Ինչպես կարող է Երեւանի ավագանին անվստահություն հայտնել Մարությանին. ինչ է ասում օրենքը

Ինչպես կարող է Երեւանի ավագանին անվստահություն հայտնել Մարությանին. ինչ է ասում օրենքը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանից ազատվելու ցանկությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի էլ փորձում թաքցնել: Իսկ «կարգին» քաղաքապետից ազատվելու պատճառը մեկն է՝ նա անհնազանդություն է դրսեւորել՝ չենթարկվելով Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, եւ մոտ մեկ տարի է՝ նրանց հարաբերությունները խզվել են․ կառավարությունը քաղաքապետարանի հետ գրեթե չի աշխատում։ Լարումը հատկապես ակնհայտ դարձավ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններից հետո, երբ Մարությանը նախապես հայտարարեց, որ ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, եւ որեւէ մասնակցություն չի ունենալու քարոզարշավի ընթացքին։

Մարության-իշխանություն հակասությունների մասին պաշտոնապես հայտարարվեց օրերս․ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, հաստատելով մամուլի բոլոր հրապարակումները, ասաց․ «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ եւ որպես «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներեւ եւ հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»․․․ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ ե՛ւ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաեւ չտուժի քաղաքը եւ քաղաքային իշխանությունը»։

Մարությանից ազատվելու 2 ճանապարհ է քննարկվում։ Նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2023-ին, սակայն Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում նրան այդքան հանդուրժել։ Մի տարբերակն օրենսդրական փոփոխությամբ նոր ընտրությունների կազմակերպման հասնելն է՝ նոր վարչատարածքային բաժանումով Փարաքարը կամ Արգավանդը միացնելով Երեւանին։ Սակայն ավագանու նոր ընտրություններ հայտարարել Երեւանում, որտեղ Փաշինյանի ՔՊ-ն մեծ աջակցություն չի վայելում, վտանգավոր է՝ հնարավոր է ընդդիմությունը հաղթի եւ Երեւան քաղաքը «վերցնի»։ Այժմ քննարկվում է Երեւանի քաղաքապետարանի ավագանու միջոցով Մարությանին անվստահություն հայտնելու տարբերակը։

Ի՞նչ ընթացակարգով են քաղաքապետին անվստահություն հայտնում

Ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Որոշման նախագծում նշվում է ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաեւ այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
Քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծը հանձնվում է քաղաքապետին, ինչպես նաեւ խմբակցություններին: Խմբակցություններն այդ մասին անհապաղ տեղեկացնում են իրենց անդամներին:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը եւս կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով քաղաքապետի այլ թեկնածու:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10։00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը:
Քվեարկությունն անցկացվում է գաղտնի` քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագծով առաջադրված թեկնածուն, իսկ եթե այդպիսի նախագծերը երկուսն են, ապա՝ 2 թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն՝ կեսից ավելին: Գործող քաղաքապետը վայր է դնում լիազորությունները, իսկ նորընտիր քաղաքապետը լիազորությունները ստանձնում է մեկշաբաթյա ժամկետում՝ օրենքով սահմանված կարգով:

Քաղաքապետին անվստահություն հայտնելու առաջարկություն չի կարող ներկայացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ: