Արևմուտքն է բաց, այն էլ Կիևից 500 կմ հեռու է

Արևմուտքն է բաց, այն էլ Կիևից 500 կմ հեռու է

Կիևում ծավալվող իրադարձություններն ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ «Հրապարակի» ուշադրության կենտրոնում են։ Մենք մշտական կապի մեջ ենք Կիևի հայ համայնքի ղեկավար, Հայաստանի հյուպատոս Նորիկ Գևորգյանի հետ։ Կրկին կապվեցինք՝ փորձելով հասկանալ, թե ինչ իրավիճակ է այս պահին Ուկրաինայի մայրաքաղաքում։

«Ոչինչ չի փոխվել։ Ռմբակոծությունները դեռ շարունակվում են։ Փետրվարի 26-ից հայտարարված պարետային ժամն այսօր ժամը 8։00-ին ավարտվել է։ Խանութներն ու դեղատները սկսել են աշխատել։ Գործում է նաև Կիևի մետրոն։ Այն կաշխատի ժամը 8-ից մինչև ժամը 22։00-ն։ Մարդկանց շարժ կա»,- մեզ հետ զրույցում ասաց Կիևի հայերի միության նախագահ Նորիկ Գևորգյանը։

Համայնքի ղեկավարը, այնուամենայնիվ, խորհուրդ է տալիս մեր հայրենակիցներին դուրս չգալ տներից։ Միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ, այն էլ իրենց տեղանքին շատ մոտ խանութներից ու դեղատներից օգտվելու համար։

«Սպասում ենք, տեսնենք՝ ինչ կլինի։ Հայտեր բավականին կան՝ քաղաքը լքելու։ Սակայնքանի որ միայն Արևմուտքն է բաց և այն էլ Կիևից հեռու է մոտ 500 կմ, խորհուրդ ենք տալիս ճանապարհ չընկնել, մինչև որևէ կայունություն հայտարարվելը։ Այն մարդիկ, ովքեր իրենց կամքով են փորձում լքել Կիևը, մեր էջերում կան ճանապարհային ուղեցույցներ։ Բայց խորհուրդ ենք տալիս մնան տեղերում»,-ասաց զրուցակիցս։

Վերջինիս խոսքով, մարդկանց հիմնական մասը դեռ ապաստարաններում է։ Ապաստարանները գտնվում են  շենքերի տակ։ Իրենց անհրաժեշտ իրերը բերել են իրենց հետ կամ դեռ բերում են։ Զրուցակիցս նշեց նաև, որ ապաստարանները պաշտպանվում են տեղի պաշտպանական խմբերի կողմից։

«Դեսպանատունը 24 ժամ մեզ հետ կապի մեջ է։ Մենք շտաբ ունենք, որի մեջ մտնում են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, մեր դեսպանը՝ Վլադիմիր Կարապետյանը, մեր թեմի առաջնորդը՝ Մարկոս Սրբազանը, և բոլոր մարզերի համայնքի նախագահները։ Մենք ունենք նաև խումբ, որտեղ գրվում ենք, որտեղ շտապ լուծումներ ենք տալիս այն հարցերին, որոնք առաջանում են։ Բոլորս միասին համակարգված աշխատում ենք»,- զրույցի վերջում ասաց Նորիկ Գևորգյանը։