Նախընտրական քարոզարշավի օգուտները

Նախընտրական քարոզարշավի օգուտները

Մայիսի 12-ը սկսվեց սովորականի պես: Սյունիքում ադրբեջանցիներն իրենց դիրքերը մի քանի կիլոմետր առաջ տարան: Մոտակա գյուղի բնակիչներն ահազանգեցին այդ մասին, եւ ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց: Ինչպես միշտ է լինում, իշխանությունները սկսեցին հանգստացնել հանրությանը՝ ասելով, թե ոչինչ էլ չի պատահել, կրակոցներ եւ տուժածներ չեն եղել: 

Բայց հետո ինչ-որ բան փոխվեց: «Վերեւներում» հիշեցին, որ շուտով սկսվելու է՝ փաստացի սկսվել է նախընտրական քարոզարշավը, եւ մինչեւ հունիսի 20-ը պետք է փոխել գործելաոճը: Տեղեկացանք, որ ՀՀ ԶՈՒ մոտակա կորպուսի հրամանատարները հանկարծ հիշել են «թավշյա հեղափոխության» օրերին կրած գլխարկների գրությունը եւ դարձել են «դուխով»: Ի տարբերություն մի քանի միլիարդ դոլար արժեցող Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի մասի զավթման դրվագի, նրանք չեն համաձայնել հոժարակամ ստանձնել սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովի դժվարին դերը: 

Այդպիսի հանձնաժողովները կազմված են լինում նեղ մասնագետներից, եւ նրանց դժվարին աշխատանքը տեւում է տասնամյակներ: Իսկ մեր գեներալներն այդ աշխատանքը կատարեցին մի քանի օրում՝ GPS-ի օգնությամբ: Երեւի թե աշխարհի մյուս  պետությունները դեռ տեղյակ չեն այդ GPS կոչվածի գոյության մասին եւ շարունակում են տասնամյակներ, միջինը՝ 10 տարուց ոչ պակաս, տանջել իրենց քարտեզագետներին, երկրաբաններին, միջազգային իրավունքի մասնագետներին, ԱԳՆ, ՊՆ եւ ԱԱԾ աշխատակիցներին:     

Ինչեւէ, հիմա չի կարելի քննադատել գեներալներին, որովհետեւ նրանք հերոսացել են՝ տարածելով վարչապետին քննադատող հայտարարություն, որը, չգիտես ինչու, գնահատվել է որպես ռազմական հեղաշրջման փորձ: 

Այդ սրբադասված գեներալներից մեկն էլ լրագրողներին բացատրեց, որ պետք չէ լսել գեներալի կոչումից պակաս կոչում ունեցող զինվորականների վկայությունները վերջին պատերազմի մասին, քանի որ նրանք տեսել են միայն իրենցից ոչ հեռու գտնվող մարտերը եւ չեն հասկացել, որ Գլխավոր շտաբից եկող՝ 50 կիլոմետր նահանջելու հրամանները թելադրված են եղել զինվորական գիտնականների եւ ստրատեգների գիտական մտքով: 

Այդ բարձրաստիճան զինվորականը երեւի վստահ է, որ գեներալը գեներալի գլուխ չի ուտի: Ի դեպ, այդ  գիտնականներից մեկը, Հայաստանում գուցե ամենակարկառունը, մեզ բոլորիս ծանոթ՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է, որը հիմա թոթափում է հոգնածությունը Միացյալ Նահանգներում: Նա իսկապես շատ է չարչարվել պատերազմի օրերին եւ արժանի է այն պարգեւավճարներին, որոնք, ըստ ամենայնի, վաստակել է իր փայլուն կատարած առաջադրանքի համար: 

Նա  ավարտել եւ տպագրել է իր վերջին աշխատությունը, որը, ըստ նրա վկայության, տեղի ունեցած պատերազմի մասին չէ, այլ տեղի ունենալիքի: Կարծում ենք, որ թուրք եւ ադրբեջանցի գեներալները հիմա նստած սերտում են ռազմագիտության տիտանի այդ գլուխգործոցը:
Ի դեպ, անցյալ տարվա հուլիսին Տավուշում տեղի ունեցած հայկական դիրքերի մի այսպիսի առաջխաղացում որակվեց որպես մեծ հաղթանակ, եւ դրա համար մի քանի տասնյակ զինվորականներ պարգեւատրվեցին մեդալներով ու շքանշաններով: 

Իսկ ադրբեջանցիների համար այդպիսի առաջխաղացումը դարձել է սովորական մի բան, որը նրանք անում են առանց  զենքի օգտագործման, քանի որ դիմադրության չեն հանդիպում: Կամ այդ դիմադրությունն այնքան գաղտնի է լինում, որ թուրքերը չեն զգում:

Ենթադրվում է, որ երբ նախընտրական եռուզեռն աշխուժանա, Ադրբեջանի ԶՈՒ-ն ավելի հանդուգն կդառնա, Հայաստանում կհայտարարվի ռազմական դրություն եւ ընտրությունները կհետաձգվեն:
Իշխող ուժը դա նախապես գուշակել էր եւ Ընտրական օրենսգրքում կատարել էր համապատասխան լրացում: Այդուհանդերձ, դա ուղեղի մեծ ճիգեր չէր պահանջել, քանի որ առանց այդ ուժի դժվար կլինի իրականացնել այն ամենը, ինչ խոստանում է անել Իլհամ Ալիեւը:

Գրիգոր Էմին-Տերյան