Արցախը հայաթափվելուց հետո ԵԽԽՎ-ն հանկարծ հիշեց, որ Ադրբեջանը խոստացել էր Արցախի հարցը լուծել խաղաղ ճանապարհով

Արցախը հայաթափվելուց հետո ԵԽԽՎ-ն հանկարծ հիշեց, որ Ադրբեջանը խոստացել էր Արցախի հարցը լուծել խաղաղ ճանապարհով

«Հրապարակի» զրուցակիցը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:

-ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևն առաջին հայացքից հայամետ է թվում, շատերն այն անգամ դիտարկում են Ադրբեջանի դեմ կոնկրետ շանտաժ: Ի վերջո՝ ի՞նչ բանաձև է դա:

-Առաջին հայացքից, ԵԽԽՎ բանաձևը թվում է բավականին օբյեկտիվ։ Բանաձևը բավականին անաչառ գնահատականներ է տվել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։ Բայց,իմ կարծիքով, ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևն ընդամենը Եվրոպայի Խորհրդի դեմքը փրկելու փորձ է։ Նախ, ԵԽԽՎ-ն խստորեն չդատապարտեց ոչ 2020թ․ , ոչ 2022թ․ Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումները, քաղաքացիական բնակչության և գերեվարվածների հանդեպ կատարված վայրագություններն ու խոշտանգումները, հայկական հուշարձանների պղծումը և այլն։ Եվ հանկարծ Արցախը հայաթափվելուց հետո, այդ եվրոպական կառույցը հիշեց, որ Ադրբեջանը ԵԽ անդամակցելիս, խոստացել էր Արցախի հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Հիշենք, որ Եվրոպայի Խորհուրդը ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության առաքելությամբ։ Այնպես որ, եթե ԵԽ-ն իր առաքելության մեջ հետևողական լիներ, ապա արդեն 2021թ․ Ադրբեջանին կհեռացներ ԵԽ-ից։ Էլ չասենք, որ Ադրբեջանը ԵԽ բոլոր անդամ երկրներից, ամենաբռնապետական պետությունն է, որտեղ չեն հարգվում տարրական  մարդու իրավունքները։ ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ԵԽ-ին անդամակցեցին նախկին ԽՍՀՄ երկրները, ԵԽ-ն մարդու իրավունքների պաշտպանության կառույցից վերածվեց քաղաքականի։Բանաձևում ԵԽԽՎ-ն հանձնարարում է նախարարների կոմիտեին, ուսումնասիրել Արցախում առկա իրավիճակը։ Հարց․ իսկ ովքե՞ր են նախարարների կոմիտեի անդամները։ Նրանք , նույն պրագմատիկ Եվրոպայի երկրների արտաքին գործերի նախարարներն են։Այնպես որ, ոգևորվել այս բանաձևով,կարծում եմ ընդամենը պարզամտություն և միամտություն է։
Ի դեպ, նույն Եվրոպայի Խորհուրդը «չի նկատում» Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ խոշտանգումներ, ոստիկանանական վայրագություններ, դատական համակարգի փլուզում, տասնյակ քաղբանտարկյալների առկայություն։
 
-Ադրբեջանը կլսի՞ Արևմուտքին:

-Ձեր հարցին հարցով պատասխանեմ։ Իսկ Ադրբեջանը մինչ այս բանաձևը լսե՞լ է արդյոք Արևմուտքին կամ կատարե՞լ է ՄԱԿ-ի դատարանի որոշմումը։ Ադրբեջանի բռնապետը հիանալի գիտակցում է, որ հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի օրերին, հավաքական Արևմուտքն առնվազն աչքերը կփակի հայ ժողովրդի հերթական ցեղասպանության վրա և կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ, հատկապես էներգակիրների ոլորտում։ Իսկ տարբեր, այսպես կոչված մարդասիրական առաքելությունների անդամներին կաշառելու մեծ փորձ ունի Ադրբեջանը, ինչպես, հավանաբար ՄԱԿ-ի առաքելության անդամներին։