Արմավիրում գաղտնի կերպով մոլիբդեն են արդյունահանո՞ւմ. բնակիչները բողոքում են

Արմավիրում գաղտնի կերպով մոլիբդեն են արդյունահանո՞ւմ. բնակիչները բողոքում են

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում գաղտնի կերպով սկսել են մոլիբդեն արտադրել՝ ապակիների եւ տարաների նախկին գործարանի գլխավոր արտադրամասում։ Գործարանին մոտ ապրող բնակիչները նշում են, որ սուր, ոչ հաճելի հոտ են զգում։ Արտադրամասի աշտարակից ծուխ է դուրս գալիս, ինչից հետո հոտը տարածվում է շրջակա բնակավայրերի վրա։ Ավելին՝ բնակիչները նաեւ նշում են, որ այս գործընթացը սկսվում է երեկոյան ժամերին, ամբողջ գիշեր տեղի է ունենում եւ միայն առավոտյան՝ լույսը բացվելուն պես դադարեցվում է։

Տեղեկություններ կան նաեւ, որ այդ գործարանը պատկանում է օլիգարխ, հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն լքած նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանին։

Փորձեցինք կապ հաստատել վերջինիս հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդվարդ Անդրեասյանն, որը եւս բարձրաձայնել էր այս թեմային մասին, «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդտեղ նախկինում մոլիբդենի գործարան է եղել, նույն մտահոգությունները փոխանցել են նաեւ իրեն։ 

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ նշեց, որ պարզաբանում պահանջող գրություն է ուղարկելու համապատասխան գերատեսչությանը։