Հուսանք՝ ՀՀ ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստություն. Գալուզին

Հուսանք՝ ՀՀ ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստություն. Գալուզին

Ռուսաստանը այլ պետությունների ներքին գործերին միջամտելու «սովորություն» չունի. Մոսկվան անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ կապերը և փորձում է դրանք կառուցել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության առանցքով։ Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի հետ զրույցում։ Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:

Արևմուտքը, ըստ Գալուզինի, «Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Նպատակը պարզ է՝ հայկական «պլացդարմն» օգտագործել տարածաշրջանում լարվածության ևս մեկ օջախ ձևավորելու համար»։

«ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երևանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ՝ ձգտելով դուրս գալ մեր ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներից... Հայաստանն ակտիվորեն հրապուրվում է եվրոպական հեռանկարով։ Հեշտ է կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին իր տնտեսությանը ռեկորդային աճ են ապահովել»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Ըստ Գալուզինի՝ «Երևանից ի վերջո կպահանջվի դուրս գալ ԵԱՏՄ-ից, որտեղ հանրապետությունը հիմնական շահառուներից է։ Անցյալ տարի նրա արտաքին առևտրաշրջանառության գրեթե 40 տոկոսը ստացվել է ասոցիացիայի երկրներից։ Հայաստանը կկորցնի Միության ձևավորվող միասնական էներգետիկ շուկային մասնակցելու հնարավորությունը»։

Ռուս դիվանագետն ափսոսանք է հայտնել, որ «արևմտյան նարատիվների ազդեցության տակ երկկողմ քաղաքական շփումների կտրուկ նեղացում է տեղի ունեցել։ Երեւանից գնալով ավելի հաճախ են հնչում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի, անվտանգության առկա համակարգի վերաբերյալ անհիմն քննադատությունները։ Սա, մեղմ ասած, ապակառուցողական է ու անհեռատես»։

Նրա պնդմամբ, «Երևանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին և ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործին։ 
«Ինչ էլ խոստանան արևմտյան երկրները, որոնք Հայաստանի իշխանություններին դրդել են «սառեցնել» մասնակցությունը Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանքներ չկան»։

Մոսկվան մեկ անգամ չէ, որ հայտնել է «իր պատրաստակամությունը քննարկելու Երևանին հուզող հարցերը», ընդգծել է Գալուզինը և հավելել.

«Բայց մեր տարբեր նախաձեռնություններին երբեք արձագանք չենք ստացել։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը կունենա բավականաչափ քաղաքական իմաստություն՝ հասկանալու Արևմուտքի խոստումների պատրանքային բնույթը և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևոր նշանակությունը՝ հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման տեսանկյունից»։