ՌԴ դեսպանատունը «թողնում է առանց մեկնաբանությունների»

ՌԴ դեսպանատունը «թողնում է առանց մեկնաբանությունների»

Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրեր առաջ հարցումներ էինք ուղարկել ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ դեսպանատներ եւ  ԵՄ պատվիրակության գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել ստեղծված իրավիճակը եւ պատասխանել այն հարցին, թե ինչպես են գնահատում, որ այս փոփոխությունները, ըստ ՀՀ ընդդիմության, բավականին վիճելի են, եւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը հակասում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածին ու «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածին, որը վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման եւ ընդունման կարգին։ Երեկ, աշխատանքային օրվա ավարտին, ՌԴ եւ ԱՄՆ դեսպանատներից ստացանք մեր հարցերի պատասխանները։ ՌԴ դեսպանատան լրատվական ծառայությունից մեկ նախադասություն են ընդամենը գրել․ «Ձեր ուղարկած հարցերը թողնում ենք առանց մեկնաբանությունների»։

ԱՄՆ դեսպանատնից ստացված պատասխանը․ «Շնորհակալություն հարցման համար։ Օրերս Ձեր գործընկերոջից ստացել էինք նույնաբովանդակ հարցեր Հայաստանի Սահմանադրական դատարանի եւ ընթացիկ դատական գործընթացների վերաբերյալ։ Մեր պատասխանները մնում են նույնը։ Հայ ժողովուրդը կառավարությունից պահանջում է վերացնել կոռուպցիան, ապահովել թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ արդարադատության համակարգ, երաշխավորել մարդու իրավունքները, եւ մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության ջանքերին՝ ուղղված այս ակնկալիքների կենսագործմանը։ Հայ ժողովուրդը հստակ մատնացույց է արել, որ սատարում է այս սկզբունքների ապահովմանը, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք՝ հետամուտ լինել այս նպատակներին՝ Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող միջոցներով եւ Հայաստանի կենսունակ քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցելով։ Միացյալ Նահանգները շարունակում է լիարժեք հավատարիմ մնալ իրավունքի գերակայության ամրապնդման եւ հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու իր հանձնառությանը, եւ մենք կշարունակենք աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ ապահովելու թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ հաստատությունների կայացումը»։

ՀԳ․ Այո, մեր մեկնաբան Լուսինե Պետրոսյանը մոտ մեկ շաբաթ առաջ հարցեր է ուղղել ԱՄՆ դեսպանին եւ երեկ արդեն ստացել է դրանց պատասխանները, որոնք կներկայացնենք թերթի երեքշաբթի օրվա համարում, սակայն ուշագրավ է, որ հայտնաբերեցինք պատասխանների անգլերեն եւ հայերեն տարբերակների միջեւ տարբերություններ։ Վերը մեջբերված տեքստը հատված է հայերեն տարբերակից, երեքշաբթի կներկայացնենք անգլերենը, որի թարգմանությունը որոշակիորեն տարբերվում է հայերեն տարբերակից։