Մենք ընթերցողին ենք հաշվետու, այլ ոչ թե մեկուկես միլիոն անաշխատ եկամուտ ստացող եւ մամուլը փնովող նախարարներին

Մենք ընթերցողին ենք հաշվետու, այլ ոչ թե մեկուկես միլիոն անաշխատ եկամուտ ստացող եւ մամուլը փնովող նախարարներին

Մեր առօրյա կյանքին ամենաբնորոշ արտահայտություններից մեկն այսօր «սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռռում» ասացվածքն է։ Մի նախարար կա՝ Արայիկ Հարությունյան անուն-ազգանունով, որը հեղափոխության օրերին ցուպը ձեռքին ուղեկցեց Նիկոլ Փաշինյանին Գյումրիից Երեւան եւ մի ամիս անց անհայտ ու իր կյանքում ոչնչի չհասած դասախոսից դարձավ կրթության եւ գիտության նախարար։ Դե, բայց քանի որ մեր կյանքի ամենաբնորոշ պատմությունն էլ վերջին երկու տարիներին Քաջ Նազարի հեքիաթն է, հասարակությունը դա նորմալ համարեց։ Բոլորս հույս ունեինք, որ երիտասարդ, չկոռումպացված, կառավարման հմտություններով «չփչացած» պաշտոնյաները իրական բարեփոխիչներ կդառնան, իրենց ղեկավարած համակարգերում կտրուկ եւ դրական փոփոխություններ կապահովեն, կանեն այն, ինչ չէին անում հոգնած ու կոռումպացված նախկինները։ Առնվազն գոնե նոր շունչ կհաղորդեն այդ համակարգերին, աշխատելու նոր խթաններ կձեւավորեն, եւ ներքեւի օղակներում աշխատողները նոր գաղափարներ ու նոր աշխատաոճ կորդեգրեն։

Բայց, պարզվեց, պաշտոն չտեսած ու կարգավիճակ չունեցող այս անձինք միայն երկու բան գիտեն՝ կադրերին փոխել եւ հին համակարգերը քանդել։ Իհարկե, արանքում այլ դրսեւորումներ էլ ի հայտ եկան, ասենք՝ սորոսական ՀԿ-ների սերած կադրերով համակարգը համալրելուց մինչեւ սորոսական՝ անցյալում մերժված ծրագրերի եռանդուն իրականացումը։ Կամ՝ տրանսգենդերների եւ տրանսվիստիտների, առհասարակ՝ տարբեր փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության քարոզը, ընդհուպ մինչեւ նախարարի կաբինետում նրանցից մեկին հյուրընկալել։ Բայց ամենատպավորիչը հին կադրերին հայտարարված «պատերազմն» էր, որի մեջ առաջին պլանում հայտնվեցին բուհերի ռեկտորներ։ Ոչինչ, որ կարճ ժամանակ անց պարզվեց, որ կամ իրենք համապատասխան կադրեր չունեն, կամ՝ նորանշանակները խայտառակվում են եւ  հեռացվում, կամ չեն տիրապետում իրավիճակը եւ դառնում են ձեւական ֆիգուրներ։ Օրինակները շատ են։ Ասենք, Տնտեսագիտական համալսարանի ոդիսականը բավական կլիներ համոզվելու համար, որ մենք «մրից ելնում, մրջուրն ենք ընկնում»։ Բայց առավել տպավորիչ է Երեւանի պետհամալսարանի դեպքը, որտեղ «կյանքի գնով» ազատվեցին Արամ Սիմոնյանից եւ աշխատող կառույցը հանձնեցին բախտի քմահաճույքին։ Սիմոնյանից հեռանալուց ի վեր ոչ միայն մեկ միլիմետր անգամ չի փոխվել ու առաջ գնացել ԵՊՀ-ն, այլեւ խայտառակ մթնոլորտ ու անտեր վիճակ է տիրում այնտեղ։ Մայր բուհն արդեն մեկ տարի է` ռեկտոր չունի եւ ռեկտորի արժանի թեկնածու էլ չունի, չնայած ռեկտորի ընտրություններն արդեն հայտարարել են։ Բայց քանի որ այս իշխանությունն այնքան բարոյականություն էլ չունի, որ թեկնածու չունենալու պարագայում գոնե չմիջամտի բուհի ռեկտորի ընտրությանը եւ թողնի, որ բուհն ինքը որոշի՝ օրինական ընտրությունների ճանապարհով, հիմա տարբեր մանիպուլյացիաներ են անում մրցույթի հետ կապված։ Եվ ամենակարեւորը՝ ինչպես չեն կողմնորոշվում հազար ու մի այլ հարցում, այստեղ էլ ցաքուցրիվ ու անորոշ վիճակ է։ Եվ ծրագիր ու զարգացման կոնցեպցիա, գաղափար ու հեռանկարային պլան չունենալու գործոնն այստեղ էլ է դրսեւորվում։ Ուստի ոչ միայն օրենքներն են տանում-բերում, մշակում ու վերամշակում, այլեւ ամեն օր ԵՊՀ ռեկտորի նոր թեկնածուներ են հայտնվում դաշտում, նոր անուններ են շրջանառության մեջ դրվում, նոր մարդիկ են հավակնություններ դրսեւորում։ 

Որովհետեւ՝ եթե Արայիկ Հարությունյանը կարող է լինել սուպերնախարար ու կառավարել չորս համակարգ, ինչո՞ւ չի կարող բուհի 60-ամյա դասախոսը, դեկանի երիտասարդ տեղակալը կամ հին ժամանակներից պաշտոնավարող դեկանը լինել ռեկտոր։ Բարձր պաշտոն զբաղեցնելու «պլանկան» այնքան է իջել, որ ով ասես կարող է հավակնել պետական բարձր պաշտոնի ու կարգավիճակի։ 
Այս պարագայում, երբ ոչ իշխանությունը, ոչ բուհի ղեկավարությունը, ոչ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը չգիտեն, թե ինչ է սպասվում բարձրագույն կրթության ոլորտին՝ օրենքի ու քաղաքականության առումով, երբ չգիտեն, թե ով է նստելու բուհի ռեկտորի աթոռին, անգամ չգիտեն, թե ինչ է ուզում նախարարը՝ ինչ գաղափարների տեր է նա, ինչ պատկերացումներ ունի իրենց ոլորտի հետ կապված, բնական է, որ մամուլը պետք է արտացոլի այս «անտերուդուս» վիճակը, այս շփոթը, թեկնածուների անհասկանալի բազմազանությունը։ 

Ի վերջո, մեր աչքի առաջ է Բարձրագույն կրթության մասին օրենքի «ոդիսականը», որն օվկիանոսում հայտնված մակույկի նման տարուբերվում է՝ փոփոխություններն էլ թելադրվում են բառացիորեն «փողոցից»։ Մեր աչքի առաջ է հայերենի եւ պատմության ուսուցման նկատմամբ նախարարության վարած քաղաքականությունը։ Մեր աչքի առաջ քանդեցին տարբեր կառույցներ եւ պատմության գիրկն ուղարկեցին Կրթության ազգային ինստիտուտը, հիմա էլ Գիտությունների ազգային ակադեմիան են քանդում՝ չբացատրելով, թե ինչու եւ ինչ է լինելու դրա փոխարեն։ Իսկ դատելով մինչ օրս իրականացված քայլերից, կարող ենք վստահաբար պնդել, որ նոր ստեղծվողը ոչնչով լավը չի լինելու հնից։ Նաեւ մեր աչքի առաջ կոռուպցիայի մեջ մեղադրվեց Արայիկ Հարությունյանի մի տեղակալն ու հայտնվեց բանտում։ Մյուս երկու փոխնախարարներին՝ անհայտ պատճառներով, ազատեցին աշխատանքից։ Նրանցից մեկի տնից էլ գողություն կատարվեց՝ պատկառելի գողոնի մասին հրապարակումներ եղան։ Ո՞ր մեկը թվարկեմ։ Օպերայի սկանդա՞լը, որն ավարտվեց կոլեկտիվի հաղթանակով, եւ պարզվեց՝ Օրբելյանին հեռացնելու ծրագիրն ամենեւին էլ սկզբունքային չէ։ Թե՞ Մատենադարանում ծավալված դեպքերը, որոնք անցած շաբաթ դարձան հանրության սեփականությունը։ 

Արայիկ Հարությունյան նախարարի երկամյա ճանապարհը նման անմտածված ու ավարտին չհասցված, անգաղափար ու անծրագիր քայլերի շարան է։ Եվ այս անձը, որը պետական բյուջեից ահռելի աշխատավարձ է ստանում, մամուլին հանդիմանում է անհետեւողական լինելու, ճշգրիտ չլինելու մեջ։ Նա այսօր մի ստատուս է գրել «Հրապարակի» դեմ։ Ահա այն․

«Մի քանի շաբաթվա ընթացքում գրում են հոդվածներ ԵՊՀ ռեկտորի ընտրության բոլոր հավանական ու անհավանական տարբերակների մասին, որ հետո ասեն՝ ինչպես մենք արդեն կանխատեսել էինք...
Եվ սա բնորոշ է ոչ միայն այս լրատվամիջոցին, այլ մեծ մասին: Իշխանությունից որ պատասխաններ պահանջում եք, լավ եք անում, դա Ձեր հիմնական գործն է: Բայց դուք երբևէ պատասխան տալու՞ եք ընթերցողին այ այսպես ապակողմնորոշելու համար»։

Եվ սա գրում է մի անձ, որի ոչ մի երկու գործողություն իրար հետ փոխկապակցված չեն։ Որի տեսլականը՝ կրթության, գիտության, մշակույթի կամ սպորտի ոլորտների մասին, հայտնի չէ։ Որի երեսը, բառացիորեն, իր աշխատակազմը չի տեսնում։ Որի գործը հիմնականում անում են փոխնախարարները։ Որը պրոֆեսորների ու գիտնականների հետ շփվելու տարրական կուլտուրա չունի (իր մոտ խորհրդակցության կադրերը բոլորս ենք հիշում)։ 

Եվ վերջապես, ի գիտություն Արայիկ Հարությունյանի եւ այն անձանց, ում թվում է, թե մամուլը ԿԳՄՍ քայլերն ու այս ոլորտում տիրող խառնաշփոթը լուսաբանելով, ԵՊՀ ռեկտորացուների անունները հրապարակելով «ապակողմնորոշում է ընթերցողին» եւ պետք է «պատասխան տա»․ մամուլի՝ «պատասխան տալու» միակ ձեւը ընթերցողի կողմից մեր նյութերի կարդալ-չկարդալով է արտահայտվում։ Մենք Ձեր նման ահռելի փողեր չենք ստանում պետական բյուջեից եւ դրա դիմաց հաշվետու լինել պարտավոր չենք ոչ մեկի, հատկապես՝ մեր աշխատանքից դժգոհ չինովնիկների առաջ։ Հակառակը՝ ինչքան Դուք դժգոհ եք մեր աշխատանքից, ուրեմն այնքան ճիշտ ենք աշխատում։ 

Մեզնից կարող է դժգոհել Վայոց ձորի բնակիչ Դավիթ Մարգարյանը, ով ամեն օր երկար ճանապարհ է կտրում` մեր թերթն առնելու համար, եւ այն օրերին, երբ «Հրապարակը» չի տպագրվում, ասում է, որ իր կյանքի ամենատխուր օրերն են։ Կարող է դժգոհել Վանաձորի բնակչուհի Գոհար Հովհաննիսյանը, ով ամեն օր թերթն առնում եւ իր հարեւանների հետ կոլեկտիվ ընթերցումներ է կազմակերպում։ Էլի շատ շատերը, բայց ոչ ԿԳՄՍ նախարարը։ Մենք ընթերցողի առաջ ենք պատասխանատու ու հաշվետու, այլ ոչ թե մեկուկես միլիոն անաշխատ եկամուտ ստացող եւ մամուլը փնովող նախարարների։