Ինչպես չինական ասացվածքում՝ ավելի լավ է բանակցություններ վարել, քան չվարել

Ինչպես չինական ասացվածքում՝ ավելի լավ է բանակցություններ վարել, քան չվարել

Տեղեկացրել էինք, որ հունիսի 3-ի հետկեսօրին Երեւանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վայէջք կատարեց Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը, որի գլխավորությամբ երեկ Մոսկվայում անցկացվել են հայ-ռուս-ադրբեջանական բանակցություններ։ Դրանք ավարտվել են, եւ Մուրադովը Հայաստան է վերադարձել ձեռնունայն․ բանակցությունները որեւէ արդյունք չեն տվել։

Հիշեցնենք, որ դրանք վերաբերում էին ինչպես ռազմագերիների վերադարձի հարցին ընդհանրապես, այնպես էլ ՀՀ ՊՆ զորամասի կողմից պահպանվող տարածքից գերեվարված 6 զինվորականներին։ Իսկ ավելի լայն համատեքստում՝ վերջին մի քանի օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ էին։ Մեր նպատակն էր՝ բանակցությունների միջոցով հասնել Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերմանը։ 

Ռուսական մեր աղբյուրներից արտահոսք էր եղել, թե բանակցությունների անարդյունավետության պատճառներից մեկն այն է, որ մյուս երկու կողմերի համար անընդունելի է եղել, որ հայկական կողմից բանակցողը Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանն է։ Ըստ ամենայնի՝ սպասել են ավելի բարձր կարգավիճակի պաշտոնյայի։ Կարապետյանը փորձել է համոզել, որ Հայաստանում ինքը երկրորդ պաշտոնյան է, բայց բանակցողները հորդորել են, որ հաջորդ անգամ առաջին պաշտոնյան ներկայանա։

Իրականում, ադրբեջանական այս ուլտիմատումները հնարավոր է՝ սոսկ պատրվակ են, որի տակ քողարկված է ադրբեջանական կողմի բանակցելու չկամությունը։ Ռուսաստանցի վերլուծաբան Վադիմ Դուբնովը սրա հետ համաձայն է․ «Սա արտահոսք չէ, այլ, ավելի շատ՝ վերլուծական բնույթի ինչ-ինչ եզրակացություններ»։ Նա կարծում է, որ օրակարգային որեւէ հարցի վերաբերյալ որեւէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, քանի որ «նման խնդիր էլ դրված չի եղել։ Այսինքն՝ կոնկրետ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերման»։ Ըստ նրա՝ նպատակն ավելի շուտ եղել է կողմերի դիրքորոշումները մոտեցնելը։ «Թեպետ ոմանք համարում են, որ դրանք, առհասարակ, «անմոտեցնելի են»»,-ասաց Դուբնովը եւ մի կարեւոր լրացում արեց՝ «անմոտեցնելի են» հիմա՝ նախընտրական այս փուլում, թեպետ վստահ չէ, որ հունիսի 21-ից հետո էլ Հայաստանում նման բան տեղի կունենա։

«Չկա որեւէ հավանականություն, որ հունիսի 21-ից հետո ամեն ինչ ավելի արագ կընթանա, բայց մինչեւ հունիսի 20-ը հաստատ չի գնա»,-ամփոփեց նա։ Ինչո՞ւ էր, ուրեմն, նախաձեռնվում՝ հայաստանյան հասարակությանը մոլորեցնելու փո՞րձ էր։ Վադիմ Դուբնովն այդպես չի կարծում, անգամ մեջբերում է չինական ասացվածքը, որ «ավելի լավ է վատ բանակցություններ վարել, քան առհասարակ չվարել»։ Մանավանդ որ, նրա խոսքով, սա հնարավորություն է տալիս հընթացս կողմերի մոտեցումները շոշափել ու նոր մշակումներով ինչ-որ մի պահի հասնել պայմանավորվածությունների։