Նիկոլ Փաշինյանի ամանորյա խոստովանությունը

Նիկոլ Փաշինյանի ամանորյա խոստովանությունը

Ոսկին փայլում է նույնիսկ ամենակեղտոտ ցեխափոսում: Սակայն ցեխն էլ է երեւում անգամ ամենաազնիվ ոսկու կարասում: Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ Նիկոլ Փաշինյանի՝ Չարենցի եւ Թումանյանի մեծարմամբ համեմված ուղերձում ակնառու էր մեր կիսամեռ գոյության նկարագրությունն ու ուղերձի հեղինակի խոստովանությունը՝ թավշյա իշխանությունը դժբախտացրել է Հայաստանի քաղաքացիներին ու մոռացել Արցախի մասին:

2018 թվականի վերջում հեռարձակված Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների ուղերձը Նիկոլ Փաշինյանն ավարտեց այսպես. «Կեցցե՛ Ազատությունը, կեցցե՛ Հայաստանի հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ եւ երջանիկ Հայաստանում»: Այդ պահին Նիկոլ Փաշինյանը «յոթ ամսական» վարչապետ էր եւ փաստորեն ասաց, որ նախկիններն են մեղավոր, որ այսօր ազատ եւ երջանիկ Հայաստանում ենք ապրում: Շնորհավորեց նաեւ Արցախի քաղաքացիներին:
Ազատ եւ երջանիկ Հայաստանի մասին մեջբերված այս նախադասությունը Նիկոլ Փաշինյանը կրկնում է ոչ միայն Ծնննդյան տոների, այլ նաեւ այլ առիթներով ուղերձներում: Օրինակ՝ 2018 թվականին օգոստոսի 25-ին «Գյումրու օր-2019» տոնական համերգի ժամանակ կամ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 23-ին Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի կապակցությամբ ուղերձում կամ 2020 թվականի փետրվարի 6-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ եւ այլն:

Այսօրվա եւ վաղվա ազատ եւ երջանիկ կյանքի մասին նախադասությունն ու Արցախի հիշատակումը կար նաեւ Նիկոլ Փաշինյանի 2019 թվականի Ծննդյան տոների ուղերրձում:
2020 թվականի Ծննդյան տոների ուղերձում՝ 44-օրյա պատերազմից, պարտվել-կապիտուլացվելուց մեկուկես ամիս անց, պարտությամբ հպարտ Նիկոլ Փաշինյանն արդեն չէր խոսում ազատ եւ երջանիկ այսօրվա ու վաղվա մասին, Աստվածաշնչից (Նոր կտակարանից) մեջբերում էր Լեռան քարոզը. 
- Երանի՜ սգավորներին, որովհետեւ նրանք պիտի մխիթարվեն։
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետեւ նրանք պիտի հագենան: 
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն:
- Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետեւ նրանցն է երկնքի արքայությունը:
Այդ ժամանակ էլ Արցախի անունը տվեց ու հետո պնդեց, որ 2021-ը մեր նոր դարաշրջանի մեկնարկն է, մեր ազգային, պետական վերածննդի տարի:
2021 թվականի Ծննդյան տոների ուղերձում էլի չկար ազատ եւ երջանիկ կյանքի մասին նախադասությունը: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց խմել ազատ, խաղաղ, վերածնվող եւ վերակառուցվող Հայաստանի ու Արցախի կենացը:

2022 թվականի Ծնննդյան տոների ուղերձում Արցախը չկար, կար Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ուղերձն ամփոփեց այսպես. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: 

Այսինքն, խոստովանեց, որ այսօր մենք ազատ եւ երջանիկ չենք: Ընդ որում, եթե 2020 եւ 2021 թվականների ուղերձներում ազատության եւ երջանկության մասին ոչ մի խոսք չկար, հիմա Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասում է՝ 2018-ին երբ բազմեցի Հայաստանի վարչապետի աթոռին, Հայաստանն ազատ եւ երջանիկ էր ու կար Արցախ, հիմա Հայաստանն ազատ եւ երջանիկ չէ ու չկա Արցախ, կա Լեռնային Ղարաբաղ: 

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ թավշյա իշխանությունը դժբախտացրել է Հայաստանի քաղաքացիներին ու մոռացել Արցախի մասին: Խոստովանությունը քրիստոնեական խորհուրդ է: Աշխարհիկ կյանքում սա այլ անուն ունի՝ մեղայական, հանցանքի խոստովանություն: Իսկ հանցանքի խոստովանությունը շարունակություն է ունենում: Եթե ոչ այսօր, ապա վաղը: Բայց ունենում է:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ