Վերջին տարիներին շատ ուժեղ շախմատիստներ լքել են Հայաստանը

Վերջին տարիներին շատ ուժեղ շախմատիստներ լքել են Հայաստանը

Շախմատի աշխարհի չեմպիոն Լեւոն Արոնյանի հայտարարությունը՝ Հայաստանից հեռանալու մասին, բացահայտեց, թե շախմատային աշխարհում ինչ է կատարվում։ Արոնյանը բացեց այն անառողջ մթնոլորտի վարագույրը, որը տիրում է հայկական Շախմատում։ Ապա մեզ հետ զրույցում շախմատի ֆեդերացիայի վարչության անդամ Հովիկ Խալիկյանը ներկայացրեց, որ Շախմատի ֆեդերացիան այսօր համալրված է Սերժ Սարգսյանի կողմնակիցներով, շախմատի քաղաքի ֆեդերացիան՝ Մխիթար Հայրապետյանի, ու նրանք համարյա իրար հետ չեն խոսում, ֆեդերացիայի նիստերին, քննարկումներին չեն մասնակցում։ Եվ ոչ մի բան չի հիշեցնում նախկին շախմատային գերտերություն Հայաստանը իր չեմպիոն թիմով ու շախմատային ավանդույթներով։

Պարոն Խալիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լեւոն Արոնյանն առաջին ծիծեռնակն է, շուտով Հայաստանը կլքեն կամ Հայաստանի դրոշն այլ երկրների դրոշով կփոխարինեն նաեւ այլ գրոսմայստերներ՝ «Գաբին, Տիգրանը»։ Մենք զրուցել ենք  գրոսմայստեր, Հայաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2013), Հայաստանի հավաքականի կազմում համաշխարհային օլիմպիադաների կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանի հետ։

- Պարոն Պետրոսյան, մեզ հետ զրույցում Շախմատի ֆեդերացիայի վարչության անդամ Հովհաննես Խալիկյանը, նկարագրելով շախմատում տիրող վիճակն ու մթնոլորտը, ասել էր, որ բոլորն էլ մտադրություն ունեն Հայաստանը լքելու՝ Տիգրանը, Գաբին։

- Ես այս պահին Հայաստանը լքելու մտադրություն չունեմ։ Դժվար էլ մտադրություն ունենամ։

-  Լեւոն Արոնյանի հետ խոսե՞լ եք։

- Ոչ, վերջին երկու ամսում չեմ խոսել։ 

- Իսկ իր մտադրության մասին Ձեզ վաղո՞ւց էր հայտնի։

- Ոչ, ես տեղյակ չէի։ 

- 90-ականներին շատ ոլորտների մասնագետներ հեռացան երկրից։ Հիմա նման վտանգ տեսնո՞ւմ եք։

- Վերջին տարիներին շատ ուժեղ շախմատիստներ լքել են Հայաստանը։ Վլադիմիր Հակոբյանը հիմա բնակվում է Ամերիկայում։ Նաեւ ունեցել ենք լավ մարզիչներ, որոնք այսօր Հայաստանում չեն։ Նման բաներ տեղի են ունեցել։ Նման բաներ միշտ էլ եղել են՝ մի քիչ քիչ, մի քիչ շատ։ Վերջերս, կարելի է ասել, համեմատաբար ավելի շատ են․․․ 

- Ի՞նչ եք կարծում՝ այս միտումը կխորանա՞։

- Դե, եթե ամեն ինչ էս տեմպերով գնա, բնականաբար, դժվար է պատկերացնել, որ ավելի լավ կլինի։ 

- Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը շախմատային գերտերությունից վերածվեց երկրի, որտեղից շախմատիստները հեռանում են եւ ոչ մի լավ բան չեն տեսնում։

- Տարիներ անցան, մենք էլ թուլացանք․․․ Նաեւ՝ նախկինում ֆինանսավորումն ավելի մեծ էր, քչացավ, դա էլ ազդեց։  Բնականաբար, կովիդն ազդեց, պատերազմը, եւ Լեւոնի գնալն էլ, բնականաբար, շատ մեծ անդրադարձ կունենա մեր հետագա հաջողությունների վրա։ 

- Իսկ պատերազմն ինչո՞վ ազդեց շախմատի վրա։ 

- Ընդհանուր վիճակն եմ ասում․ մրցաշարեր չկան, առհասարակ, երկրի վիճակը․․․ պատերազմը, Ձեր կարծիքով, չի՞ ազդել երկրի տնտեսական վիճակի վրա։ Դե, բնականաբար․․․ հովանավորներ արդեն չեն լինում եւ այլն, եւ այլն։ 

- Ասում են՝ Մխիթար Հայրապետյանը որ եկավ, ուզում էր ինչ-որ բան փոխել։ Բայց չէր կարողանում, քանի որ չուներ Սերժ Սարգսյանի հնարավորությունները՝ մեկ, եւ մյուս կողմից էլ՝ նրան «տոռմուզ» էր տալիս ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը։

- Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի։ 

- Նաեւ Ձեր նախկին անձնական մարզիչն ասում էր, որ Սարգսյանի հնարավորությունները շախմատիստների ֆինանսական խնդիրները լուծելու հարցում անհամեմատ մեծ էին, քան ներկայիս նախագահինը։

- Բնականաբար, ֆեդերացիային ավելի մեծ էր ֆինանսական աջակցությունը։ 

- Սրանք մանր, բայց կարեւոր խնդիրներ են՝ անձնական մարզիչ, հոգեբան․․․ համակարգչի համար գումար։ Իսկ Ձեզ, որպեսզի որպես շախմատիստ լինեք «ֆորմայի» մեջ, գումարներ տրամադրվո՞ւմ են։

- Կոնկրետ ես երբեք չեմ ստացել նման գումարներ՝ հոգեբան, մարզիչ եւ այլն։ Ես ստացել եմ որպես գրոսմայստեր աշխատավարձ եւ վերջ։ Ովքեր ստացել են, երեւի ավելի լավ կպատասխանեն էդ հարցին՝ դեռ ստանո՞ւմ են, թե՞․․․

- Իսկ ի՞նչ արեց Մխիթար Հայրապետյանը՝ դառնալով ֆեդերացիայի նախագահ։

- Չգիտեմ, երեւի իրենից հարցնեք։  

- Դուք ֆեդերացիայի նախագահից ի՞նչ ազդակ եք ստացել․ որ դրական տեղաշարժեր կլինեն, եթե ոչ հիմա, ապա գոնե հետո։ 

- Ճիշտն ասած, չեմ ճանաչում Մխիթար Հայրապետյանին, ոչ էլ առիթ եմ ունեցել շփվելու։ Այնպես որ, ինչ ազդակներ կան կամ չկան, չեմ կարող ասել։

- Իսկ իրո՞ք նման վատ մթնոլորտ է տիրում շախմատում։ 

- Իսկ ի՞նչ մթնոլորտ է շախմատում։

- Թշնամական մթնոլորտ, հանրապետական ու քաղաքի ֆեդերացիան չեն շփվում միմյանց հետ։ Ի վերջո, Լեւոն Արոնյանն էլ իր գրառման մեջ նշել էր, որ նման մթնոլորտ կա շախմատում։ 

- Չգիտեմ, Խալիկյանին հարցրեք, երեւի ինքն ավելի ինֆորմացիաների է տիրապետում, որոնց ես չեմ տիրապետում։ 

- Իսկ, օրինակ, խնդիր տեսնո՞ւմ եք, որ երիտասարդների ճանապարհը փակում են։ 

- Ոչ, նման խնդիր չկա, մեզ մոտ արդար սկզբունքով երիտասարդները, ուժեղները միշտ էլ առաջ են գնացել, նույնիսկ եթե պետք է եղել, զիջել ենք, որ երիտասարդին ճամփա տանք։

- Իսկ սերնդափոխության առումով ի՞նչ վիճակ է, կա՞ արժանի հերթափոխ։

- Ունենք շատ լավ երիտասարդներ, շատ լավ գրոսմայստերներ, ավելի փոքր տարիքի խոստումնալից երիտասարդներ։ Բայց տարիներ կտեւեն, մինչեւ որ ձեւավորվի էնպիսի հավաքական, որն ի զորու կլինի պայքարել մեդալների համար։ Չեմ կարծում՝ նման տարիներին նման հնարավորություն կունենանք։