Պարզ է, չէ՞, որ այսօրվա ղեկավարության համար 18-20 տարեկան էրեխեն ուղղակի մսաղացի մատերիալ է

Պարզ է, չէ՞, որ այսօրվա ղեկավարության համար 18-20 տարեկան էրեխեն ուղղակի մսաղացի մատերիալ է

«Հրապարակի» զրուցակիցն է արցախցի ազատամարտիկ Աշոտ Սեւյանը:

- Սանձազերծած պատերազմով Ադրբեջանն ի՞նչ նպատակներ էր հետապնդում:

- Ինչքան հիշում եմ, ժամանակ առաջ տվածս հարցազրույցում ես շեշտել էի, որ Քարվաճառում կուտակումներ են, որ Քարվաճառից խփելու են Ջերմուկին, Կրասնոսելսկին, Վարդենիսին: Ու, եթե չեմ սխալվում, դեռեւս երկու տարի առաջ այն ամենը, ինչ հիմա կատարվում է, այդ վտանգները ներկայացրել էի: Բայց, ի դժբախտություն Հայաստանի Հանրապետության, մարդիկ լուրջ չէին ընդունում: Ի դժբախտություն մեզ, կտրելու են Ջերմուկը, Սյունիքն ամբողջապես Ջերմուկով կտրելու են, մասնատելու են ու դրանից հետո իրենք իրենց միջանցքը սարքելու են:

- Շատերի համար անհասկանալի է, թե թշնամին ինչու է ուզում գրավել Ջերմուկը:

- Ջերմուկը միակ կարճ ճանապարհն է՝ Նախիջեւանին միանալու համար: Ով ասում է, թե Ջերմուկն ինչներին է պետք, աշխարհագրության գիրք տվեք՝ թող քարտեզով նայեն, թե Ջերմուկից Նախիջեւան ինչ կարճ ճանապարհ է: Իսկ Կրասնոսելսկին խփելու մասով ես երկու տարի առաջ էլի ասել էի՝ հայերը Սեւանի մյուս ափը վիզայով են մտնելու՝ որպես օտար պետություն: Էլի լուրջ չէին ընդունում, խնդրեմ, հիմա Շորժան է` Վարդենիսի աջ ափը մարդիկ կտրել են:

- Այսինքն՝ այս պրոցեսն անդառնալի՞ է, հնարավոր չէ՞ հետ բերել:

- Այդ պրոցեսն անդառնալի չէ, եթե ունենանք ոչ թե պատմության դասատու Պնախարար, այլ զուտ հայրենասեր ու գաղափարակից նախարար: Ես միշտ ասել եմ ու ասում եմ՝ ես ոչ մի այսօրվա գեներալիտետի, սրանց սրիկաների կուտոկին հայ չեմ համարում, ՊՆ-ում բոլորին կարելի է համարել, որ նիկոլական են՝ բոլորը: Այսօր գալիս եմ ու տեսնում, որ Ջերմուկի տռասին զորքը լցրել են, ինչի՞ համար են զորքը լցրել Ջերմուկի տռասի խաչմերուկում՝ ավելի հեշտ խոցման կե՞տ` ուղիղ թիրախ են դարձրել: 

- Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը մարդասիրական հրադադար հայտարարեց:

- Ես չգիտեմ՝ Դուք ինչքան եք ինֆորմացված, Ադրբեջանը հրադադար չի հայտարարել, այսօր 14։10-ի դրությամբ Շորժան ամբողջովին ռմբակոծվում էր, հենց հիմա, այդ ո՞վ է ասում՝ հրադադար է:

- Հայկական բանակին այս պահին ի՞նչ է անհրաժեշտ՝ տեխնիկական, մասնագիտական առումով:

- Համար առաջինը․ ես միայն կարող եմ ասել՝ եթե մարդիկ գլուխ են գովում, հենց հիմա անօդաչուները պտտվում են ամբողջ Հայաստանի Հանրապետությունում՝ օդն ինչի՞ չեն փակել, Հայաստանի Հանրապետությունն անօդաչուներ չունի: Խաղաղության օրակարգով են անօդաչուները Հայաստանի օդային տարածքները խախտել՝ Սիսիան, Գորիս, Ջերմուկ: Մենք տեսնում ենք, չէ՞, ինչ է կատարվում: Տեսնում ենք, չէ՞, որ մարդիկ մտել են ուղիղ Հայաստանի Հանրապետություն: Սա էլ Արցախը չէ, որ ասենք՝ լավ, տանք-պրծնենք: Երկու տարի առաջ ասում էի՝ մարդիկ Սմերչ-գրադ կայանք են տեղավորում Արա Գյոլերում, Արա Գյոլերում Սմերչ կայան չեն տեղադրում, որ Վարդենիսի Զոդ գյուղը տեղահանեն՝ հեռահար հրետանի է: Մի քիչ մարդ պիտի քթածակ ունենա, չէ՞, որ հասկանա, որ Սմերչ համակարգը Զոդի համար չէ, պիտի մտածի: Ոչ թե զորքը հիմա տռասին նստեցնեն, սպասեն, որ Ջերմուկը «պռառիվ» տա՝ զորքն առաջ տան, զորքը հիմա պիտի խրամատավորված լիներ: Էդ 18 տարեկան էրեխեն տռասին, արեւի տակ չպիտի սպասի, տեսնի, թե թշնամին երբ է ճեղքում, որ ինքը տռասից ուռա գոռա: Պարզ է, չէ՞, ակնհայտ է, չէ՞, որ այսօրվա ղեկավարության համար 18-20 տարեկան էրեխեն ուղղակի մսաղացի մատերիալ է: Պրոֆեսիոնալ բանակ էին սարքում՝ 500 հազար աշխատավարձ տալով, էլ զինվորը չի նայում՝ ինքը պրոֆեսիոնա՞լ է, թե՞ չէ․ փախնելուց փախնելու է՝ անկախ գնից: 

- Մեր բանակի պատասխան գործողություններն ինչպե՞ս եք գնահատում: 

- Զինվորը՝ այո, բայց պաշտպանության նախարարությունը չի գործում, ՊՆ-ից գործողություն չենք տեսնում, հակահարվածը որերորդ օրը պիտի արդեն լիներ, բայց մեր ՊՆ-ն կարծես սպասում է, որ մեր թշնամին դիրքավորվի, ամրանա, համալրվի ու անցնի հարձակողական գործողությունների: Համենայնդեպս, մոտ 90 տոկոս Ջերմուկի ուղղությամբ շարունակելու է: Մեր զինվորներն իրենց կյանքի հաշվին են պահում այս երկիրը: Իրենց ամենաթանկ բանը՝ կյանքը, տալիս են հանուն էս հողի, հանուն էս ջրի: Ես իմ հիսուն տարեկան հասակում, իմ գիտակից կյանքում հասկացել եմ մի բան՝ կյանք են տալիս, որ հող պահեն, կյանքդ ո՞ւմ է պետք, եթե դու հող չունես:

- Ի՞նչ կասեք իշխանությունների այն հայտարարությունների մասին, որ զինվորները չեն կռվում, փախչում են:

- Հիմա այս կառավարությունը նույնն ասելու է՝ ժողովուրդ ջան, զորքը չպահեց, ստիպված տվեցինք․ դա իրենց մանիպուլյացիան է: Բա Եռաբլուրին նայողը, գիտակից մարդը կարո՞ղ է նման հայտարարություն անել, որ հայ զինվորը փախել է: Թե՞ պիտի սպասեինք, որ ադրբեջանցիները ցույց տան, որ Տարոնի նման կռվողներ ունենք, ու նոր հիշենք, որ մենք հերոսներ ունենք: Ես մի բան գիտեմ՝ մեր էրեխեքն առյուծի սիրտ կերած էրեխեք են, ու ես անձամբ հպարտանում եմ: 18-20 տարեկան էրեխեքն առանց կասկա են, առանց բրոնեժիլետ:
Սյունիքը կտրելուց հետո մի երեք ամիս ժամանակ կտան՝ մինչեւ գարուն, տնտեսական եռանիշ աճից կխոսեն, գարունը նորից կուզեն տարածքներ, ու մենք մեր զոհերով կհպարտանանք։ Այդպես էր, չէ՞, ասում գերագույն խեղկատակը, ասում էր՝ մի սգացեք զոհերի համար՝ հպարտացեք: Եթե Աղավնոյի կողքով մի հարյուր մետր այն կողմ պիտի ճանապարհ անցներ, ինչո՞ւ գյուղը տվեցին, ո՞ւմ էր դա պետք։ Այս բոլորը խնդիրներ էր:

- Մյուս հարձակումը, Ձեր կարծիքով, մոտավորապես ե՞րբ կլինի եւ ո՞ր ուղղությամբ:

- Ավելի մասշտաբային կլինի, քանի որ փորձեցին բոլոր կարմիր գծերը, իրենց հիմա պարզ է՝ ինչի է ի վիճակի Ռուսաստանը, ինչի է ի վիճակի Հայաստանը: Եթե չեմ սխալվում, իրենց մոտ մոբիլիզացիա է հայտարարված պաշտոնապես, երկրորդ օրն է մոբիլիզացիան, որն անում են միայն ու միայն պատերազմի համար, իսկ մենք Հայաստանում պարարտանյութերի հարց ենք քննարկում Ազգային ժողովում: Մոտ օրերս կսկսեն գործողությունները՝ իրենց երկու ամիս պետք չէ, իրենք պլանավորած գնում են: Ինձ թվում է՝ մինչեւ Սյունիք կանեն-կվերջացնեն, հետո էլ նոր կմտածեն հետագա քայլերի մասին: Ես ձեզ նախկինում ասել էի, որ Աղավնո-Լաչինից հետո, եթե ուղղահայաց նայում եք Կրասնոսելսկից մինչեւ Ջերմուկ, ուղիղ գիծ է, այսօր Ջերմուկն ամենակարճ գիծն է, որտեղից իրենք կարող են միանալ Նախիջեւանին: Դա իրենց տրամաբանությունն է՝ Կարմիրն ու Վարդենիսը շեղող մանյովր է: Լայնածավալ ուժերը տեղափոխում են ընդհանուր գծի վրա, որ ամբողջ ուժով հարձակվեն Ջերմուկի ուղղությամբ: Ամենաթույլ թիրախն այսօր Արցախն է, ու այսօր Արցախում որեւէ կրակոց չկա, որովհետեւ իրականում ունեն ավելի մեծ խնդիր, նրանք Ջերմուկով Սյունիքը կտրելու, չակերտավոր մարդասիրական միջանցք են տալու խաղաղ բնակչությանը եւ վերջ: Իսկ այս կառավարությունն ի՞նչն է լավ անում՝ մարդկանց տարհանելը՝ դա էլ կանեն: Եթե կարող ես առանց զոհերի տարածք վերցնել, ի՞նչ կարիք կա ծախս անելու․ իրենց արածը դա է: Ընդհանուր՝ այսօր իրենց ռազմական գլխավոր նպատակը Ջերմուկն է: