Ընկերական խորհուրդ` երիտասարդ բանաստեղծներին

Ընկերական խորհուրդ` երիտասարդ բանաստեղծներին

Մարտահրավերներ՝ երիտասարդ բանաստեղծներին

Հնարիր նոր լեզու, որը հասկանալի կլինի ցանկացածին։

Մագլցիր Ազատության արձանը։

Հասիր անհասանելիին։

Համբուրիր հայելին ու գրիր ինչ տեսնում ու լսում ես։

Պարիր գայլերի հետ ու հաշվիր աստղերը, ընդ որում նրանք, որոնք անտեսանելի են։

Եղիր միամիտ, անմեղ, ոչ ցինիկ, ասես նոր իջած լինես երկնքից (ինչպես իրոք իջել ես, ինչպես իրոք որ բոլորս ենք իջել)՝ զարմացած՝ որտեղի՞ց վայր ընկար։

Գրիր ապրող պահի մասին։ Եղիր հաղորդող դրսի տարածությունից՝ ուղարկելով զեկույցներ ինչ-որ մեծագույն խմբագրի, որը հավատում է ամբողջական դրսեւորմանը եւ տանել չի կարողանում փչոցներ։

Գրիր անվերջանալի մի բանաստեղծություն երկրի վրա կամ այլ մի տեղ կյանքիդ մասին։

Կարդա մարդկության դատողության տողատակը։

Խուսափիր գավառականությունից, մղվիր դեպի տիեզերականը։

Մտածիր սուբյեկտիվորեն, գրիր օբյեկտիվորեն։

Երկար մտքերը տեղավորիր կարճ նախադասություններում։

Մի հաճախիր պոեզիայի մասին դասընթացների, բայց եթե ամեն դեպքում գնաս, ապա մի գնա սովորելու «ինչպես անել», այլ «ինչ» (ինչի մասին է կարեւոր գրել)։

Մի համաձայնիր այն քննադատների հետ, որոնք ոչ մի գլուխգործոց չեն գրել։

Դիմադրիր շատ, ենթարկվիր քիչ։

Գաղտնի կերպով ազատ արձակիր զնդանում տեսածդ յուրաքանչյուր արարածի։

Կարճ բանաստեղծություններ գրիր թռչունների ձայնով։ Քո լիրիկան իրապես լիրիկական դարձրու։ Ծլվլոցը չի ստեղծվել մեքենաների կողմից։ Բանաստեղծությանդ թեւեր տուր, որ հասնի ծառերի կատարներին։

Ուիլիամ Կարլոս Ուիլիամսի այդքան շատ ցիտված հեղինակավոր հայտարարությունը՝ «չկան գաղափարներ առանց իրերի», լավ է արձակի համար, բայց լիրիկականության վրա այն մահացու մի ձեռք է դնում, քանզի «իրերը» մեռած են։ 

Մի լցրու բանաստեղծությունդ ինքդ քո մասին մտքերով եւ կարծիր, թե մնացածին դա կարեւոր կթվա։

Հիշիր ամեն ինչ, մոռացիր ոչինչ։

Աշխատիր սահմանագծին, եթե կգտնես։

Գնա ծով կամ աշխատիր ջրին մոտ ու թիավարիր սեփական նավակդ։

Ընկերացիր մտածող բանաստեղծների հետ։ Նրանց գտնելը դժվար է։

Վեր հանիր տարաձայնություններ եւ քննադատական մտածողություն։ «Առաջին միտք, լավագույն միտքը» ստեղծված չէր մեծագույն պոեզիայի համար։ Առաջին միտքը կարող է վատագույն միտքը լինել։

Ի՞նչ կա մտքումդ։ Ի՞նչ ունես այնտեղ պահած։ Բացիր բերանդ ու դադարիր փնթփնթալ։

Այնքան ազատամիտ մի եղիր, որ ուղեղդ դուրս թափվի։

Հարցականի տակ դիր ամեն ինչ եւ ամեն մեկին։ Եղիր կործանարար՝ մշտապես կասկածի տակ դնելով իրականությունն ու ստատուս-քվոն։

Բանաստեղծ եղիր, ոչ թե շրջիկ վաճառական։ Բավականություն մի պատճառիր, մի եղիր հնարավոր հանդիսատեսի, ընթերցողների, խմբագիրների կամ հրատարակիչների միջի մարդ։ 

Դուրս արի պահարանիցդ։ Այնտեղ մութ է։ 

Բարձրացրու վարագույրները, բաց թող պատուհաններիդ փեղկերը, բարձրացիր տանիք, հանիր դռների կողպեքները, բայց դեն մի նետիր դրանք։ 

Նվիրվիր քեզնից դուրս ինչ-որ բանի։ Մարտնչիր դրա համար։ Կամ զմայլվիր դրանով։

Վաթսունում բանաստեղծ լինել՝ նշանակում է լինել վաթսուն, 40-ում բանաստեղծ լինելը նշանակում է լինել բանաստեղծ։ Եղիր երկուսն էլ։

Արթնացի՛ր, կյանքը եռում է։

Քեզ լավ օր։

Լոուրենս Ֆերլինգետի

 

Ընկերական խորհուրդ՝ բազմաթիվ երիտասարդների

Գնացեք Տիբեթ։

Ուղտ քշեք։

Աստվածաշունչ կարդացեք։

Կապույտ ներկեք ձեր կոշիկները։

Մորուք աճեցրեք։

Շրջանակի մեջ առեք բառը՝ թղթե նավակի վրա։

Բաժանորդագրվեք The Saturday Evening Post-ին։

Ծամեք բերանի միայն ձախ կողմով։

Ամուսնացեք միոտանի կնոջ հետ ու սափրվեք ածելիով։

Եվ փորագրեք ձեր անունը նրա ձեռքին։

Մաքրեք ձեր ատամները բենզինով։

Ամբողջ օրը քնեք, իսկ գիշերները ծառեր մագլցեք։

Դարձեք վանական ու խմեք գարեջուր
Գլուխներդ պահեք ջրի տակ ու ջութակ նվագեք։

Պորտապար պարեք վարդագույն մոմերի տակ։

Սպանեք ձեր շանը։

Քաղաքապետի թեկնածություն դրեք։

Ապրեք տակառում։

Ջարդեք ձեր գլուխները կացնով։

Վարդակակաչներ տնկեք անձրեւի տակ։

Բայց մի գրեք բանաստեղծություն։
 
Չարլզ Բուքովսկի 

 

Թարգմանությունը՝ Անահիտ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ