Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի ու Հայաստանի թշնամիները պետք է ծնկի գան. Նիկոլ Փաշինյան-2016 թ.

Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի ու Հայաստանի թշնամիները պետք է ծնկի գան. Նիկոլ Փաշինյան-2016 թ.

«Ես նախագիծ եմ ներկայացնելու՝ ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը երբեւէ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյա եղած բոլոր մարդկանց` առանց բացառության, գույքային վիճակը կստուգի ու այդ պաշտոնյաները պետք է նոտարով ստորագրած թուղթ տան, որ իրենք թույլ են տալիս ստուգել իրենց հաշիվները, օֆշորներում ինչ-որ բան կա՞, թե՞ ոչ, շվեյցարական բանկերում ինչ-որ բան կա՞, թե՞ ոչ։ Իրենց հետ կապված զոքանչ, մորքուր, հորքուր, տատիկ, պապիկ հատ-հատ պետք է իմանանք, թե ով որտեղ ինչ ունի եւ ժողովրդին ներկայացնենք։ Ով ուզում է լինի։ Պետք է իմանանք, թե ով ինչ է տարել այս պետությունից, թալանել։ Հերիք է, բոլորս այս ամբիոնից ասում ենք՝ թալանել են, պետք է իմանանք, թե ով է արել։ Հիմա բոլորը մտածում են, որ ՀՀ պատգամավորները թալանչի են...Ուրեմն, լուծումը հետեւյալն է՝ պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով բոլոր պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձնանց ունեցվածքները պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո հանրությունը պետք է որոշի` առանց վենդետաների, առանց գիլիոտինների, առանց կախաղանների, առանց վրեժխնդրության։ Պետք չի որեւէ մեկին, կներեք արտահայտությանս, բոմժ սարքել, բայց պետք չի թողնել, որ ՀՀ-ն բոմժ դառնա։ Հայաստանից գողացվածը պետք է վերադարձվի ու Հայաստանի թշնամիները պետք է ծնկի գան»։

Ի՞նչ եք կարծում` ո՞վ է այս տողերի հեղինակը: Կարող էր, չէ՞, այսօրվա ընդդիմադիր պատգամավորներից մեկը նման առաջարկ անել, որ ստուգեն հատկապես ՔՊ-ական պատգամավորների եւ այլ պաշտոնյաների, հենց իր` Նիկոլ Փաշինյանի եւ նրան փոխկապակցված անձանց ունեցվածքը, որ տեսնենք, թե ով Շվեյցարական բանկում ինչ հաշիվ ունի, կանադաներում ու ամերիկաներում ինչ գույք է ձեռք բերել եւ այլն: Այս 6 տարում ինչպես են հացի կարոտ ՔՊ-ականները օլիգարխներ դարձել: Ընդ որում, ստուգեն ոչ միայն ՔՊ-ական ներկա պաշտոնյաների ունեցվածքը, այլեւ անցյալում աշխատած բոլորի` այդ թվում Հանրապետականների, որովհետեւ շուրջ 6 տարի լսում ենք այդ թալանի մասին, բայց թե ով ինչ է թալանել` ոչ մի ռեալ ապացույց չի ներկայացվում հանրությանը: 

Բայց այսօրվա մեր ընդդիմությունից ոչ մեկը նման առաջարկ չի համարձակվի անել, ինչպես 2016 թվականին անում էր Նիկոլ Փաշինյանը (վերը մեջբերված տեքստը ուղիղ մեջբերում է նրա ելույթից` 2016 թվականին ԱԺ-ում արված): Վախենում են, որ եթե նման առաջարկ անեն, Փաշինյանը, Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանն ու մյուսները կհարձակվեն նման առաջարկ անողի վրա` տեղում սամասուդ կանեն, կծաղրեն, կվիրավորեն, կանպատվեն, իրենց ֆեյքերին ու լրատվամիջոցներին քսի կտան նրանց վրա: Իսկ 2016 թվականին նախկին իշխանությունը հարգալից լսում էր Փաշինյանի ամենաաբսուրդ առաջարկները եւ երբեմն անգամ կատարում դրանք: