Ե՞րբ սկսեցին ատել մեզ

Ե՞րբ սկսեցին ատել մեզ

Ինչպե՞ս պատահեց, որ երիտասարդ հեղափոխականները, որոնք հասարակական բուռն գործունեությամբ էին զբաղվել իրենց ողջ կյանքում, լրագրող էին աշխատել, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն էին պաշտպանել, 3 տարվա ընթացքում այսպիսի անհաղթահարելի ատելությամբ լցվեցին մամուլի, լրագրողների, ազատ խոսքի նկատմամբ։

Ինչպե՞ս պատահեց, որ ողջ կյանքում խմբագիր աշխատած մարդը, դառնալով վարչապետ, այսքան կարճ ժամանակում մոռացավ իր ապրած կյանքը, իր պաշտպանած սկզբունքները, իր վերաբերմունքը հասարակության թիկունքում կատարվող ցանկացած քայլի, չինովնիկական կեղծիքի ու բյուրոկրատիայի նկատմամբ եւ սկսեց մամուլի ազատությունը սահմանափակելու ուղիներ փնտրել, հատուկ մամուլի դեմ օրենքներ ընդունել։

Հարց է ծագում․ մամուլի եւ լրատվության հանդեպ այս ատելությունն ու մերժումը ե՞րբ առաջացան՝ 2018 թվականի կեսերի՞ն, թե՞ ավելի ուշ։ Չէ՞ որ ապրիլյան հեղափոխության օրերին երկրի ողջ մամուլը սիրով լուսաբանում էր նրանց յուրաքանչյուր քայլը, աջակցում նրանց, պայքարում նրանց կողքին, եւ նրանք լրատվամիջոցներից բողոքելու դույզն-ինչ պատճառ չունեին։ Ե՞րբ սկսեցին նրանք ատել լրագրողներին։ Գուցե դա եղավ այն օրը, երբ չդիմացան իշխանական առաջին գայթակղությունների՞ն։ Իսկ գուցե այն պահից, երբ պետական բյուջեն սկսեցին ծախսել, ինչպես սեփական գրպանի փո՞ղը:

Հնարավոր է այն պահին, երբ լրագրողները սկսեցին հարցազրույցներ անել նախարարների ու պատգամավորների հետ եւ տհաճ հարցեր հնչեցնել։ Կամ այն օրը, երբ որոշեցին ֆեյքերով կեղծ իրականություն ստեղծել եւ ԶԼՄ-ների էջերում հայհոյել իրենց քննադատողներին։ Իսկ գուցե ա՞յն պահից, երբ փակվեցին յոթը դռան հետեւում, իսկ անվտանգության աշխատողներին ու խոսնակներին հրահանգեցին՝ ոչ մի լրագրողի մոտ չթողնել: