եւ թուքումուրից բացի նաեւ դրական խոսքեր լսել՝ չլսված բան է։ Ուստի մարդիկ, որոնք ինչ-որ առաքելություն ու ծրագիր ունեն, պետք է գլուխը կախ գործ անեն՝ առանց գնահատման ակնկալիքի։ Մեր քաղաքական դաշտում չկան մարդիկ, ում բոլորը սիրում են ու գնահատում, որոնց խոսքն ու գործը հիացմունքի են արժանանում, ում չեն հայհոյում՝ իր արած ու չարած սխալների համար։ Մանավանդ՝ 2018-ից հետո, երբ պարզվեց, որ համընդհանուր սիրո արժանացած, հանրության ձեռքերի վրա իշխանության եկած եւ վարչապետ կարգված Նիկոլ Փաշինյանը չի արդարացնում մեր հույսերը, որ մեր հիացմունքը չափազանցված էր, սերը՝ անհիմն։

Մենք հիմա բոլորս սեւ ակնոց ենք կրում, մեղադրում ու կասկածում բոլորին։ Եվ պետք չէ հույս փայփայել, որ մոտ ապագայում ակնոցը փոխվելու է, կամ հայտնվելու է ուժեղ ու վստահելի մի անձնավորություն՝ առաջնորդ, որը կարողանալու է համախմբել բոլորիս եւ բոլորս գնալու ենք նրա ետեւից։ Չի լինելու՝ սպիտակ ձիու վրա նստած արքայազններ չեն գալու։ Մենք պետք է կարողանանք գնահատել մեր ունեցածը՝ բարձրացնենք ու աջակցենք ասպարեզում գտնվող մարդկանց։ Մանավանդ՝ նրանց, ովքեր զօրուգիշեր ինչ-որ բան են փորձում անել՝ այս իրավիճակը փոխելու, մեր երկրի գահավիժումը կանգնեցնելու համար։ Առաջարկում եմ սկսել Իշխան Սաղաթելյանից։ Մի պահ մոռանանք, որ նա դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ի հանդեպ մենք իրարամերժ զգացումներ ունենք։ Որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ մարզպետ է եղել եւ համաձայնել է ընտրվել ԱԺ փոխնախագահ։ Այո, գուցե լավ կլիներ, որ նրա փոխարեն 1,90 սմ հասակով, Ալեն Դելոնի արտաքինով, մի քանի լեզվի տիրապետող անկուսակցական անձ լիներ, բայց մարդը շուրջ մեկ ամիս չարքաշ աշխատանք է կատարում՝ մեն-մենակ։