Մենք էլի ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ ունենք, որոնք մնացել են, դասավանդում են

Մենք էլի ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ ունենք, որոնք մնացել են, դասավանդում են

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայից հերթով դուրս են մնում այն դասախոսները, որոնք ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ։ Ոմանց ազատում են պայմանագրերն ավարտվելուն պես․ ակադեմիան նոր ուսումնական տարվան ընդառաջ չի երկարացնում նրանց հետ կնքած պայմանագրերը։ Արդեն երեք այդպիսի անուն հայտնի է, որոնք ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչներ են, եւ նրանց հետ պայմանագրերը չեն երկարացվել։ Առաջինն այդ մասին հայտարարեց ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, որը դրա տակ քաղաքական ենթատեքստ է տեսնում։

Հետո հայտարարեց դաշնակցական, այժմ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Օրերս էլ նման հայտարարությամբ հանդես եկավ դարձյալ ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա, դիմելով իր ուսանողներին, տեղեկացրել էր, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է իրեն զրկել ամենասիրած գործով զբաղվելու՝ դասավանդելու հնարավորությունից։ «Պատճառը, բնականաբար, իմ քաղաքական գործունեությունն է։ Այս իշխանություններն ունակ չեն հասկանալ, թե ինչ է նշանակում ակադեմիական էթիկա եւ պրոֆեսիոնալիզմ։ Նրանց համար իմ՝ լսարան մտնելու փաստը քաղաքական քարոզ է, չնայած այդպիսին իմ դասերին երբեք չի հնչել»,- գրել էր Հայկը։

Պարզվում է՝ միայն վերոնշյալ անձինք չեն դուրս մղվել ակադեմիայից։ Մամիջանյանի գրառումից հետո Ֆեյսբուքում գրառում էր արել նաեւ ակադեմիայի դասախոսներից Արմեն Մանվելյանը, որը նշել էր, որ եթե Հայկ Մամիջանյանի եւ Արտակ Զաքարյանի հետ պայմանագրերը խզվել են ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, ապա իր հետ պայմանագիրը խզվել է, ինչպես ինքն է հասկանում, մասնագիտական կարծիք ունենալու եւ գործող իշխանությունների գործողություններին համապատասխան գնահատական տալու համար (ունենք պետական համակարգի փաստացի կորուստ, 44-օրյա պատերազմի հետեւանքները դեռ չհաղթահարած, նոր պատերազմի սպառնալիք եւ այլն): «Մենք գործ ունենք իշխանական մի բուրգի հետ, որը վախենում է ոչ միայն քաղաքական, այլեւ մասնագիտական քննադատական կարծիք լսելուց։ Ժամանակին ոչնչացնելով ՀՀ-ում գործող ուղեղային բոլոր կենտրոնները՝ այս իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեղան գնահատել այն իրավիճակը, որը ստեղծվել էր պատերազմի նախօրեին տարածաշրջանում, այլեւ քայլեր ձեռնարկել՝ կանխելու ու պատերազմից խուսափելու համար։ Այսօր էլ այս իշխանությունների իրականացրած քայլերը բխում են բացառապես մեր փաստացի թշնամիների քաղաքական եւ աշխարհաքաղաքական շահերից»,- գնահատականներ էր տվել Արմեն Մանվելյանը։

Ի դեպ, դասախոսներին բանավոր կերպով են տեղեկացրել, որ իրենց հետ պայմանագրերը չեն երկարացվելու։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանը մեզ հետ զրույցում հարցին՝ որեւէ պատճառ նշե՞լ են, թե ինչու չեն ցանկանում երկարացնել իր հետ պայմանագիրը, ասաց․ «Դե, իրենք առարկան որոշել էին կիսել երկու դասախոսի միջեւ, անցյալ տարի նման բան չկար, հետո ասացին՝ ծախսն արդյունավետ չի լինի, որ կիսենք, դրանից ելնելով՝ արդյունավետ չէ երկու դասախոս ունենալը»։ Հարցին՝ ինքն այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, Խաչատրյանն ասաց, որ եթե միայն ինքը լիներ, կմտածեր, թե որեւէ քաղաքական ենթատեքստ չկա, բայց քանի որ իր պես՝ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող մի քանի դասախոս է այս բախտին արժանացել, ապա ողջամիտ կասկած ունի, որ պատճառը քաղաքական է։ «Եվ դա նաեւ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հետ համընկավ, որի հետ պետք է կնքվեր այդ քաղիրավական պայմանագիրը, որը չկնքվեց»,- նկատեց պարոն Խաչատրյանը։

Հիշեցնենք․ Կառավարման ակադեմիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Խաչատուր Ղազեյանն է, որն այս պաշտոնում նշանակվել է այս տարվա հուլիսի 7-ին։ Գործող իշխանությունների կողմից նշանակված այս անձը, եկած-չեկած, փաստորեն, կադրային ջարդ է անում՝ ազատվում է ընդդիմադիր քաղաքական հայացքների տեր դասախոսներից։ Մենք փորձեցինք նրանից եւս մեկնաբանություն ստանալ` ապարդյուն։ Ղազեյանի ընդունարանից ռեկտորի հետ ճշտելուց հետո տեղեկացրին, որ Խաչատուր Ղազեյանը մի քանի օրով գործուղման է պատրաստվում, ուստի չի կարող մեր հարցերին պատասխանել, խնդրեցին դրանք գրավոր ուղարկել։ Զրուցեցինք գիտաուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գոռ Չատինյանի հետ։

Վերջինս նախ նշեց, որ սխալ է ասել, թե ակադեմիան չի ցանկացել երկարացնել պայմանագրերը, քանզի իրենք ցանկացած պահի նորից տվյալ անձանց հետ կարող են վերակնքել պայմանագրերը։ «Իսկ հարցը, եթե երկու բառով փորձեմ ասել, կապված է զուտ մեր այս տարվա ընդունելության եւ դասաժամերի կրճատման հետ»,-ասաց նա։

- Իսկ ինչո՞ւ դասաժամերի կրճատման թիրախում հայտնվեցին հենց այն դասախոսները, որոնք ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեն։

- Էս պահին հիմա լիքը ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ ունենք, իրենք էլ հո դաս տալի՞ս են։ Չէ, հաստատ հարցը քաղաքական չէ, զուտ միայն ուսումնական պրոցեսի հետ կապ ունեցող է։ Ես Խաչատրյան Արթուրի գրառումը, ճիշտն ասած, կարդացել եմ եւ արդարության համար պիտի ասեմ, որ էնտեղ օբյեկտիվ չէ ինքը մոտեցել այդ հարցին, գրել է, որ նախօրոք զանգել ճշտել են եւ այլն․ ուսումնական պրոցեսը մի օրվա մեջ չի կազմակերպվում, հասկանո՞ւմ եք։ Այսինքն՝ մենք մինչեւ ուսումնական տարին սկսվելը մեր բոլոր ուսումնական պլաններն սկսվելը, բոլոր առարկայական ծրագրերը թարմացնում ենք, եւ դրա հետ կապված, բնականաբար, նաեւ դասախոսների հետ է պայմանավորվածություն ձեռք բերվում՝ նախնական։ Դրանից հետո կազմակերպվում է ընդունելություն, իսկ ընդունելությունն այս տարի ոչ միայն մեր բուհում, այլեւ ամբողջ հանրապետությունում բավարար մակարդակով չի եղել՝ նախորդ տարիների համեմատ շատ պակաս թվով դիմորդներ ենք ունեցել, նաեւ նվազագույն շեմը հաղթահարածներն են քիչ եղել։ Եվ խմբերի ձեւավորման թվաքանակ կա որոշակի եւ այդ թվաքանակը, որ չի ապահովվել,  այսինքն՝ խմբերը, հոսքերը չեն ձեւավորվել ամբողջությամբ, եւ եթե առաջ ուսանողները շատ էին, կիսվում էին իրենք, ժամերը շատանում էին, եւ, բնականաբար, առաջանում էր նաեւ լրացուցիչ դասախոսների կարիք։

- Ձեր դասախոսներից Արմեն Մանվելյանը գրել էր, որ իր հետ պայմանագիրը չեն երկարացրել ոչ թե քաղաքական հայացքների, այլ մասնագիտական կարծիք հայտնելու պատճառով։ Հիմա որքան էլ Դուք այս ամենը բացատրեք ուսումնական տեսանկյունից, միեւնույն է, այստեղ ողջամիտ կասկածներ մնում են, որ պատճառը, իրականում, քաղաքական է։

- Չէ, բացարձակապես էդպիսի խնդիր չկա, հաստատ, որ կողմից ուզում եք՝ նայեք, հաստատ քաղաքական ենթատեքստ չկա։

- Ի դեպ, Դուք նախկին ռեկտորի՝ Արսեն Լոքյանի ժամանակ էլ եք աշխատել ու նրա հետ էլ, եթե ճիշտ գիտեմ, մտերիմ էիք։ Հիմա հնարավո՞ր է, օրինակ, Ձեզ հետ էլ պայմանագիրը չերկարացվի, Ձեր մասով նման ռիսկ կա՞։

- Չէ, էդպիսի խնդիր չեմ տեսնում, բացարձակ նման միտում չկա։ Էդ, ինչ որ քաղաքականին է վերագրվում, գուցե ցանկանում են իրենց փիառն էդպես կազմակերպել, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի՝ նման բան ասել, բայց նորից եմ ասում, եթե քաղաքական ենթատեքստ ունենար, ապա մենք էլի ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսներ ունենք, որոնք մնացել են։ Օրինակ՝ քաղծառայության նախկին ղեկավար Մանվել Բադալյանը, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, որոնց պայմանագրերը կան, դասավանդում են։ Ու էնպես է, որ նույն Մամիջանյանը եւ մյուսները, որ էդ կարծիքը հայտնել են, առհասարակ, ժամերը պակասել են քաղաքագիտության ամբիոնում, ցավոք սրտի՝ ընդամենը 15 ուսանող է ընդունվել նախորդ տարիների 20-30-ի համեմատ, եւ ժամերը կտրուկ պակասել են։ Ուստի, եթե մյուս տարի մեզ մոտ ընդունելությունները նորից շատանան, մենք նորից մեծ սիրով մեր հարազատ դասախոսների հետ, որոնց հետ աշխատել ենք երկար տարիներ, պայմանագրեր կկնքենք։