«Հրապարակ». Տարօրինակ քարոզարշավ

«Հրապարակ». Տարօրինակ քարոզարշավ

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը երկու օր է՝ լրագրողների ուղեկցությամբ մարզերով պտտվում է, հանդիպումներ ունենում ժողովրդի հետ:

«Կոնկուրենտ ֆիրմայի» առաջնորդ Արթուր Վանեցյանն էլ մեկնել է Մոսկվա՝ Վլադիմիր Սոլովյովին է հարցազրույց տվել։ Բայց թիմը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված եւ անգամ չընդգրկված մարդիկ, օրինակ՝ Սերժ Սարգսյանը, քաղաքներով ու փողոցներով են շրջում, մարդկանց հետ շփվում։ Միայն տարբերությունն այն է, որ Քոչարյանի քարոզչական թիմը լրագրողներին տանում է իր հետ, ամեն պայման ստեղծում, որ լայնորեն լուսաբանվի իրենց քարոզարշավը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը, լրագրողներին չեն հրավիրում, եւ անգամ երբ դիմում ենք, ուզում ենք մեր միջոցներով մեկնել ու լուսաբանել քարոզարշավը, մերժում են։ Նրանց միայն իրենց նկարահանող խումբն է ուղեկցում, որը հետո մոնտաժում է եւ պատրաստի տեսանյութեր տրամադրում- հրապարակում։ Դրանք հիմնականում Սարգսյան-Փաշինյան հեռահար բանավեճի, սպառնալիքների ու փոխադարձ վիրավորանքների թեմայով են։ Հին ոճը, երբ Բաղրամյան 26-ի դռները մոտ 10 տարի փակ էին անկախ լրագրողների համար, եւ Սերժ Սարգսյան նախագահի այցերն էլ անհասանելի էին մեզ, փաստորեն, նույնն է մնացել։ Ինչի՞ց են զգուշանում, ոչ ոք չգիտի։ Երեւի մտածում են՝ գնալու ենք «իրենց տոնը փչացնենք»։

Երեկ մեր ջանքերը՝ ստանալ որեւէ բացատրություն, թե ինչու չենք կարող ներկա գտնվել եւ լուսաբանել Սերժ Սարգսյանի շրջայցերը, անհաջողության մատնվեցին։ Բոլորը, ում հետ խոսեցինք, մեկը մյուսի վրա էր գցում։