Վարդանյանի ձերբակալությունն ու Նիկոլի կրակելու հրամանը

Վարդանյանի ձերբակալությունն ու Նիկոլի կրակելու հրամանը

Սահմանն անցնելիս ադրբեջանցիները ձերբակալել են գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան կողմը Բաքվին հորդորել էր համաներում իրականացնել, ինչ մասին դժվար թե Վարդանյանը տեղյակ չլիներ, դրան չսպասելու և Արցախը լքելու նրա քայլը համարում եմ գիտակցված: Այսինքն՝ իր կյանքի անվտանգության գնով մի վերջին անգամ աղմուկ բարձրացնել միջազգային մեդիայում: Եվ եթե ենթադրությունս ճշմարիտ է, ինչը շատ շուտով կերևա, ապա Վարդանյանի վարքագիծը մեկ անգամ ևս ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի իրական ղեկավարը: Բնականաբար, ի հակադրություն Արցախից թաքնված փախուստ տված նախկին «կամանդուշչի Սյամոյի»: 

Այս առումով ուզում եմ հիշատակել Վազգեն Սարգսյանի՝ պաշտպանության նախկին նախարարի և նախկին վարչապետի անունը: Նրա նկատմամբ ով ինչ վերաբերմունք էլ ունենար՝ բոլորն ընդունում էին, որ պատերազմի ժամանակ ինքն էր միակ «գեներալը», մնացածը զինվորներ էին: Չեմ հիշում, թե ով է դա ասել, բայց ավելացնեմ, որ նրա սպանությունից հետո բոլորը դարձան գեներալներ: 2018-ի ապրիլյան իրադարձությունների օրերին ևս առկա էր միակ առաջնորդը, ով ողջ պատասխանատվությունը վերցրել էր իր վրա: Իհարկե, ի տարբերություն Վազգեն Սարգսյանի, նրա դիմաց կանգնած էին ոչ թե թշնամու զինվորները, այլ այդ պահին վճռականություն հանդես չբերած Սերժ Սարգսյանը: Բայց դե փաստը մնում է փաստ. այդ օրերին Նիկոլը զարմանալիորեն չխուսափեց զանգվածներին մինչև վերջնական հաղթանակ առաջնորդելու պատասխանատվությունից: Իսկ վերջին երեք տարվա ընթացքում, ի դժբախտություն մեր ժողովրդի, այդպես էլ չգտնվեց երկիրը Նիկոլից ազատելու ընդունակ՝ շարժման առաջնորդ:

Այդ առումով բնորոշ է «Հրապարակ»-ի տեղեկատվությունը. կայքը գրում է, որ սեպտեմբերի 27-ի հանրահավաքը չեղարկելու պատճառը ոչ այնքան արցախցիներին օգնություն մատուցելու  պատրաստակամությունն էր, այլ Ազգային կոմիտեում վերջին օրերին առաջացած լուրջ տարաձայնությունները: Կոմիտեի անդամները մեղադրել են մեկմեկու, չեն եկել ընդհանուր հայտարարի, ինչն էլ դարձել է հանրահավաքը հետաձգելու պատճառ: Համաձայնվելով դրան՝ ավելացնեմ, որ հանրահավաքը հետաձգելու պատճառ կարող էր լինել նաև սեպտեմբերի 27-ին գնահատական տալուն պատրաստ չլինելը:

Այսինքն, դատապարտելուց բացի ընդունել թե ոչ այդ օրը սկսված պատերազմի արդյունքները: Բայց ինչ էլ լինեն պատճառները՝ դրանք պետք է ներկայացվեին նախորդ հանրահավաքում: Որպեսզի մարդիկ տեսնեին Նիկոլի և Ազգային կոմիտեի անդամների վարքագծերի տարբերությունը: Որպեսզի կոմիտեի հրապարակած վերջին տեքստի նկատմամբ չդրսևորվեր որևէ կասկածամտություն:  

Ինչ մնում է ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձի կողմից արյուն հեղելուն, ապա այդ պատճառաբանությամբ պատասխանատվություն չվերցնելը հավասարազոր է պարտության: Կամ էլ փողոց դուրս եկած մարդկանց նորից տուն ուղարկելուն: Ինչը նշանակում է, որ ընդհանրապես սխալ էր նրանց կրկին փողոց հանելը: Եվ եթե կոմիտեում համարում են, որ հաջողության երաշխիքներ ունենալու համար փողոց պետք է դուրս գա 100 հազար մարդ, ապա սխալվում են: Որովհետև, նախ, դժվար թե այդքան մարդ դուրս գա, եթե հաշվի առնենք, որ 10 օր առաջ բացարձակ անվտանգ քվեարկությանը «Մայր Հայաստան» դաշինքին ձայն է տվել ընդամենը 36 հազար երևանցի ընտրող: Եվ երկրորդ, Նիկոլի վիճակում գտնվող և նրա նման անձը կրակելու հրաման կտա՝ եթե նույնիսկ այդքան կամ նույնիսկ կրկնակի բազմություն հավաքվի հրապարակում: Որովհետև պաշտոնից զրկվելու դեպքում կզրկվի ամեն ինչից: