Համախմբմա՞ն, թե՞ առաջնորդի պահանջ

Համախմբմա՞ն, թե՞ առաջնորդի պահանջ

Սեպտեմբերի 14-ի գիշերային բողոքի ցույցից առաջ Իշխան Սաղաթելյանը հեղինակավոր անձանց, այդ թվում՝ ՀՀ երեք նախագահներին, առաջարկել է հավաքվել եւ խելք-խելքի տալ՝ իրավիճակից ելք գտնելու նպատակով: Գիշերային հանրահավաքը կարող էր ժամանակավրեպ դարձնել այդ գաղափարը, բայց այդպես չեղավ: Ենթադրում եմ, որ այն նորից հրապարակ կնետվի, ինչպես եղել է նախկինում: Ասեմ, որ առաջարկն ինքնին վատը չէ: Որովհետեւ նման համախմբմամբ լուծվում է թե՛ ժամանակին Հայաստանը ղեկավարած անձանց եւ թե՛ նրանց համակիրների կարողությունների լավագույնս օգտագործման խնդիրը: Բայց կա մեկ այլ խնդիր՝ 2-րդ եւ 3-րդ նախագահները, այսպես թե այնպես, համագործակցում են, իսկ 1-ին նախագահն իր «վիրտուալ» բարձրությունից իջնելու ցանկություն չի դրսեւորում: Նրա համախոհներն էլ առիթը բաց չեն թողնում՝ 2-րդ եւ 3-րդ նախագահներին այս կամ այն կերպ հարվածելու համար: Էլ չասած, որ 1-ին նախագահի թիմի անդամներն անընդհատ համալրում են Փաշինյանի իշխանության շարքերը: Ճիշտ է, այդ քայլից հետո նրանց դավաճան են համարում, բայց դա չի նպաստում, որպեսզի այդ գործընթացը կանգ առնի: Այնպես որ՝ խիստ կասկածելի է, որ հարգարժան Իշխան Սաղաթելյանի գաղափարն ամբողջությամբ կյանքի կկոչվի:

Անկեղծ ասած, ես 1-ին նախագահին հասկանում եմ. մարդը ղարաբաղյան շարժման ալիքով իշխանության գալով՝ որոշ ժամանակ անց հրաժարվեց «Միացում» կարգախոսից: Ու հրաժարական չներկայացրեց: Իր հեղինակությամբ թույլ չտվեց նաեւ ճանաչելու Արցախի Հանրապետությունը, երբ այն հռչակվեց որպես այդպիսին՝ փոխանակ միացվեր մայր Հայաստանին: Ու անընդհատ զգուշացնում էր, որ այն, ինչ մերժում էր իր բնորոշած «ղարաբաղյան կլանը» նախորդ դարի 90-ականների վերջին, երանի կտանք ինչ-որ ժամանակ անց: Հետո հիմարացված բազմությունն իշխանության բերեց նրա հոգեզավակին, եւ այդպես իրականացավ 1-ին նախագահի կանխատեսումը: Թեեւ նրա նախկին հոգեզավակն իր կողմից արժանացավ «ազգակործան պատուհաս» բնորոշմանը, բայց, ինչպես երեւում է, դա բավարար չէ, որպեսզի 1-ին նախագահը, հանուն պետության փրկության, համագործակցի «ղարաբաղյան կլանի» եւ իր կողմից արգելված կուսակցության ներկայացուցիչների հետ: Այնպես որ, այդ հարցը կարելի է փակված համարել եւ այլեւս չվերադառնալ դրան:

Անցնենք հեղինակավոր քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների հավաքվելուն եւ խելք-խելքի տալուն: Բայց, դժբախտաբար, կրկին պետք է մի փոքր հիասթափեցնեմ ընկեր Իշխանին: Որովհետեւ այսօր ընդդիմությունը չունի երկար-բարակ խորհրդածելու հնարավորություն: Եվ միաժամանակ առկա չէ լուծումների բազմազանություն, որոնցից պետք է ընտրվի լավագույնը: Այն իրավիճակից, որում այսօր գտնվում է մեր երկիրը, կա ընդամենը մեկ ելք. գործող իշխանության հեռացում՝ լինի ինքնակամ, թե պարտադրանքով: Որովհետեւ, եթե իշխանությունն ի վիճակի չէ ադեկվատ պատասխանել այսօրվա մարտահրավերներին, ապա պետք է տեղը զիջի մեկ այլ ուժի: Այն ուժին կամ ուժերի միավորմանը, որն ունակ կլինի համապատասխան արձագանք տալ դրանց: Ինչը (գործող իշխանության անընդունակությունը), ի դեպ, բացահայտ երեւաց թշնամու ագրեսիայի պայմաններում Ազգային ժողովում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթից: Բայց քանի որ այդ անձին եւ նրա կամակատարներին (մեղմ ասած) հետաքրքրում է ոչ թե հայրենիքի անվտանգությունը, այլ սեփական աթոռների ապահովությունը, ապա վարչապետի պաշտոնից Փաշինյան Նիկոլի ինքնակամ հեռացումն իրատեսական չէ: Ինչպես ցույց տվեց կյանքը, իրատեսական չէ նաեւ ԱԺ պատգամավորների կողմից նրան անվստահություն հայտնելու ձեւաչափը: Այնպես որ, մնում է պարտադրանքը: 

Նախորդ հոդվածում անդրադարձել էի պարտադրանքի իրականացման մեխանիզմին․ երբ ժողովուրդն ակտիվանում է՝ ստիպելով նույնն անել ընդդիմադիր քաղաքական գործիչներին: Եվ հիշատակել էի ստվերային կառավարության անհրաժեշտության մասին: Անգլիական այդ ավանդույթը ծագել է պառլամենտարիզմի պայմաններում, եւ առաջին հայացքից տեղին չէ դրան հետեւելը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հեռացնելու հարցում: Բայց մեր աննորմալ իրավիճակը պահանջում է այն անհատի հայտնվելը, ով իր վրա պատասխանատվություն կվերցնի՝ բողոքավոր զանգվածներին առաջնորդելու: Ինչպես նաեւ նրա թիմի անդամների հայտնվելը, որոնց համեմատությունն այսօրվա նախարարների հետ ցույց կտա գործողների անհամապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին:

Իսկ այդ համեմատությունը միշտ էլ տեղի է ունենալու: Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարությանը, թե վարչապետի իրենց թեկնածուի անունը կհայտարարվի այն ժամանակ, երբ անվստահություն հայտնելու ձեւաթղթի վրա լինեն անհրաժեշտ բոլոր ստորագրությունները, ապա դա լավագույն գաղափարներից չէ: Որովհետեւ նույնիսկ 44-օրյա պատերազմում մեր խայտառակ պարտությունը չկարողացավ պառակտել ՔՊԿ-ականների խմբակցությունը: Եվ մի քանի հոգու դուրս գալն այդ խմբակցությունից վկայեց ընդամենը այդքան գիտակից մարդկանց առկայությունն այդտեղ:

Այնպես որ՝ ժամանակն է, որ ընդդիմությունը կողմնորոշվի եւ կատարի անհրաժեշտ քայլը: Ինչը, ինչպես ցույց տվեց սեպտեմբերի 14-ի գիշերային ընդվզումը, կունենա վճռական ազդեցություն Նիկոլին հեռացնելու հարցում: Ցանկանա, թե ոչ, բայց ընդդիմությանը մնում է հավաքվել շատ ավելի նեղ խմբով եւ կողմնորոշվել այդ գործընթացը ղեկավարողի ընտրության հարցում: Կամ էլ այս անգամ եւս հետեւել պետության կործանման հերթական շրջափուլին եւ չիմանալ, թե ինչ է պետք անել հաջորդ պահին: Ի դեպ, հենց հանրահավաքի մասնակիցներն են բարձրացրել առաջնորդի խնդիրը. բայց դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե մեկ այլ անձ՝ ընդդիմության որոշելիքն է: Կամ էլ պետք է սպասենք այնքան, մինչեւ բողոքավոր զանգվածի միջից մեկը հայտնվի որպես առաջնորդ: