Որն է Հայաստանի ընդդիմության թիվ մեկ եւ միակ օրակարգային հարցը

Որն է Հայաստանի ընդդիմության թիվ մեկ եւ միակ օրակարգային հարցը

«Հրապարակը» գրել էր, որ հոկտեմբերի 12-ին Ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։ Քննարկման ժամանակ Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով:

Բավական տեւական դադարից հետո Ազգային կոմիտեի մոտ «կենդանության նշաններ» են ի հայտ եկել, դա նույնիսկ կարելի է ուրախալի գնահատել։ Սակայն միաժամանակ նաեւ՝ բավականին տարօրինակ զգացողություն է մարդն ունենում, երբ կարդում է նույն հաղորդագրության երկրորդ մասը։ Ըստ այդմ․ «Քննարկումն ընթացել է հետեւյալ հարցերի շրջանակում. 1. Արտաքին եւ ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքներ։ 2. ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններն ազգային խնդիրների լուծման եւ անվտանգության սպառնալիքների դիմակայման գործում։ 3. Ընդդիմադիր շարժումների գնահատականը եւ հանրային պահանջներն ընդդիմությունից։ 4. Ընդդիմադիր նոր շարժման գաղափարական հայեցակետեր եւ գործառնական առաջարկություններ։ 5. Ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզեր, սկզբունքներ եւ եղանակներ։ 6. Ազգային կոմիտեի վերակազմակերպում ու ընդդիմադիր շարժման նոր ձեւաչափի սահմանում։
Քննարկման մասնակիցները, իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ, նաեւ մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով»։

Չեմ ուզում ընդդիմությանը փնովողի տպավորություն թողնել, սակայն կարծում եմ, որ Ազգային կոմիտեն չի հաջողելու։ Առհասարակ, մեր (եւ ոչ միայն մեր) ժամանակակից իրականության մեջ ազգային կոմիտեները եւ նման այլ ֆորմատներն ու քննարկումներն այլեւս անցյալ են կամ անցյալից մնացած արխաիկ վերապրուկ ու չեն կարող կենսունակ լինել։ Առավել եւս՝ ժամանակավրեպ է նման քննարկումներ անցկացնելը։ Կներեք, Ազգային կոմիտեն ինտելեկտուալ մտավարժանքների ակո՞ւմբ է, թե՞ քաղաքագիտական դասախոսությունների հարթակ, որ քննարկում է կազմակերպում՝ համարյա դասագրքային թեմաներով։ Եթե ընդդիմությունը, կարեւոր չէ՝ դա խորհրդարանական տիտղոսակիր ընդդիմությունն է, թե արտախորհրդարանականը, կարծում է, որ հայաստանյան քաղաքական դաշտում ունի անելիք, ապա նրա թիվ մեկ եւ միակ օրակարգային հարցը պետք է լինի իշխանության գալը։ Այլապես՝ սեփական կաբինետում տաք ու հարմար նստած Նիկոլ Փաշինյանի պարագայում քննարկել Հայաստանի ապագա իշխանությունների հրատապ անելիքները ․․․ բլա, բլա, բլա ․․․․ «իյա, իրո՞ք»՝ կասեր դասական շախմատի գրոսմայստերը, էդ հո ձուկը ջրում բազար անել է նշանակում։

Լավ խոսք կա, ասում է․ «Ուզում ես որեւէ գործ կամ ձեռնարկ տապալել, խորհուրդներ ու հանձնաժողովներ ստեղծիր», այս պարագայում`կոմիտե։ Ընդդիմությանը, ուրեմն, պետք են ոչ թե անցյալ դարի վերջի հասարակական-քաղաքական ընկալումների հանգույն կոմիտեներ՝ լինեն դրանք ազգային, ժողովրդական կամ դդմի մուրաբա սիրողների, այլ ուժեղ եւ խարիզմատիկ առաջնորդ, ով կկարողանա միջին վիճակագրական հայաստանցուն հասկանալի լեզվով եւ ընկալումներով ներկայացնել իրավիճակը, իր անելիքները եւ մնացած բաները: Կկարողանա՞ «արթնացնել» հասարակությանը, համախմբել իր շուրջը եւ հասնել նրան, որ ընդունելի ֆիգուր նկատվի գոնե մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի մոտ, եւ անցնել գործի։ Թե չէ՝ ի՜նչ Ազգային կոմիտե, ի՜նչ քննարկում կամ ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթություններ ․․․ նույնիսկ ծիծաղելի կարող է հնչել, եթե այսքան ողբերգական իրավիճակի մաս չլիներ։