Ստեփանակերտի չոր պատասխանը Փաշինյանին

Ստեփանակերտի չոր պատասխանը Փաշինյանին

  Երեք օր է՝ Արցախում են նախկին ու ներկա պաշտոնյաներ, կուսակցականներ, ռազմական գործիչներ․ մասնակցում են եռատոնին նվիրված պետական միջոցառմանը։ Մինչ այդ էլ մեծ կազմով ՀՀԿ-ական գործիչներ, քաղաքագետներ՝ նախկին իշխանությունների «արբանյակ» վերլուծաբաններով, ՀՅԴ-ի ֆորումի ժամանակ էին Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը տեղը տեղին քննադատել։ Եվ այս տեսարանները դիտելուց, քոչարի պարելուց հետո Երեւան վերադառնալով՝ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ եթե Արցախը դառնա հակահեղափոխության օջախ, ապա ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ։ Նման հայտարարություն նա արել էր մեկ անգամ եւս, ինչին հաջորդել էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտոնանկությունները։ 

  Մենք զրուցեցինք Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով այս անգամ ավելի միանշանակ ու կոշտ արտահայտվեց, քան անցյալում էին անում։ «Արցախում կան գրված ու չգրված օրենքներ՝ Հայաստանի Հանրապետությունը չի խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին, Արցախը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Եվ սա ճիշտ է։ Մենք ընդհանուր հայրենիք ենք, բայց 2 պետություն ենք, եւ անթույլատրելի է մեկը մյուսի գործերին խառնվելը, որովհետեւ դրանից մեր միասնականությունը ճեղք է տալիս։ Թուրքն էլ ուրախանում է, ասում է՝ հլը սրանց նայեք, տեսեք ինչ են սարքել Արցախը։ Բայց դա ճի՞շտ է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա օրենք է՝ բնության, քաղաքականության ու ֆիզիկայի։ Ֆիզիկան ի՞նչ կապ ունի։ «Եթե կա ուժ, կա հակաուժ»։ Դավիթ Բաբայանն ավելացրեց, որ սա շատ լավ գիտակցում են պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը։

   Ընկերների ու հարաբերությունների մասին Արցախի նախագահի խոսնակն ասաց․ «Սա անձնական քամահաճույքի խնդիր չէ, սա պետության, ազգի առջեւ պատասխանատվության հարց է»։ Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ Սերժ Սարգսյանը, մյուսները կային, իսկ առաջին նախագահը՝ ոչ։ Դավիթ Բաբայանն ասաց, որ որեւէ մեկին հրավեր չի ուղարկվել․ «Սա համաժողովրդական տոն է, ով ուզում է, գալիս է, եթե առաջին նախագահը, երկրորդ, երրորդ, չորրորդ, ով ուզում է գա, նախօրոք ասում է՝ ես ուզում եմ գալ, էդ ժամանակ արդեն բոլոր կազմակերպչական խնդիրները լուծվում են։ Համապատասխան խնդիրներ կան, որոնք պետությունը պետք է կարգավորի՝ նրանց մնալու տեղը, անվտանգությունը եւ այլն։ Չի եղել հրավեր ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, ավելին՝ մենք եռատոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ենք հղել բոլորին։ Այդ թվում՝ Լեւոն Հակոբիչին։ Այսպես էլ պետք է լինի։ Ով ցանկություն ունի, գալիս է, ազատ է»։ 

  Արցախի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն էլ ասաց, որ «հեղափոխություն», «հակահեղափոխություն» բառերն Արցախի պարագայում մի քիչ տարօրինակ եւ անտեղի են հնչում։ «Ոնց որ փորձ լինի պիտակավորել Ղարաբաղում տեղի ունեցող որեւէ գործընթաց՝ հեղափոխական եւ հակահեղափոխական տրամադրությունների մեջ։ Ես չգիտեմ՝ ինչն է նկատի առել, բայց կարծում եմ, մենք մեր ընթացքի մեջ ենք եւ շատ լավ հասկանում ենք մեր առջեւ առաջացած մարտահրավերները եւ դրանց լուծման ճանապարհները։ Դա է մեր ուղին»,- ասաց Իշխանյանը։

  Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը նման կասկածներ ունի՝ Արցախում հակահեղափոխական տրամադրությունների, դատելով այցելուների կազմի՞ց։ Իշխանյանն ասաց, որ շատ տարօրինակ կլիներ, եթե Ղարաբաղում չհավաքվեին բոլոր նրանք, ովքեր անցել են Արցախի ազգային ազատագրական բովով եւ իրենց վաստակն են ունեցել անցած 30 տարիներին։ «Ես անտրամաբանական կհամարեի, եթե Ղարաբաղը դառնար փակ համակարգ։ Ղարաբաղը միշտ եղել է, կա ու կմնա բաց, ուր հայության բոլոր հատվածները, բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն ապահովել են իրենց ներկայությունը Ղարաբաղում եւ իրենց զգացել են իրական տերն այս երկրի»։