«Հրապարակ». ՆԳ փոխնախարարների կենսագրականներում բացեր կան

«Հրապարակ». ՆԳ փոխնախարարների կենսագրականներում բացեր կան

ՀՀ ներքին գործերի փոխնախարարներ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն ու փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը բազմաթիվ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ ոստիկան են դարձել՝ չունենալով իրավաբանական կրթություն (Արամ Հովհաննիսյանը մինչեւ հիմա էլ չունի), երկուսն էլ գեներալի ուսադիր են ստացել Նիկոլ Փաշինյանի ձեռքից, երկուսն էլ ծառայում են հենց Նիկոլ Փաշինյանին եւ ոչ ՀՀ քաղաքացիներին։ Երկուսն էլ աչքի են ընկնում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգոհ քաղաքացիների նկատմամբ առանձնակի դաժանությամբ։ Ընդ որում, Կամո Ցուցուլյանը դա անում է փրկարարի համազգեստով։ Ու մենք նկատեցինք, որ երկուսի կենսագրությունում էլ բացեր կան։

ՀՀ ներքին գործերի նախարարության կայքում հրապարակված կենսագրականների համաձայն, Արամ Հովհաննիսյանը բանակից զորացրվել է 1987 թվականին, իսկ 1990 թվականին դարձել է Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ: Որտեղ է եղել Արամ Հովհաննիսյանը 1987-1990 թթ․ ժամանակահատվածում՝ պարզ չէ։ Մեկ տարի՝ 1990-1991 թթ․ շրջանում, միլիցիոներ աշխատելուց հետո Արամ Հովհաննիսյանն ազատվել է ծառայությունից, բայց 1993 թվականին կրկին վերադարձել, նշանակվել է Արտաշատի  ներքին գործերի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր: Որտեղ է եղել Արամ Հովհաննիսյանը 1991-1993 թթ․՝ պարզ չէ։ 

Կամո Ցուցուլյանը ոստիկան է դարձել 2001 թվականին, իսկ բանակից զորացրվել է 1998-ին։ Որտեղ է եղել եւ ինչով է զբաղվել Կամո Ցուցուլյանը 1998-2001 թթ․՝ պարզ չէ։ Ըստ հրապարակված կենսագրության, Կամո Ցուցուլյանը 1995 թվականին ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական պետական ինստիտուտը, իսկ բանակ է զորակոչվել 1996-ին։ Որտեղ է եղել Ցուցուլյանը 1995-1996 թթ․՝ պարզ չէ։

Այսօր բարձրաստիճան պաշտոնյա Արամ Հովհաննիսյանն ու Կամո Ցուցուլյանը կարող էին գյուղատնտեսությամբ զբաղվել, ավտոբուս վարել կամ խառատ աշխատել։ Նորմալ է` մարդ մի բանով պիտի զբաղվի՞, թե՞ չէ։ Բայց երբ բարձրաստիճան պաշտոնյան թաքցնում է իր կենսագրության որոշ հատվածներ, կասկածներ են առաջանում՝ արդյոք ամեն բան կարգի՞ն է։ Օրինակ, լուրեր կան, որ 1991 թվականին Արամ Հովհաննիսյանին հեռացրել են աշխատանքից եւ համակարգից։ Երկու տարի անց ծանոթ է ճարել ու վերականգնվել։ Սա կարող է հերքել միայն Արամ Հովհաննիսյանը՝ ասելով, թե ինչու է հեռացել համակարգից, որտեղ է եղել երկու տարի, ինչու է վերադարձել նույն համակարգ եւ այլն։
Նույնը վերաբերում է նաեւ Կամո Ցուցուլյանին` սեփական կենսագրության բացերի վերաբերյալ։

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ