Ո՞վ է Ազնավուրի արձանի հեղինակը

Ո՞վ է Ազնավուրի արձանի հեղինակը

Հայազգի մեծանուն երգիչ, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երեւանի քաղաքապետարանը դեռեւս անցած տարի հայտարարեց հուշարձանի համար բաց մրցույթ, բայց ներկայացված 37 հայտ էսքիզներից եւ ոչ մեկը չընտրվեց: Դրանից հետո հայտարարվեց նոր մրցույթ, իսկ քաղաքապետարանն էլ տեղի տվեց քննադատություններիի ալիքին եւ կատարեց արձանի տեղադիրքի փոփոխություն՝ Ֆրանսիայի հրապարակից կանգ առնելով Ազնավուրի անվան հրապարակի վրա` «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ:

Օրեր առաջ նոր մրցույթի արդյունքները եւս ամփոփվել են: Ընդհանուր առմամբ, ստացվել է 60-ից ավելի հայտ, մրցույթին մասնակցել են նաեւ արտերկրից, իսկ ներկայացված մանրակերտերի տարբերակները գերազանցում են 100-ը: 

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ հայտերի ցուցադրությունը: Տարբերակներն անանուն էին ներկայացվել: Ներկա էին նաեւ մրցութային հանձնաժողովի անդամները, որի կազմում են Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը (հանձնաժողովի նախագահ), քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը, Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, ոլորտի մասնագետներ՝ նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ: 

Տարօրինակ է, որ հանձնաժողովի անդամները 60-ից ավելի հայտերին պետք է ծանոթանային հենց տեղում ու միանգամից էլ ընտրություն անեին: Հանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանից հետաքրքրվեցինք՝ մասնագիտական առումով դժվար չի՞ լինի, առանց նախապես հայտերին հանգամանորեն ծանոթանալու, տեղում կողմնորոշվել ու ընտրել այն արձանը, որն արժանի է Ազնավուրին։ «Դժվար է, բայց կփորձենք: Նաեւ մի քանի առաջարկներ կանեմ ժողովի ժամանակ, եթե ընդունվի, կփորձենք այս խայտաբղետ միջավայրում գտնել լավագույնին»: 

Համեմատած 1-ին փուլի արդյունքների հետ, ինչպե՞ս է գնահատում 2-րդ փուլի արդյունքները, որտեղ ներկայացված հայտերը կրկնակի ավել են, ներկայացված գործերում կա՞ որակական աճ։ «Փոփոխություններ կան, եւ այս քանակը փաստում է, որ թեման արդի է, հետաքրքրական, եւ մեր արվեստագետներն էլ սիրով մասնակցել են: Կան հեղինակներ, որոնք հետաքրքիր լուծումներ են տվել, եւ հուսով եմ՝ ժողովի ընթացքում կկարողանանք գտնել այն ճիշտ որոշումը, թե որ քանդակը պետք է տեղադրվի»: 

Ս. Սաֆարյանը կարծում է, որ Ազնավուրի համար այդքան բարձր պատվանդաններ հարկավոր չեն. «Տարբեր լուծումներ կան, տարբեր մոտեցումներ Ազնավուրի կերպարի նկատմամբ, բայց, կարծում եմ, պետք է լինի այնպիսի կոմպոզիցիոն աշխատանք, որը կինտեգրվի «Կինո Մոսկվայի» հարակից տեղանքում, որպեսզի մարդիկ կարողանան մոտենալ եւ քանդակի հետ սերտ շփում ունենալ»:     

Ճարտարապետության պրոֆեսոր Կարեն Բալյանն ասում է` լավ է, որ գոնե արձանի տեղադրման վայրը փոխվեց, քանի որ Ֆրանսիայի հրապարակը բոլորովին նպատակահարմար չէր, ու չէր կարելի ստալինյան այդ առանցքի վրա Ազնավուրի արձանը դնել. «Իսկ այս հրապարակում արդեն իմաստավորված է: Ինձ համար մի բան է պարզ, որ պետք է լինի Ազնավուրի մարդկային, հանգիստ կերպար, ես նույնիսկ պատվանդան չէի ուզի տեսնել: Այլ բան է, որ խնդիրն այստեղ շատ բարդանում է, հատկապես երբ քանդակը մարդկանց մեջ ես բերում, առաջանում է չափի խնդիր, եթե դու անում ես իր բնական չափերի մեջ, ինչպես «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների քանդակն է, դառնում են լիլիպուտային, որը չի կարելի անել, քանի որ կորցնում է մասշտաբը: Սա խնդիր է եւ պետք է մանրամասն նայվի, համեմատվի, գնահատվի: Կան լուծումներ, որ պատվանդանից իջեցված է Ազնավուրը, ու դա, իմ կարծիքով, ամենաճիշտ լուծումն է»:

Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ նկատեց, որ 2 գերխնդիր կա. ինքնին արձանը` իր գաղափարով հանդերձ, եւ արձանի դիրքը, չափերը: Ըստ նրա՝ 1-ին փուլում կային ներկայացված հաջող գործեր, բայց տեղադիրքն անընդունելի էր, դրա համար մերժվեց, ու արվեց նոր մրցույթ` փոփոխված տեղադիրքով:     

Ընդհանուր առմամբ, հանձնաժողովի անդամները խուսափում էին կարծիք հայտնել, նախ` քանի որ իրենք էլ, ինչպես լրագրողները, նոր էին ծանոթանում ներկայացված գործերին, եւ հետո` ակնհայտ էր, որ շփոթված են ու, մեղմ ասած, դժգոհ ներկայացված աշխատանքների գեղագիտական լուծումներից, բայց քննարկման գնալուց առաջ հանձնաժողովի նախագահ Տիգրան Ավինյանն ակնարկեց, որ ինչ էլ լինի, պետք է մի որոշում կայացնեն. «Ինձ թվում է՝ այսօր մենք միասին կքննարկենք ու կգանք վերջնական որոշման, քանի որ կարեւոր է ինչ-որ փուլում մի որոշում կայացնել»: 

Ի վերջո, փակ դռների հետեւում հանձնաժողովը որոշում կայացրեց եւ իր նախապատվությունը տվեց քանդակագործ Դավիթ Մինասյանի ներկայացրած արձանին, որտեղ Ազնավուրը պատկերված է թաշկինակը ձեռքին, իր հայտնի երգի կերպարի մեջ` շրջապատված աներեւույթ հանդիսատեսի ծափահարող ձեռքերով: Նկատենք, որ Դավիթ Մինասյանը նաեւ Արամ Մանուկյանի հուշարձանի հեղինակն է, որը ժամանակին մեծապես քննարկվեց ու քննադատվեց տրված լուծումների համար։ Թե ինչ ճակատագրի կարժանանա Ազնավուրի արձանը, ցույց կտա ժամանակը: Պարզ է միայն, որ սա էլ վերջնական լուծում չի եղել, եւ հանձնաժողովականներն ընտրել են այն` հետագայում որոշակի փոփոխություններ անելու պայմանով: