Հեղափոխությունն այդպես էլ չմոտեցավ ցմահ դատապարտվածներին

Հեղափոխությունն այդպես էլ չմոտեցավ ցմահ դատապարտվածներին

Երբ 2018 թ․ ապրիլ-մայիսյան հեղափոխությունը նոր-նոր էր հաղթանակել, շատերը վստահ էին, որ այն մտնելու է կալանավայրեր՝ ցմահ ազատազրկվածների խցեր։ Նման լավատեսություն, նախևառաջ, ունեին ցմահ դատապարտվածներն իրենք։ Անցած 1․8 ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ վաղաժամկետ ազատազրկման ինստիտուտից պետք չէ հեղափոխական, անգամ արմատական փոփոխությունների սպասելիքներ ունենալ։ Այս ընթացքում հարյուրից ավելի ցմահ դատապարտյալներից ընդամենը 2-ն են վաղակետ ազատվել․ 2018-ին ազատ արձակվեց 1996-ից ԱՄՆ-ում ազատազրկման մեջ գտնվող Կարեն Օգանեսյանը, նրան վերագրված է երկու անձի սպանություն: Իսկ այս տարվա հունվարի 24-ին էլ ազատ արձակվեց Աշոտ Մանուկյանը, ով նույնպես իր պատիժն էր կրում 1996 թվականից՝ մեղադրվելով և դատապարտվելով երեք զինծառայողի սպանության համար:

Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Մեջլումյանն ասում է, որ եթե նախկինում այս ինստիտուտի հարցում տաբու կար, ապա հիմա ահավոր մեծ զգուշավորություն է՝ պայմանավորված տուժողների հանգամանքով։ «Մի դեպքում մեքսիկացի տուժողներ էին, և նրանց մեր տեղեկատվությամբ չեն էլ իրազեկել, մյուսն էլ՝ ծնողները ներել էին։ Սա էր ողջ գաղափարաբանությունը, և  բոլոր չափանիշները համապատասխանեցվում են սրան»,-ասում է իրավապաշտպանը՝ նշելով, որ Հայաստանում կա հոդվածային խտրականություն՝ Քրօր․-ի 104 հոդվածի 2-րդ  մասով՝ ցմահ դատապարտյալների հետ կապված։ 

Զարուհի Մեջլումյանը, մինչդեռ, հիշեցնում է, որ ՄԻԵԴ-ը մշտապես իր որոշումներում դիրքորոշում է արտահայտել, որ ցմահների վաղաժամկետ ազատումը չպետք է պայմանավորված լինի տուժողների հանգամանքով։ Այնինչ, այս դեպքում պետք է հաշվի առնել, թե անձը որքանով է պատժի կրման ժամանակ սոցիալականացվել։

Ավելին՝ Զարուհին ասում է, որ իրենց ներքին կարգով ասվել է՝ գնացեք, տուժողների հետ լեզու գտեք։

Մեջլումյանի ամփոփմամբ՝ մենք հետդարձ ենք կատարում դեպի նախնադարյան համայնական կարգեր, որը չուներ դատական համակարգ, պետական համակարգ։

«Եվ եթե սա է, ապա էդ դեպքում ի՞նչ նպատակ ունի մարդկանց տանել, 25 տարի պահել․․․․ այսինքն՝ պետությունը չկատարի իր պարտականությունները, մարդիկ այնտեղ տասնյակ տարիներով ամեն ինչից զրկված լինեն։ Երբ մահվան դատապարտվածների հուշերը կարդում ես, հասկանում ես, որ այնտեղ գոյատևման խնդիր է ընդամենը եղել, էլ ուր մնաց մարդն իրեն մի փոքր լավ զգա, մի միջոցառման մասնակցի»,-ամփոփում է իրավապաշտպանը։