Մերօրյա հայաստանյան հարունալ-ռաշիդները

Մերօրյա հայաստանյան հարունալ-ռաշիդները

Վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյան Նիկոլը կառավարության անդամներին խնդրել և հորդորել է աշխատանքային օրերին մեկ-մեկ առանց կոստյում-փողկապի դուրս գալ աշխատասենյակներից և հանպատրաստից շփվել մարդկանց հետ: Ի՞նչ է դա՝ եթե ոչ նիկոլական պոպուլիզմի ներդրում կառավարության աշխատակարգում: Բայց քանի որ ինքը մեծ փորձառությամբ պոպուլիստ է, ապա այդ հորդորը հիմնավորել է տեղեկատվության ձեռքբերման անհրաժեշտությամբ: Նորագույն տեխնոլոգիաների մեր դարում տեղեկատվություն քաղելու պապենական եղանակը թե որքանով է արդյունավետ՝ կիմանա միայն հորդոր անողը: Վաղ միջնադարում Հարուն ալ-Ռաշիդն էր, չէ՞, կերպարանափոխվում և պալատից դուրս գալով՝ շփվում շարքային բաղդադցիների հետ: Վերադառնալով Նիկոլին՝ արձանագրեմ, որ «լրիվ ազատ ռեժիմով» մարդկանց հետ շփվելու խորհուրդ տվողը, ենթադրաբար, ինքը չի հետևի այդ խորհրդին:

Որովհետև ամենաանսպասելի վայրում և պահին կարող է արժանանալ «սյունյաց ողջույնների»: Ու այդ պատճառով էլ վաղուց հանպատրաստից չի շփվում շարքային քաղաքացիների հետ: Ինչպես մամուլն է գրում, իբրև թե պատահական հանդիպումներին մասնակցելու համար մարդկանց ցուցակագրում են նախապես: Այնուհետև անձնագրերով ստուգում են «հայաստանյան ժողովրդավարության հիմնադրի» հետ հանդիպելու եկած անձանց իսկությունը: Որպեսզի, բնականաբար, «ավելորդ» մեկը՝«ոչ տեղին» հարցերով, չմասնակցի հանկարծ:     

Բայց քանի որ կառավարության անդամների մեծամասնության նկատմամբ դժվար թե «սյունյաց ողջույններ» կիրառվեն, նրանք տեսականորեն կարող են հետևել «մեծարգո պարոն վարչապետ Փաշինյանի» խորհրդին: Վստահաբար նրանց կդիմավորեն «բողոքի տոպրակները» բացած, քանի որ այլ տարբերակի ընդունելության իրենք արժանի չեն:

Կարծում եմ նաև, որ ամեն մի ոչ պաշտոնական այցելություն նրանց կպարգևի անմոռանալի տպավորություններ: Կհարստացնի նրանց բառապաշարը տեղական խոսվածքի գոհարներով: Եվ եթե կառավարության տվյալ անդամի հոգու հեռավոր խորքում դեռևս պահպանված լինեն մանկության զգացումներ, ապա ինչ-որ պահի այն կարող է խնդիրներ առաջացնել պաշտոնավարման առումով: Չնայած կասկածում եմ, որ 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո կառավարության առաջին մասնաշենքի օվալաձև այդ սենյակում շաբաթը մեկ հավաքվող անձանց շրջանում կարող են հանդիպել նման մարդիկ: Ընդամենը տարիներ անց, եթե Հայաստան աշխարհը, ի հեճուկս իրենց ջանքերի, պահպանված լինի՝ մեր ժամանակաշրջանի վերաբերյալ ծոռների դժվար հարցերից կխուսափեն հոգնած լինելու պատճառաբանությամբ: Բայց ի տարբերություն իրական Հարուն ալ-Ռաշիդի՝ մերօրյա հարունալ-ռաշիդների պատմությունները կմոռացվեն դեռևս իրենց կենդանության օրոք: