Սա ի՞նչ աղմուկ է, իսկ կռիվ չկա, պարոն Ռուբինյան

Սա ի՞նչ աղմուկ է, իսկ կռիվ չկա, պարոն Ռուբինյան

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի ելույթի եզրափակիչ մասը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին դուր չեկավ, եւ պարոնը մի ռեպլիկ բաց թողեց, որ ավելին էր, քան ռեպլիկը: Ճիշտն ասած՝ դա մի քիչ անսպասելի էր ամեն օր Քըլըչ տեսնող մարդու եւ առավել եւս ՀՀ վարչապետի հատուկ ներկայացուցչի պարագայում, բայց ի՞նչ արած, տեղի ունեցածը պիտի ընդունել որպես կատարված փաստ՝ ՔՊ-շնիկի թույլ տված հերթական էշության ապացույց: Իսկ նման էշությունները, ամենատարբեր դրսեւորումներ, ՔՊ-ից անպակաս են:

Ի՞նչ էր ասել Ագնեսա Խամոյանը: Նրա հայտարարությունը Հայաստանում թմրանյութերի տարածման ու դրանց օգտագործման աճի մասին էր: Ընդդիմադիր պատգամավորը պաշտոնական վիճակագրության տվյալներով ցույց տվեց, որ թմրանյութերի տարածումը ՀՀ բնակչության մեջ ռեկորդներ է արձանագրել ոչ միայն քանակապես, այլեւ ընդլայնել է շրջանակները՝ կանանց եւ անչափահասների հաշվին: Նա իր ելույթն ավարտեց հետեւյալ խոսքերով. «Իրազեկման աշխատանքներին զուգահեռ, պետք են նաեւ այլ աշխատանքներ, պետք է թմրանյութերի դեմ պայքարի նոր ռազմավարություն: Սա լրջագույն սպառնալիք է: Պետությունը պետք է կանգնեցնի այս կործանարար ընթացքը՝ բոլոր հնարավոր եւ անհնարին լծակները գործի դնելով: Հակառակ դեպքում հիմնավոր կարող են դառնալ կասկածները, որ այս ամենը տեղի է ունենում իշխանության ներկայացուցիչների, ինչու ոչ՝ հովանավորչության ներքո: Շնորհակալություն»:

Իսկ հիմա լսենք Ռուբեն Ռուբինյանի, այն է՝ ՀՀ իշխանությունների արձագանքը. «Տիկին Խամոյան, արդեն ուզում էի ասել՝ շնորհակալություն ելույթի համար, էն էլ վերջում հարամ արեցիք…»: Միանգամից ասեմ, որ ես համակարծիք եմ ընդդիմադիր պատգամավորի հետ, որ առայժմ հիմնավորված չեն այն կասկածները, որ թմրանյութերի «ներկրումն» ու տարածումը ՀՀ իշխանությունների եւ նրանց «նշանակած» նորահայտ նարկոբարոնների մենաշնորհն են: Ճիշտ է, որպես Երեւանի Ավան վարչական տարածքի բնակիչ, քանիցս լսել եմ, այսպես կոչված, ՔՊ-շնիկ փոխթաղապետի նարկոտիկ արկածների մասին, տեսել վերջինիս, մեղմ ասած, հոգեմետ լուսանկարները, բայց այդ ամենը չեմ կարող հիմնավոր կասկած համարել եւ հայտարարել, որ Ավան վարչական տարածքի իշխանական ղեկավարությունը հովանավորում է թմրանյութերի տարածումն ու վաճառքը մեր թաղամասում: Ավելին ասեմ՝ խոսակցություններ կան, որ բուսաբանական այգին վերածվել է համացանցի օգնությամբ այդ մահաբեր հիվանդության տարածման մեկուսի վայրի… Սրանք առայժմ միայն խոսակցություններ են, բայց, ինչպես տիկին Խամոյանն է ասում, պետությունը պետք է քայլեր ձեռնարկի սրա դեմն առնելու համար, այլապես թե՛ կասկածները կդառնան հիմնավոր եւ թե՛ խոսակցությունները կհաստատվեն, որ այս ամենը տեղի է ունենում եւ շարունակում է աճել ոչ առանց իշխանությունների հովանավորչության:

Ժողովուրդն ասում է․ «գող՝ սիրտը դող»: Հիմա Ռուբեն Ռուբինյանը, լսելով պատգամավորի հայտարարության եզրափակիչ մասը, վեր է թռչում տեղից, թե՝ վերջում հարամ արեցիք: Զգույշ, պարոն Ռուբինյան, մարդու լեզուն մարդու թիվ մեկ թշնամին է: Կարծում եմ՝ ՔՊ-շնիկների առաջիկա հավաքում Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա ձեր ռեպլիկի բարոյահոգեբանական կողմին եւ կխնդրի այսուհետ զսպվածություն հանդես բերել հատկապես այն ելույթների ու հայտարարությունների նկատմամբ, որոնցում խոսվում է կառավարության բացթողումների եւ ՀՀ իշխանությունների այլասերվածության մասին: Եվ իսկապես, Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, որեւէ փաստ ունի՞, որ Հայաստանում թմրանյութերի բիզնեսն այսօր ՀՀ իշխանությունների որոշ ներկայացուցիչների մենաշնորհը չէ: Ռուբինյանը նման փաստ չունի, բայց ընդդիմադիր պատգամավորին «ռեպլիկում» է, թե՝ մեզ տենց բաներ չասեք: Լո՞ւրջ… Բա համացանցն ու սոցկայքերի դա՞շտը ոնց փակենք, որտեղ լիքը պատմություններ կան բարձրաստիճան «նարկոշների» մասին: Ռուբեն Ռուբինյան, Տիգրան Ավինյան, Հրաչյա Հակոբյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, տո հենց Նիկոլ Փաշինյան, դուք սոցիալական կայքերում չկա՞ք, ձեզ մոտ թեկուզ չհիմնավորված կասկածներ չե՞ն առաջացել, որ ՀՀ իշխանությունները, այնուամենայնիվ, իրենց լուման ունեն այս խայտառակության մեջ, որ ՀՀ իշխանություններն են թիվ մեկ մեղավորը՝ թմրանյութերի անարգել շրջանառության եւ տարածման համար:

Ո՞ւր է ձեր սատանա բռնող ԱԱԾ-ն: Երեւի նարկոտիկ բռնելու գործը նորահռչակ պարեկներին եք թողել, հա՞: Տղերք, այսպիսի քայլերով դուք չեք կարող խոչընդոտել համաշխարհային այդ չարիքի տարածմանը Հայաստանում: Նստեք, ուսումնասիրեք հարցի պատմությունը, ռազմավարություն մշակեք, մարտավարություն որդեգրեք… Թե չէ՝ Ռուբեն Ռուբինյանը ձեզ մի օր իսկականից «կվառի» գործի վրա: