ԵՄ դիտորդների ավելացումն ինչի՞ վրա կազդի

ԵՄ դիտորդների ավելացումն ինչի՞ վրա կազդի

«Հայաստանում ԵՄ դիտորդների թվի ավելացումը կընդլայնի առաքելության հնարավորությունները եւ թույլ կտա ավելացնել պարեկների թիվը»,- երեկ հայտարարել է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Հիշեցնենք, որ Եվրամիությունը որոշել էր Հայաստանում ավելացնել իրենց քաղաքացիական դիտորդների թիվը 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի: Ի լրումն այս ամենի, Ռիտերն ասել է․ «Առաքելության անձնակազմի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություն իրականացնել տեղերում։ Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու եւ զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին»։ Այսքանը բավարար էր, որպեսզի Հայաստանի արեւմտապաշտ զանգվածն անմիջապես երանության գիրկն ընկներ՝ զարգացած ու բարկեցիկ կյանքով ապրող Եվրոպան կփրկի Հայաստանն ադրբեջանաթուրքական արնախում երախից։

Մենք էլ դեմ չէինք լինի այդ երանությունն ապրել, բայց, ինչպես ասում են, դաժան իրականությունը թույլ չի տալիս, քանզի հին ճշմարտությունը վկայում է․ «Խոսքին մի աշեք՝ գործին աշեք»։ Իսկ գործով ԵՄ դիտորդները, անշուշտ, փաստել են, որ «խաղաղության հաստատման» ճանապարհին իրենք իսկապես ունակ չեն մոբիլ գործելու։ Վառ վկան՝ 2023 թվականին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից հայկական սուվերեն տարածքում խորանալն էր, մեր զինվորների սպանությունն ու համայնքի հողերի, ավելի ստույգ` կարեւորագույն ռազմավարական տարածքների զավթումը։ Ու հենց այդ պատերազմական գործողությունների մեկնարկից ընդամենը կես ժամ առաջ ԵՄ «խաղաղություն բերող» դիտորդներին տեսել էին մեքենաներով Երեւանի ուղղությամբ սլանալիս։ Երեւի շտապում էին հասնել Երեւան, որպեսզի այնտեղից փորձեին խաղաղություն հաստատել։ 
Թեեւ դիտորդների շատանալը, իհարկե, ինչ-որ բան կփոխի` եթե նախկինում 10 մեքենայով էին գործողությունների վայրից ճողոպրում, հիմա արդեն 15 մեքենա անհրաժեշտ կլինի։ Ռիտերի հայտարարությունը կարդալուց հետո միայն մեկ հարց է առաջանում` իսկ 209 հոգով կկարողանա՞ն նույնքան արագ հեռանալ ադրբեջանական հարձակման վայրերից։ Մեկ այլ խնդիր էլ է լուծում դիտորդների քանակը` որքան շատ լինեն նրանք, այնքան ավելի շատ կլինեն կողմերին` խաղաղ բանակցություններով  հարցերը լուծելու մասին խորհուրդ տվողները: