«Երեւանիադա». Կարոտի բլյուզ Երեւանի մասին

«Երեւանիադա». Կարոտի բլյուզ Երեւանի մասին

25 տարի առաջ էկրան բարձրացած «Երեւան բլյուզ» ֆիլմը նորից էկրաններին է, բայց այս անգամ՝ որպես «Երեւանիադա», չընդհատված մի երկխոսություն Երեւանի հետ: Ֆիլմի ռեժիսոր, սցենարի հեղինակ Միքայել Պողոսյանի մարմնավորած կերպարը` Հաբեթիկը, 25 տարի անց վերադառնում է էկրան։ Նրա հետ միասին վերադառնում են ֆիլմի այնքան սիրված մյուս հերոսները, ինչպես նաեւ հայտնվում են նորերը։ Այս ֆիլմով Միքայել Պողոսյանը փակում է Երեւանին նվիրված իր եռապատում ֆիլմերի շարքը` «Երեւան բլյուզ», «Երեւան ջան» եւ «Երեւան բլյուզ»՝ 25 տարի անց, կամ «Երեւանիադա»:

25 տարի անց Հաբեթիկի հանդիպումը Երեւանի հետ տեղի է ունենում ՊՆ-ի կիսավեր շենքում: Եվ պատահական չէ, որ գլխավոր հերոսի առերեւսումն այսօրվա իրականության հետ տեղի է ունենում հենց այստեղ` ՊՆ-ի լքված, քարուքանդ շենքում, որը կարծես մեր երկրի այսօրվա վիճակն է խորհրդանշում: 

Անելք լաբիրինթ հիշեցնող շենքի պատերին արված գրառումները փուլ առ փուլ ձեւակերպում են մեր երկրին պատուհասած դժբախտությունները։ Այսպես, օրինակ, «Ապագան՝ ապականված, ներկան՝ թմրած, անցյալը՝ հոգնած, մեզ տանում է ցած», կամ սա` «Թուլացած ամբոխի խելագար հովիվ, խաղաղությո՞ւն էր սա, թե՞ մի նոր կռիվ»: 

Միստիկ կատակերգություն լինելուց բացի, ֆիլմը նաեւ քաղաքական է այնքանով, որ յուրաքանչյուր դրվագում կան քաղաքական անցումներ, ճանաչելի կերպարներ,  աղմկահարույց իրադարձություններին արված անուղղակի հղումներ, ինչպես, օրինակ, թանկարժեք գրիչի պատմությունը, իրար հետեւից փակվող թատրոնների հարցը, ԱԺ-ում ընդդիմություն-իշխանություն՝ շշերով կռիվը, իշխանության հարուցած քրեական հետապնդումները, ինչպես նաեւ, իբրեւ նոր քաղաքական կինո, անկախ Հայաստանի բոլոր առաջնորդների ելույթներն Արցախի ու արցախահայության մասին:

Լքված սենյակներից ամեն մեկը մի դուռ է բացում դեպի մեր իրականություն. դրանցից մեկում` զննող լուսարձակների ներքո, Հաբեթիկին հարց են ուղղում` հների՞ց ես, թե՞ նորերից, ասել կուզի` նախկին իշխանությա՞ն կողմնակից ես, թե՞ ներկա իշխանության, 3-րդ տարբերակ չկա, այլ կարծիք ունենալը նշանակում է լինել անողնաշար, հակադարձելու դեպքում համակարգը հենց քո ողնաշարը կկոտրի: Մեկ այլ սենյակում` մի քանի նախարարությունների միացյալ նախարար Լյուդվիգը դժվարանում է պատասխանել «ո՞վ եք, ի՞նչ եք» հարցին, միայն խնդրում է՝ 2 տարի էլ իրեն դիմանալ, հետո կվերադառնա իր հին գործին` խոզապահությանը: 

25 տարի անց «Երեւան բլյուզի» հերոսներից շատերն են վերադառնում «Երեւանիադա», օրինակ՝ Հնդկաստանի դեսպանը, որ հայտնվում է կադրում ճիշտ այն պահին, երբ հորանջող գնդապետը ռադիոյով լսում է ընդդիմության ելույթն այն մասին, որ մեզ ազգային շահերը վեր դասող առաջնորդ է պետք եւ ոչ թե խրտվիլակ: Մեկ այլ դրվագում տեսնում ենք Դավիթ Հակոբյանի` ոստիկանի հերոսին, որ խորհուրդ է տալիս կամաց հայհոյել, որովհետեւ շուրջդ աչք ու ականջ է: Խորը թմբիրի մեջ, Հոկտեմբերյանում իր օրերն է մաշում ռոք երաժիշտը` Ալաբամայից, ով անընդհատ կրկնում է, որ Հայաստանում ինչ-որ բան «նի տո ա», իսկ ամեն օր վախի ու սարսափի մեջ ապրելը` շատ դժվար: Վախի ու տագնապի մեջ են նաեւ «տըզզ» խաղացող տղամարդիկ, որովհետեւ մշտապես թիկունքից սպասում են հարվածի, պարտադրված խաղ` պարտադրված խաղի կանոններով, որից չի ստացվում փախչել: Սա է մեր վիճակն այսօր:

Ի վերջո, ո՞վ է այսօր հայը, նա՞, ով խոսում է հայերեն, թե՞ ով ամեն օր ճաշին ուտում է տոլմա, հայը պատրա՞ստ է իր անձը զոհել հանուն ազգի... սրանք հարցեր են, որ իր նախորդ` «Հայ հայը» ֆիլմում էլ է Միքայել Պողոսյանն արծարծել. ո՞վ է հայը, ո՞րն է նրա ճանապարհը, որտե՞ղ է նրա հայրենիքը, արդյոք ունի՞ ապագա եւ ի՞նչ է ուզում հայը, որ այսօր հեռացել է իր հավատքից, պատմությունից, մշակույթից, ինքն իրենից։

Արդեն էկրանից Միքայել Պողոսյան դերասանը կրկնում է իր հարցը, որը 2018-ի հեղափոխությունից հետո տվել էր Նիկոլ Փաշինյանին, բայց այս անգամ մի տարբերությամբ` հուսախաբ մարդու դառնությամբ. «Վերջը ժողովրդին կոշիկ հագցրի՞ն....»: Պատասխանը չի ուշանում` դմփ-դմփ-հու-ին փոխարինում է պատերազմի մասին գուժող, ականջ ու սիրտ մաշող՝ համընդհանուր մոբիլիզացիայի ձայնը, կոշիկի փոխարեն մի ողջ ժողովուրդ զինվորական սապոգ է հագնում, որը խլացնում ու կուլ է տալիս անգամ կիթառի ձայնը...:   

Հակոբիկի` Քուչոյի հետ հանդիպումը ֆիլմի ամենաէմոցիոնալ դրվագներից է, Հակոբիկի փոխարեն Հաբեթիկը հանդիպում է Քուչոյի մորը (Աննա Էլբակյան)։ Աչքերը փակ սեւազգեստ մոր պատկերը պատմում է ավելին, որդուն անվերջ սպասող մայրն աչքերը չի բացում, որ Հակոբիկը միշտ տանը մնա, իսկ կորստի մեծ ցավին առերեսված Հաբեթիկին խնդրում է դուռը չփակել` որդին պիտի տուն դառնա..:  

Կարոտը ֆիլմում դառնում է բանալի, որով բացվում են տան դուռն ու չընդհատվող կորուստների շղթան: Եթե «Երեւան բլյուզում» Հաբեթիկն ամեն օր երազում եւ արթմնի թռիչքներ է անում Երեւանի վրայով՝ փորձելով հենց այսպես ընդգրկել այն անչափելի սերը, որ զգում է Երեւանի հանդեպ, ապա 25 տարի անց` «Երեւանիադայում» Հաբեթիկի թե՛ երգն է ընդհատված, թե՛ թռիչքը: Չկա թեթեւասահ քայլքով ու տուֆագույն տներով Երեւանը, չկա քաղաքի տրամվայը, չկա քաղաքի մասին պատմող հիշողությունը:

Մի բան փաստ է՝ ինչ-որ կարեւոր բան պակասել է ու այլեւս չի աշխատում: Հաբեթիկն իր Երեւանն է փնտրում նկարիչ Գագիկ Ղազանչյանի կտավում, տխրում է, չկա վարդագույն քաղաքը, Երեւանը կորցնում է իր հիշողությունը. «Սա Երեւանը չի..., սա էն Երեւանը չի..., ո՞նց կարա մեր Երեւանը լինի, որ մերը չի..., բա ո՞րն ա Էրեւանը..., ո՞ւր է իմ արեւի ու սիրո քաղաքը...»։ Սրանք հարցեր են, որ ստիպում են Հաբեթիկին՝ ֆիլմի 2-րդ մասում շենքից դուրս գալ ու գնալ փնտրելու իր հիշողությունների մեջ ապրող Երեւանը. «Ի՞նչ ա կատարվում մեր երկրում, այսքան ցավ, կորուստ, դառնություն, մարդիկ չարացել են ու չեն հասկանում, որ բոլորիս մեղքերի պատասխանը դու ես տալիս, Երեւան ջան... եթե խոսել իմանայիր, ի՞նչ կասեիր, Երեւան ջան...»` քաղաքի հետ անպատասխան երկխոսում է Հաբեթիկը, որ Երեւանը գտնում է Թամանյանի արձանի մոտ ու հենց այստեղ էլ խոստանում Երեւանի քարակերտ վարպետին, որ «մեր երկրում արեւի ու սիրո պակաս չի եղել, այդպես էլ կլինի»: Իբրեւ հույսի խորհրդանիշ՝ Հաբեթիկը վերջում գտնում է նաեւ իր Հակոբիկին։ Սա կյանքն ապրեցնելու նոր ճանապարհ է, այլ կերպ հնարավոր չէ:

Օպերայի տանիքից Հաբեթիկի ճիչը` ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ հիմա, տուն դառնալու կանչ է, Հայաստան բերող ճանապարհները բաց են. եկեք, բոլորդ վերադարձեք տուն, Երեւանը փոքրացել է, արդեն Հայաստա՛նն է փոքրացել: Ֆիլմն ավարտվում է մեր մեծերի` Թումանյանի, Իսահակյանի, Սեւակի, Նալբանդյանի, Նժդեհի, Կոմիտասի, Չարենցի, Պատկանյանի եւ այլ մեծանուն հայերի կոչ-պատգամներով։ Սա արդեն ֆիլմում հնչում է որպես հոգեւոր մոբիլիզացիա. «Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է գալու մեր փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»: Ֆիլմի վերջաբանն արթնության կոչ է, տագնապի ահազանգ, չկա շարունակություն առանց սիրո, եւ, ուրեմն, սերն է մեզ տուն տանող ճանապարհն ու ափ հանող փրկօղակը: 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ