Մակերեսային գիտելիքներով իր հերթական ցնդաբանություններն էին դրանք

Մակերեսային գիտելիքներով իր հերթական ցնդաբանություններն էին դրանք

Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագիրն էր ներկայացնում: Մենք հիշեցինք, որ այդ ելույթում նա խոսել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ հայտարարել է «տնտեսական հեղափոխություն» սկսելու մասին: Առհասարակ, ողջ ելույթը կառուցված էր թավշյա, աննախադեպ հեղափոխության գովքով եւ այդ հեղափոխության հենքի վրա տնտեսական հեղափոխություն սկսելու մասին երազանքներով: Հենց այդ ելույթում էր նաեւ խոսել այն մասին, որ մեր աղքատությունը մեր գլխի մեջ է, եւ այլն: Նա նաեւ ազդարարել էր, որ որոշել են Հարկային օրենսգրքում փոփոխություններ անել, եւ բոլոր այն բիզնեսները, որոնք տարեկան մինչեւ 24 միլիոն դրամի շրջանառություն ունեն, ազատել հարկերից։

«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի ՀՀ-ում մարդը զրոյից բիզնես անելու հնարավորություն ունենա։ Ի՞նչ պետք է անել սրա համար․ սրա համար նախ պետք է հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի հարկերի տակ մարդը, քաղաքացին չճռռա։ Երկրորդը՝ մեծացնել ֆինանսական հոսքերի հասանելիությունը, որպեսզի մարդը որոշակի վարկավորում ունենալու եւ հնարավորինս էժան տոկոսներով վարկավորում ունենալու հնարավորություն ունենա, եւ նաեւ օգնել նրան՝ իր բիզնես կրթության մակարդակը բարձրացնելու առումով»,- հայտարարել էր Փաշինյանը: Ապա խոսել էր մինչեւ 24 միլիոն դրամի շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելու մասին եւ կանգ առել այն մտքի վրա, թե ինչպես որոշել՝ ով ունի 24 միլիոնի, ով` 80 միլիոնի շրջանառություն: Ապա եզրակացրել, որ դա պետք է հայտնաբերվի ՀԴՄ-ների միջոցով, եւ կոչ էր արել մարդկանց, որ ՀԴՄ կտրոններ պահանջեն, որպեսզի իրենք շրջանառության չափը, բացահայտեն կեղծարարությունները, եւ ՀԴՄ մշակույթ ներդրվի:

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի 5-ամյա վաղեմության ելույթին, նշեց, որ Հարկային օրենսգրքում այդ փոփոխությունն արված է, օրենքն ընդունված է ու արդեն իսկ գլխացավանք է դարձել բոլորի համար: «Սա մեր օրենսդրության հերթական չարիքներից մեկն է հանդիսանում, որովհետեւ Երեւան քաղաքից դուրս առեւտուր իրականացնող փոքր խանութները միկրոբիզնեսի տակ աշխատում են, բայց, միեւնույն ժամանակ, ինքնազբաղ անձինք, փոքրիկ արտադրությունները, օրինակ, չրերի վերամշակում, պատրաստում, կիսաֆաբրիկատների պատրաստում, մրգօղիներ, տարբեր մուրաբաներ, կոմպոտներ եւ այլն, եւ այլն, որը գյուղական համայնքներում բնակվելով` մարդիկ կարող են թեկուզ անտառի տված հատապտուղներից օգտվել, արտադրություն հիմնել, իրավունք չունեն միկրոբիզնեսի անվան տակ աշխատել»,- ասաց Սարգսյանը։ Հետեւաբար, այս փոփոխությունները ոչ թե արդյունաբերությունը խրախուսեցին, այլ միայն` առեւտուրը, որը տնտեսության մեջ ուղղակի աննորմալություն է համարվում:

«2019 թվականից սկսած՝ ես պայքարում եմ այս չարիքի դեմ, մինչեւ հիմա պայքարը շարունակվում է, բայց խնդիրը դեռ վերացված չէ»,- ասաց Սարգսյանը։ Փաշինյանը ելույթի մյուս հատվածում խոսում էր այն մասին, որ 24 միլիոն դրամի տարեկան շրջանառություն ունեցողները հարկեր չպետք է վճարեն, եւ ինքն իրեն հարց էր տալիս` արդյո՞ք դա վերաբերելու է նաեւ կենսաթոշակային ու սոցիալական վճարներին։ «Եվ այստեղ մենք ունենք մի հարց՝ այս առաջարկի, այս հնարավորության արդյունքում մեզ մոտ զրոյից ստեղծվելո՞ւ են միկրոբիզնեսներ, թե՞, ասենք, հարյուր միլիոնանոց բիզնեսները դառնալու են հինգ կամ վեց միկրոբիզնեսներ: Այս պրոբլեմը մենք այսօր արդեն ունենք Հայաստանի Հանրապետությունում։ Երբ Հայաստանում շրջանառության հարկը ներդրվեց, բոլորիս թվում էր, թե մենք տնտեսության համար մի բալասան ենք գտել: Ասում էինք՝ փոքր բիզնեսին աջակցելու ենք, բայց միլիարդանոց ընկերությունները դառան շրջանառության հարկ վճարող, եւ այդ դեպքերը բոլորս գիտենք: Բերեցին խանութներում ամեն մեկը 65 հատ հաշվիչ դրամարկղային մեքենա շարեցին, 65 տարբեր անհատ ձեռներեցների անունով եւ հարկերից սկսեցին խուսափել»,- 2019 թվականի ելույթում պատմում էր Փաշինյանը` ըստ էության, ներկայացնելով «Երեւան սիթիի» քրեական գործը, որի ժամանակ հայտնաբերվեց, որ ՔՊ-ի սիրելի գործարար Լֆիկն անհատ ձեռներեցներով ահռելի հարկեր է թաքցրել պետությունից, բայց ելույթի պահին արդեն Լֆիկն անցել էր Փաշինյանի թրի տակով, ուստի նրա անունը չհնչեցրեց։

Նաիրի Սարգսյանը նշում է, որ սա եւս իրականությանը չի համապատասխանում։ «Իհարկե, չարաշահումներ որոշ կազմակերպությունների կողմից եղել են, բայց դրանք չնչին չարաշահումներ են: Իսկ հենց այսպիսի իրավական ակտի առկայությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար էական խոչընդոտ է: Որպեսզի մարդը գյուղացուց ապրանքն առնի, բերի սուպերմարկետում վերավաճառի, դրա համար պետք է 33 տոկոս հարկ վճարի։ Առավել ձեռնտու է, որ Ռուսաստանից, Բրազիլիայից, Թուրքիայից ներկրի, քան թե Հայաստանից առնի։ Դրա համար հայկական արտադրանքը, մասնավորապես՝ գյուղարտադրանքը, մսամթերքը, միրգը, բանջարեղենը, մրցունակ չեն Հայաստանում վաճառելու համար։ Սրանք մակերեսային գիտելիքներով իր հերթական ցնդաբանություններից են, որ դուրս է տվել»,- նշեց Սարգսյանը։ Մի քանի իրավախախտների պատճառով բոլոր պարտաճանաչ հարկ վճարողներին ուղղակի չեն բռնում եւ տուգանում՝ դրա փոխարեն պետք է վարչարարություն իրականացնել՝ եզրափակեց Աուդիտորների պալատի նախագահը։ Ստացվում է, որ Փաշինյանի՝ միկրոբիզնեսին ուղղված քաղաքականությունը եւս ամբողջությամբ կրախ է ապրել ու հավելյալ խնդիրներ ստեղծել գյուղմթերքի արտադրության ոլորտում զբաղվող մարդկանց համար՝ իրենց ապրանքի իրացման հետ կապված։