Միգուցե Լևոն Տեր Պետրոսյանի արձա՞նն էլ դնի․․․

Միգուցե Լևոն Տեր Պետրոսյանի արձա՞նն էլ դնի․․․

Օհան Դուրյանի արձանի ճաշակով կամ անճաշակ լինելու մասին չեմ խոսելու։ Իմ կարծիքն անփոփոխ է՝ Նիկոլ Փաշինյանի գալու օրվանից առ այսօր մի ճաշակով ու մշտական բան չեմ տեսել։ Ինչ նա անում է, կարծում եմ ժամանակի ընթացքում, եթե երկիր մնա, ամբողջովին վերանայվելու է։ Ավերման ահավոր ճեղք է բացվել բոլոր կառույցներում, շտկել է պետք։  

Այլ բանի մասին եմ խոսելու, որին ինքս էլ ներկա եմ եղել։ Ասում է՝ Օհան Դուրյանի ներկայությունն Ազատության հրապարակում խորհրդանշում է նաև իմ ներկայությունը։ Թվարկում է նաև Արամ Սարգսյանի ներկայությունը, Վահագն Խաչատուրյանի, Դումանյանի ներկայությունը։ Կարող էր թվարկել նաև այն ժամանակվա ՀՀՇ ողջ կազմի ներկայությունը, որոնք այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում։ Բայց նա գիտակցաբար չի նշել մի կարևոր ներկայություն, որի համեմատ իր ներկայությունը զրոյի է եղել հավասար։ Գիտակցաբար եմ ասում, որովհետև ինքը չէր կարող մոռանալ քաղաքական այդ գործչի անունը։ Օհան Դուրյանը, այո, երբեմն  ներկա է եղել  Լևոն Տեր Պետրոսյանի կամ ինչպես ասում են՝ համաժողովրդական շարժման հանրահավաքներին։ Նույնիսկ տառ- տառ հիշում եմ նրա ելույթները։ Նիկոլն ընդամենը վարել է համաժողովրդական շարժման  կամ Լևոն Տեր Պետրոսյանի հանրահավաքները։ Հիմա ասում է՝ Օհան Դուրյանի ներկայությունն Ազատության հրապարակում խորհրդանշում է իմ, Արամ Սարգսյանի, Դումանյանի, Վահագն Խաչատուրյանի ներկայությունը։

Ինչու՞ է միայն դրանցով սահմանափակվում, թող նշի նաև մյուս ՀՀՇ- ականների անունները, որ մարդիկ պարզ հասկանան, որ նրանցով է ձևավորված իր իշխանությունը։ Շատ էլ թե այսօր ասում են՝ չէ՛, նրանք ՀՀՇ-ից դուրս են եկել։ Մյուս կողմից ինչու՞ չի նշում Լևոն Տեր Պետրոսյանի անունը։ Ես սա քաղաքական շահարկման համար չեմ ասում։ Այնպես է ստացվում, որ ինքը զգում է համաժողովրդական շարժման երկրորդական դեմքերի ներկայությունը, իր ներկայությունը,  բայց մոռանում է շարժման հիմնադիրի ներկայությունը։ Նիկոլը ինչու՞ է թաքցնում դա։ Միգուցե Լևոնի արձա՞նն էլ դնի, որ իր ու մյուսների  ներկայությունը ավելի լավ զգա․․․ Ես սա սարկազմով չեմ ասում, ամենայն լրջությամբ եմ ասում։ 

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Օպերայի հարակից տարածքում մասնակցում էր Օհան Դուրյանի արձան-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը։