Մենք լինելու ենք այն ընդդիմությունը, որն Ազգային ժողովը վերջին տարիներին չի ունեցել

Մենք լինելու ենք այն ընդդիմությունը, որն Ազգային ժողովը վերջին տարիներին չի ունեցել

Հարցազրույց «Հայաստան» դաշինքի անդամ, «Անռիվա» ընկերության հիմնադիր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ

- Դուք ընտրություններից առաջ անդամակցեցիք «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում 18-րդն եք, վերցնելո՞ւ եք մանդատը, գնալո՞ւ եք խորհրդարան։

- Եթե մեր թիմը որոշի, որ վերցնում ենք, միանշանակ՝ ես թիմի հետ հավասար գնալու եմ խորհրդարան, որովհետեւ մենք պետք է մեր պայքարը մինչեւ վերջ տանենք։ Թողնել կիսատ այն, ինչ մենք սկսել ենք, չենք պատրաստվում, որովհետեւ թիմում յուրաքանչյուր անդամ պատասխանատու է, եւ պատասխանատու ենք բոլոր այն մարդկանց համար, որոնք մեզ քվե են տվել, եւ էլ ավելի պատասխանատու ենք այն մարդկանց համար, որոնք մեզ քվե չեն տվել։

- Կիսատ թողնելն ի՞նչ է նշանակում, երեկ Ռոբերտ Քոչարյանը ձեր ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց, որ հերթական արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մեկուկես տարի անց։ Դուք գնալու եք խորհրդարան եւ պայքարելու եք հաջորդ արտահերթ ընտրությունների՞ համար։

- Միանշանակ։ Նախ՝ ես կարծում եմ, որ այս իշխանությունները ցույց կտան, թե ինչի են իրենք ի վիճակի եւ դեպի ուր են տանելու մեր երկիրը, եւ մեր ժողովրդի այն հատվածը, որը մեզ քվե չէր տվել, որը չէր պատկերացնում՝ մենք ուր ենք գնում եւ ինչի կարող ենք հասնել, այդ ժամանակահատվածում տեսնելու են, թե դեպի ուր է տանում այս իշխանությունը մեզ։ Իսկ մենք մեր հերթին պայքարելու ենք եւ ամեն ինչ անելու ենք, որ գոնե որոշակի ոլորտներ կարողանանք կարգավորել, որոշակի խնդիրներ լուծենք, ինչ-որ բան անենք մեր ազգի համար։ Այսինքն՝ այն, ինչ մենք սկսել ենք, այդ պայքարը պետք է մինչեւ վերջ տանենք։

- Դուք ասում էիք, որ Նիկոլ Փաշինյանը եթե ընտրվի, դա կլինի Հայաստանի վերջը։ Հիմա սպասենք մեկ-մեկուկես տարի, թե ինչպես է Հայաստանը կործանվում, եւ ինչպես է ընդդիմությունը կանխո՞ւմ այդ կործանումը։

- Դե, չկանխե՞նք, թողնենք, որ կործանվե՞ն։

- Ինչպե՞ս եք կանխելու Հայաստանի կործանումը ընդդիմադիրի կարգավիճակում, եթե Նիկոլ Փաշինյանը որոշի, օրինակ, տարբեր նախագծեր անցկացնել։

- Նախ պետք է ամեն ինչ անենք, որ այդ ազգակործան նախագծերը չիրականանան, եւ կարծում եմ՝ պետք է հաջողենք։ Իսկ եթե մենք հիմա չգնանք Ազգային ժողով, իրենք կանեն ամեն ինչ, ինչ ցանկանան։ Այս պարագայում գոնե լինելու ենք զսպող ուժ եւ թույլ չենք տալու։ Եվ լինելու ենք ռադիկալ ընդդիմություն, այն ընդդիմությունը, որը երբեւէ Ազգային ժողովը վերջին տարիներին չի ունեցել։

- Ձեր վերջին հավաքին Ռոբերտ Քոչարյանն էլ նման ակնարկ արեց, «Լուսավոր Հայաստանից» ձեզ արձագանքեցին, թե դուք իրենց մեղադրում եք իշխանությունների հետ գործարքի գնալու մեջ, բայց եթե իրենք գործարքի գնային, ձեզ նման կհայտնվեին խորհրդարանում։

- Ես այդ հարցին չպատասխանեմ, ես հիմա ոչ մեկին չեմ մեղադրում, բայց փաստացի ես՝ որպես քաղաքացի, որպես գործարար, տարիներ ի վեր տեսել եմ՝ ինչ է  կատարվում Ազգային ժողովում։ Մենք չենք ունեցել ընդդիմություն։ Եթե մենք ունենայինք ընդդիմություն, գուցե հենց սկզբից իրենք պայքարեին, եւ այսօր մենք չէինք ունենա այն, ինչ ունենք։ Իրենք ոչ մի ձեւով չեն պայքարել։ Միայն խոսելը եւ ամպագոռգոռ բառեր ասելը խորհրդարանի ամբիոնից, չի նշանակում, որ որպես ընդդիմություն՝ պայքարել են։ Ես կարծում եմ, որ համեմատականը՝ մեր եւ իրենց, մի քանի ամիս հետո ակնհայտ կլինի։

- Բայց Դուք կարծես հակված չէիք վերցնել մանդատը՝ Դուք հաջողակ կին գործարար եք, աշխատավարձի, մանդատի, բյուջեի հաշվին ճամփորդելու խնդիր չունեք, ինքներդ եք մարդկանց ուղարկում ճամփորդության՝ Ձեր գործակալության միջոցով, Դուք նաեւ ամենահարուստ կին թեկնածուների ցուցակում էիք, Ձեր ինչի՞ն էր պետք մտնել քաղաքականություն ու դառնալ պատգամավոր, այն էլ՝ այս իշխանությունների օրոք։

- Իսկ ինչպե՞ս ապրել մի երկրում, որտեղ իշխանությունն ինչ ուզում՝ անում է, եւ ուղղակի ընդունել պասիվ կեցվածք։ Ես քաղաքացի եմ ու պատասխանատու քաղաքացի եմ եւ չէի կարող ուղղակի լուռ աշխատել, կամ հիմա, օրինակ, երբ տեսնում եմ, որ շատ գործարարներ իրենց ներուժը փորձում են տեղափոխել դուրս, փորձում են դրսում կայանալ, որովհետեւ շատ հեշտ է բիզնեսը տանել դուրս։ Ես էլ, բնականաբար, եթե նույն գործունեությունն իրականացնեի ցանկացած մեկ այլ երկրում, գուցե շատ ավելիին հասնեի, քան հասել եմ Հայաստանում, որովհետեւ Հայաստանում շատ բարդ է, եւ բիզնես միջավայրը բավականին դժվար իրավիճակներում է գտնվում։ Եվ շատ հաճախ ասում են՝ բիզնեսը պետք է քաղաքականության հետ կապված չլինի, բիզնեսն անկախ է։ Այո, բիզնեսն անկախ է քաղաքականությունից, ես բոլոր իշխանությունների ժամանակ աշխատել եմ։ Ես իմ կարիերան սկսել եմ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներից, շարունակել եմ Սերժ Սարգսյանի օրոք, աշխատել եմ շատ բարեհաջող եւ երբեւէ որեւէ խնդիր չեմ ունեցել եւ նույնկերպ շարունակել եմ Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Այսինքն՝ իմ բիզնեսը, որպես այդպիսին, որեւէ խնդիր չի ունեցել։ Բայց այն արհավիրքները, որ կան մեր երկրում, ուղղակի շարունակել բիզնես անել, ասել՝ ինձ համար ամեն ինչ լավ է, մյուսների համար՝ վատ, ես չէի կարող։ Ես՝ որպես պատասխանատու քաղաքացի, պարտավոր էի իմ ներդրումն ունենալ իմ երկրի կայացման հարցում, որպեսզի հետո ստիպված չլինեմ մեկնել երկրից, իմ բիզնեսը տանել կամ հետո իմ բալիկներին ստիպված լինեմ երկրից տանել։

- Դուք ասում եք՝ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, բայց Ձեզ կմեղադրեն, ինչպես մեղադրում են ՔՊ-ի ցուցակում հայտնված գործարարներին, որ նորից գործարարները մտնում են քաղաքականություն՝ իրենց բիզնեսներն առաջ տանելու համար։

- Ինձ թվում է՝ ինձ ճանաչող յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանում, ինչպես իշխանությունից, նաեւ ընդդիմությունից, լավ գիտեն, որ իմ բիզնեսը շատ լավ ծաղկել է բոլոր ղեկավարների ժամանակ։ Ես խնդիր չունեմ իմ բիզնեսը ծաղկեցնելու կամ պահպանելու՝ ԱԺ գնալով։ Եվ ծաղկել է իմ՝ օրուգիշեր աշխատելու շնորհիվ։ Ես որեւէ պետական գնման չեմ մասնակցել, պետական գործարքների մեջ չեմ եղել, որ ասեմ՝ այս կամ այն իշխանությունից կախված եմ եղել։ Ես աշխատել եմ մասնավոր սեկտորում, գործարարների հետ, աշխատել եմ ՀՀ քաղաքացիների հետ։ Երբեք իմ բիզնեսը կախված չի եղել քաղաքականությունից։ Բայց մենք չենք կարող տարանջատել, որովհետեւ, երբ որ երկրում գոյություն ունի քաղաքական վերիվարումներ, բիզնեսը հանգիստ չի լինում։ Օրինակ՝ նույն հեղափոխության օրերին․ մենք բավականին մեծ վնաս կրեցինք, երբ մարդիկ փողոցում էին։