Պատմաբաններ, արձանագրեք, որ հայոց պետականության անկումն սկսվեց 2018 թվականից

Պատմաբաններ, արձանագրեք, որ հայոց պետականության անկումն սկսվեց 2018 թվականից

Այնպես չէ, որ մինչեւ 2018 թվականը հայոց պետությունը կառավարել են սրբերը: Եթե նրանք գոնե «մի փոքր…» սուրբ լինեին, ապա 2018 թվականին ի հայտ չէին գա հակահայեր եւ ընդհանրապես՝ հակամարդիկ:

Ավելորդ է անդրադառնալ վերջին երեք կամ մի փոքր ավելի ժամանակահատվածի իրադարձություններին: Ոմանք կարող են որպես պետականության եւ ընդհանրապես՝ տարածաշրջանում հայերի աղոտ ապագայի սկիզբ համարել 2020 թվականի բեմադրված պատերազմի ելքը: Մինչդեռ ավելի սարսափելի պատերազմներ են տեսել հայերը: Это мелочь, թող ներեն հերոսաբար նահատակվածները, բայց ոչ նրանց հարազատները, ովքեր արժանապատիվ չգտնվեցին այս ընթացքում, ավելին՝ իրենք էլ են պատրաստ մատաղացու լինել։

Հայերը չեն պարտվել այդ պատերազմում: Նրանք պարտվել են այն պահից ի վեր, երբ մարդկային զարգացման ինչ-որ որակի մակարդակի հասնելուց հետո սկսեցին գահավիժել: Տնտեսությունը ու նման բաները երկրորդական, երրորդական են: Ցանկացած ազգի գոյատեւման գրավականը մշակույթն է՝ լայն իմաստով, արժեհամակարգը, ինչպես որ՝ զարգացման, բարգավաճման համար:
Ամերիկյան մի կինոնկար կա, որի գլխավոր հերոսը հանիրավի դատապարտվում է մահվան՝ էլեկտրական աթոռի միջոցով: Երբ նրան բանտապետն առաջարկում է փախուստի դիմել՝ հասկանալով, որ այդ մարդն անմեղ է, նա ասում է. «Չեմ ցանկանում, որովհետեւ ես չգիտեմ ով եմ եւ որտեղից եմ գալիս… ընկերներ չունեմ…»։

Որտեղի՞ց են գալիս հայերը, ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ «ընկերներ» չունեն…
2018 թվականին, հավատալով, թե ինչ-որ լավ բան կլինի պետության համար, համաձայնեցի մասնակցել «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպված գիտագործնական համաժողովին (նյութերը հրապարակվել են «Ինչ անել» խորագրով ժողովածուում), որին մասնակցում էր ներկայիս վարչապետը: Գաղափարն այն էր, որ Հր. Կորեայի նման պետք է ավտորիտար ռեժիմ հաստատվի՝ տնտեսության թռիչքային զարգացումն ապահովելու համար: Այսպես կոչված՝ «օլիգարխների» առջեւ պետք է հստակ խնդիրներ դնել (ներառյալ կամ առաջնահերթ՝ պաշտպանական արդյունաբերության զարգացմանն առնչվող), այլ ոչ՝ «կթել»: Ավելի ուշ պետք է հասկանայի, որ տնտեսության զարգացման, պետության անվտանգային խնդիր ընդհանրապես գոյություն չունի նոր իշխանության օրակարգում: 

Խնդիրը բոլորովին այլ տեղում է: Վերջին տարիներին իմ ուշադրության կենտրոնում են հայտնվել մարդիկ, ում անձամբ ճանաչել եմ ու վստահել (սոցիալական կապիտալ), ովքեր ընդմիշտ լքել ու լքում են Հայաստանը: Նրանք մարդկային որակներ են: Թվում էր, թե փոքր եւ բաց տնտեսությամբ երկրում հնարավոր չէ հաստատել բռնապետություն (համենայնդեպս՝ մարդկության պատմության մեջ չի հանդիպել), ավտորիտար, հնարավոր ամենավատ դրսեւորումներով պետություն: Փաստորեն՝ ստացվեց: Բայց իրեն հարգող, հնարավորություն ունեցող մեկն այլեւս իրեն չի կարող տեսնել «մարդկային որակ» կատեգորիայից անսահման հեռավորության վրա գտնվողների իշխանության ներքո: Հեռանում են, քանի որ պետության բռնության մեքենայի դեմ երբեւէ «խաղ» չի եղել ու չի կարող լինել. անիմաստ է գլուխ ջարդել «ինչ-որ սին ազգային գաղափարի» համար, քանի որ այդպիսին հայերին հակացուցված է:

Հասկանո՞ւմ են, արդյոք, պետական բռնության «գործիքները», որ իրենք «ԵրԱԶ» գործարանում ժամանակին թողարկվող ավտոմեքենաների առջեւի կամրջակին բութ բոլտերը կվալտով նստեցնողներ են, ինչին ականատես էր եղել ԽՍՀՄ մինավտոպրոմի փոխնախարարը, ով դրանից հետո ջուրը նետեց հայ ավտոարդյունաբերողների «մանկության բյուրեղյա երազանքը». թողարկել RAF-ի (Ռիգայի ավտոգործարան) նման մարդատար ավտոմեքենաներ՝ մինիվեներ: Նույնիսկ այն ժամանակ հայերի, ավելին՝ խորհրդային բազմաթիվ ժողովուրդների մշակութային մակարդակը զիջում էր մերձբալթյանին: Իսկ մշակույթն ամենակարեւորն է՝ բարդ արտադրանք թողարկելու համար. RAF, VEF ու նման բաներ: Բռնության այդ գործիքները, գուցե, լավ չեն պատկերացնում, թե ինչքան նուրբ գործով պետք է զբաղված լինեին, այո, բութ անվանվող բոլտերը նրբորեն իրենց տեղը դնողները, այլ ոչ կվալտով հարվածողները…

Եվս մի քանի տարի, եւ ՀՀ անվանվող տարածքում կմնան բացառապես ՀՀ քաղաքացիներ, որոնց անձնագրերում, չգիտես թե ինչու, գրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, այսինքն՝ ազգային պետության քաղաքացի: Ենթադրաբար, ՀՀ-ն պետք է լիներ ազգային պետություն, բայց կասկածելի մարդկային որակներով, ավելի ճիշտ՝ այդպիսի որակներից զուրկ ինչ-որ քաղաքացիներ չեն կարող ունենալ ազգային պետություն: Այդ «բարդույթից» հայերին կազատեն լիպարիտյանա-թուրքական մերձեցման գործընթացները: Ի վերջո, դադարեք թուրքերին փնովելուց: Նրանք հստակ գիտակցում են իրենց ազգային շահերը, գիտեն, թե ինչպես պաշտպանել դրանք: Հաջողություն մաղթենք նրանց, քանզի նրանք հարգանքի են արժանի՝ իրենց ազգայինն առաջ մղելու վճռականությամբ:

Ցավալիորեն՝ կրկին պատմաբաններին․ պատերազմները միայն կոփում ու համախմբում են ժողովրդին, մինչդեռ մարդկային որակի ու մշակութային անկումն անշրջելի է դարձնում նրանց կործանումը: Արձանագրեք, խնդրում եմ, այս կործանման մանրամասները, սկսած ոչ միայն ու ոչ այնքան Գյումրիից, որքան 1990-ականների ՀՀՇ-ից, քանզի այլեւս անհնար է որեւէ բան անել, մնում է միայն արձանագրել:

Գագիկ Վարդանյան