Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի քննության որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի քննության որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին

Գրել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, շարունակվում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների բողոքի քննությունը, որը քիչ առաջ ավարտվեց։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հուլիսի 8-ին, ժամը 11։00-ին։

Հիշեցնենք՝ մամուլում հրապարակվեց ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ֊ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան։

ՀԳ Հիշեցնենք, որ Չարչյանը կալանքի տակ է հունիսի 20-ից, իսկ կալանքի բողոքարկումն անցած շաբաթվանից է ընթանում։ Հուլիսի 2-ին՝ ուրբաթ օրը, ժամը 6-ին մոտ մեղադրողը հայտարարել էր, որ աշխատանքային օրն ավարտվել է եւ ինքը չի պատրաստվում մասնակցել բողոքարկման հետագա քննությանը, թեեւ կալանքի հարցերի քննությունը, որպես կանոն, անգամ գիշերվա ժամերին է ընթանում եւ որեւէ սահմանափակում աշխատանքային օրվա կամ ժամի հետ կապված գոյություն չունի։ Սակայն դատարանը՝ տեղի տալով դատախազի կամքին, նիստը հետաձգել էր 4 օրով՝ մինչեւ հուլիսի 6-ը, քանի որ արանքում հանգստյան օրեր էին։ Հիշեցնենք նաեւ, որ մեծ թվով մտավորականներ, բժիշկներ եւ թվով 7 պատգամավոր դիմել են դատարանին՝ միջնորդելով փոխել հայտնի բժշկի խափանման միջոցը։