Տագնապն ու ագրեսիան ավելի վտանգավոր են, քան վիրուսը

Տագնապն ու ագրեսիան ավելի վտանգավոր են, քան վիրուսը

Հոգեբան Անուշ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ինչ անել

Տագնապն ու ագրեսիան ավելի վտանգավոր են քան վիրուսը: Արդյունքում մարդիկ կորցնում են զգոնությունն ու սթափ դատողությունը: Լիքը աննպատակ գործողություններ են անում, կորցնում ավելորդ էներգիա և երբեմն նաև գումար, օրինակ անհեթեթ գնումներ կատարում: Այս պահին սթափ դատողությունը մեզ ամենաշատն է պետք:
Եկեք ապացուցենք, որ մենք մտածող և ռացիոնալ մարդիկ ենք և պատրաստ ենք պաշտպանել մեզ և մեր ընտանիքները, մեր շրջապատին:

 Հետևեք միայն պաշտոնական լուրերին՝ առողջապահության նախարարության հրապարակած տեղեկատվությանը: Փչացած հեռախոսի զոհեր դառնալը խելամիտ չէ:

Մի տարածեք Ձեր ընկերների ագրեսիվ կամ հեգնական նյութերը, որոշ օգտատերեր դրանց իմաստը չեն կարող հասկանալ և կտարածեն որպես ստույգ տեղեկատվություն: Ցանկացած պարագայում, նույնիսկ, եթե վտանգը մեծ է, մենք վախից ավելի ենք վատթարացնում վիճակը: Վախը, որևէ կերպ չի օգնում, կարելի է պաշտպանվել, առանց վախի:

Մի կարդացեք և մի հետևեք անձնական գրառումներին, եթե չեք կարողանում տարբերել ստույգ և ոչ ստույգ տեղեկությունը, եթե վախեր ունեք: Հաշվի առեք, որ ֆեյսբուքյան բոլոր օգտատերերը ունեն իրենց խնդիրներն ու վախերը և դրանց համապատասխան արտահայտվում են: Կարիք չկա նրանց վախերին զոհ դառնալ, հետևել դրանց:

Ցանկացած իրավիճակում Ձեզ հարցրեք, հիմա խելամի՞տ եմ վարվում, թե՞ էմոցիաներիս եմ զոհ գնում: Այժմ պետք է սահմանափակել տեղեկության տարածումն ու ավելորդ տագնապի գեներացիան: Ցանկացած նյութ հրապարակելիս մտածեք՝ ինչին եք դրանով օգնում: Սա կօգնի՞, թե՞ կխանգարի:

Հավատացե՛ք, ֆեյսբուքյան գրառումներով և նամակներով որևէ մեկին, որևէ բանից չեք փրկում: Պետք չէ ավելորդ ակտիվություն ցուցաբերել՝ զգուշացնել, հիշեցնել և այլն: Դրանով միայն պանիկա եք առաջացնում: Առհասարակ աշխատեք խուսափել կարդալ և առավել ևս տարածել վախեցնող, տագնապ առաջացնող, «շտապ տարածել» վերնագրով նյութեր:

Ի վերջո, հնարավոր է, որ մի շաբաթ հետո ամեն ինչ խաղաղվի, սակայն տագնապն ու ագրեսիան կարող է անվերադարձ փչացնեն Ձեր հարաբերություններն ու կարևորը՝ օրը:

Հիշեք, որ միշտ կա ավելի վատ իրավիճակ, քան այն, որում գտնվում ենք: Չի կարելի ծայրահեղացնել ամեն բան, փորձեք չափավոր արձագանքել: Այո, հիվանդությունները մեր կյանքի մի մասն են կազմում, և մենք պիտի սովորենք դրանց հետ ապրել: Բոլոր երկրները, որոնք անցել են այս վիրուսի միջով, չնայած կորուստներով, բայց հաղթահարել են: Պետք է մտածել դրա մասին:

Անընդհատ մտածեք՝ ինչ կարող եմ անել ես, և արեք այդքանը, մնացածը թողեք մասնագետներին: Կարող եմ պաշտպանել ինձ և հարազատներիս: Հստակ նշված է, թե ինչպիսին պիտի լինեն պաշտպանության մեթոդները, ու դա միակ գործն է, որ Դուք պիտի անեք հիմա:

 Ես սրա մասնագե՞տն եմ՝ ոչ, կամ՝ այո: Եթե այո, ապա խոսեք և տվեք Ձեր խորհուրդը, եթե ոչ, ապա մի խոսեք այդ մասին: Մի քիչ պատասխանատու եղեք նաև Ձեր մտքերի արտահայտման մեջ:

Շարունակեք Ձեր բնականոն կյանքը, ցույց տվեք երեխաներին, հարազատներին և գործընկերներին, որ ամեն բան կարգին է: Հետևեք կանոններին, բայց մի դադարեք անել այն, ինչ պետք է:

Տագնապը միայն անորոշության հետևանքով է: Չգիտենք ինչ է տեղի ունենալու: Սակայն դրանից առաջ էլ չգիտեինք, թե ինչ է լինելու, քանի որ ապագան և մեզ սպասվող վտանգները անկանխատեսելի են: Սովաբար մենք պատրանք ենք ստեղծում, որ ապահով ենք, իսկ հաջորդ պահին, երբ ինչ-որ բան փոխվում է, համարում ենք, որ անապահով ենք: Ապահովություն չկա, կա վստահություն դրա մեջ: Աշխատեք վստահ լինել և խաղաղ, անկախ ամեն ինչից, այս պահին ուժերը պետք է ծախսել սրա վրա:

Առողջ եղեք և խոսեք առողջության ու կյանքի մասին, դրա հակառակի մասին խոսելու փոխարեն: Եթե ոչինչ չեք կարող անել, գոնե օգնեք մարդկանց վստահ լինել:

Ժամանակս չհերիքեց կարճ գրելու...»։