Մոսկվան տեղյակ է այդ ամենից և ամեն կերպ պատժելու է Հայաստանին, ինչպես եղավ 100 տարի առաջ

Մոսկվան տեղյակ է այդ ամենից և ամեն կերպ պատժելու է Հայաստանին, ինչպես եղավ 100 տարի առաջ

Եվրախորհրդարանն օրերս ընդունեց արտաքին քաղաքականության եւ ԵՄ անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձեւ. «Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված եւ անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի եւ գազի ներմուծումը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում: Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը եւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։ Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները»: Հայաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի այս քայլը փորձում են ներկայացնել իբրև շատ կարևոր հայանպաստ քայլ:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը մեզ հետ զրույցում անդրադառանալով թեմային ասում է. «Հայաստանի իշխանությունների մասով պետք է ասեմ, որ արդեն անլուրջ է դարձել նրանց մեկնաբանելը: Նրանց բոլոր քայլերն ու գործողություններն անլուրջ են: Բովանդակային ոչինչ իրականում Եվրախորհրդարանի գործողության մեջ չկա: Արևմուտքի համար առաջնային պայքարի օբյեկտն այսօր Ռուսաստանի Դաշնությունն է, այլ ոչ թե Ադրբեջանը: Արևմուտքը ալտերնատիվ միջոցներ է փնտրում՝ Ռուսաստանին ճնշելու համար: Ասել, թե ՌԴ-ից բացի Արևմուտքը կարող է այլ կողմի հետ լուրջ կոնֆլիկտի մեջ մտնել, ծիծաղելի է: Նրանք նպատակ ունեն ՌԴ-ին այս տարածաշրջանից վերջնականապես դուրս թողնել: Հայաստանի իշխանություններն ակտիվ նպաստում են այդ քաղաքականությանը՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի իշխանությունների: Նրանք փորձում են բալանսավորված քաղաքականություն վարել, ինչը բնականաբար Արևմուտքի մոտ դժգոհություն է առաջացնում: Բայց այնուամենայնիվ դրանք մակերեսային խնդիրներ են իրականում և Հայաստանի համար ոչ մի էական դերակատարում ունենալ չեն կարող: Նույնիսկ եթե Արևմուտքն առարկայական քայլեր անի Ադրբեջանի դեմ, մենք ոչ մի օգուտ դրանից չենք ունենալու, որովհետև դա ոչ թե մեզ է ուղղված, այլ ՌԴ-ին: Հայաստանի իշխանություններից Արևմուտքն իսկապես գոհ է: Արդյունքում փորձ է արվում մաքսիմալ փչացնել հայ-ռուսական հարաբերությունները: Այս քաղաքականությունն ունենալու է ողբերգական ավարտ՝ Ղարաբաղի նման: Պատմականորեն էլ այս քաղաքականությունը բերում է ողբերգություններ, բայց մեր ժողովուրդը դիտորդի նման հետևում է, թե ինչպես է կրկնվելու պատմությունը», - ասում է Բոզոյանը:

Ինչո՞ւ են իշխանությունները հատկապես վերջին օրերին կտրուկ հակառուսականությամբ հանդես գալիս. «Նրանք արդեն կողմնորոշված են, որ պետք է ՌԴ-ի տիրույթից դուրս գան: Արևմուտքի հետ հստակ որոշումներ ունեն արդեն: Ի դեպ՝ Մոսկվան տեղյակ է այդ ամենից և ամեն կերպ պատժելու է Հայաստանին, ինչպես եղավ 100 տարի առաջ»: