Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի

Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի

Յուրաքանչյուր գիտակից հայաստանցի պատերազմից այս կողմ պաշտոնական տեղեկատվության նկատմամբ տածում է զրո վստահություն: Ու դա այդպես էլ պետք է լիներ: Խոսքը, իհարկե, վերաբերում է միայն ու միայն գրագետ ու խելացի հայաստանցիներին: Եվ այնպես չէ, որ պատերազմից հետո գործող իշխանությունը փորձեց փոփոխություններ մտցնել իր վարքագծում՝ հասարակության այդ հատվածի վստահությունը շահելու նպատակով:

Ընդհակառակը, ավելի առաջ գնաց կորսված վստահությունն էլ ավելի փչացնելու առումով: Թե ինչի կարող է դա նմանվել՝ ասեմ, որ դա նման է ծեծված ու անշունչ մարմնին մի վերջին անգամ հարվածելուն: Ընդամենը հիշենք այս տարվա մայիսին ադրբեջանցիների կողմից Սեւ լճերի տարածք ներխուժելու վերաբերյալ տեղեկատվության բացարձակ բացակայությունը: Իսկ մնացածների համար կա՛մ Նիկոլը շարունակում է մնալ մերօրյա «փրկիչ» եւ կա՛մ նա թեեւ արդեն փրկիչ չէ, սակայն ինչ էլ պատահում է երկրում՝ նախկիններն են մեղավոր: Հասարակության այդ երկու մեծ հատվածների համար պաշտոնական տեղեկատվությունը շարունակում է մնալ վստահելի: Ու դա էլ պետք է այդպես լիներ: Որովհետեւ եթե որեւէ մեկը շարունակում է մնալ նիկոլապաշտ կամ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված, ապա նա չի կարող չվստահել գործող իշխանությանը եւ նրա տեղեկատվությանը:  

Օրերս էլ ՀՀ պետական սահմանի Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցի զինծառայողին գերեվարելու վերաբերյալ տեղեկատվությունը տարածվեց ոչ թե պաշտոնական ալիքներով, այլ տելեգրամյան մասնավոր ալիքների կողմից: Հետո էլ նույն աղբյուրներից իմացանք, որ մեկ օր անց գերիները ռուսական կողմի միջամտությամբ հանձնվել են ադրբեջանական կողմին: Նորմալ մարդիկ սկսեցին բողոքել, թե ինչու, նախ, երկու ադրբեջանցու առումով միջադեպը չլուսաբանվեց պաշտպանության նախարարության կողմից: Եվ ապա՝ ինչու դրանք չփոխանակվեցին գերության մեջ գտնվող մեր տղաների հետ: Կարծում եմ, որ նման հարցերը տրվում են ադեկվատ եւ ոչ թե պարտությամբ հպարտացող իշխանությանը: Երկու դեպքում էլ կրկին դրսեւորվեց գործող իշխանության՝ չգիտես՝ ապաշնորհ, թե դավաճան վարքագիծը: Եվ կամ երկուսը միասին, թեկուզ բարդ է դրանց համատեղումն ընկալելը: Ավելին, նույնիսկ վախենամ, որ, ընդհակառակը, խնդիրներ ծագեն այդ երկուսին գերեվարած մեր զինվորականների համար: 

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ ոչ թե մերօրյա «փրկիչ» Նիկոլը, այլ ադեկվատ անձնավորություն, ապա ադրբեջանցի գերիների խնդիրը կլուծվեր ի շահ մեր երկրի: Նախ, նրանք կփոխանակվեին ադրբեջանական բանտերում պահվող մեր գերիների հետ: Ապա, մեր ԱԱԾ-ն, հայաստանյան ընդդիմադիրներին հետեւելու փոխարեն, կհետեւեր Ադրբեջանին հանձնված այս երկու գերիների հետագա ճակատագրին իրենց հայրենիքում: Եվ եթե այնտեղ նրանց նկատմամբ պետական մակարդակով մերժողական վերաբերմունք ցուցաբերվեր, ապա դա կօգտագործվեր միջազգային կառույցներում: Այն, ինչ իսպանական լրատվամիջոցին տրված հարցազրույցում օգտագործեց Իլհամը: Խոսքը գնում է Հայաստանի սահմանին գերեվարված եւ վերադարձված զինվորականների նկատմամբ քննություն անցկացնելու գաղափարի մասին: Իսկ այդ գաղափարի հեղինակը, հիշեցնեմ, պետական մտածողության բացարձակ բացակայությամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն էր: Մի խոսքով, վարչապետ ունենք՝ աշխարհը չունի: