Արդյոք պաշտոնական Երեւանի վրա սկսե՞լ են լուրջ ճնշումներ գործադրվել

Արդյոք պաշտոնական Երեւանի վրա սկսե՞լ են լուրջ ճնշումներ գործադրվել

ԱՄՆ Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող Ջեյմս Օ՛Բրայենի երկօրյա (հունիսի 29-30-ը) այցը Հայաստան, իրոք, կարելի է համարել չափազանց հետաքրքիր ու ինտրիգային։ Հատկապես, եթե այդ այցը համադրում ենք Վաշինգտոնում ընթացող Միրզոյան-Բայրամով-Բլինքեն բանակցությունների հետ, որոնք տեղի ունեցան հունիսի 27-29-ին։ Դատելով Հայաստանում ամերիկյան դեսպանատան տարածած հայտարարությունից՝ «այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Փաշինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը եւ իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ»։

«Հրապարակի» էջերում մենք արդեն գրել ենք այն մասին, որ Միացյալ Նահանգների կամ, առհասարակ՝ Արեւմուտքի կողմից Երեւանի վրա բավականին ճնշում է գործադրվում՝ կապված Ռուսաստան-Արեւմուտք առճակատման համատեքստում սահմանված հակառուսական սանկցիաները պահելու հետ։ Ու, ըստ ամենայնի, այդ ճնշումը սկսել է ավելի խորանալ, քանի որ արդեն ամերիկացի՝ սանկցիոն քաղաքականության կուրացիայով զբաղվող մարմնի ներկայացուցիչներն են այցելում Հայաստան։ Այդ ճնշումը որքան էլ համարենք զուտ աշխարհաքաղաքական առճակատման մաս, նաեւ չենք կարող այն չդիտարկել որպես ներազդման գործիք, որով Միացյալ Նահանգները փորձում է հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում շոշափելի առաջընթացի, չասելու համար՝ վերջնական արդյունքի, եւ դրանով իր դիրքերը, որպես Հարավային Կովկասի խաղաղարար, ամրացնել տարածաշրջանում՝ հակակշռելով, այդպիսով, տարածաշրջանի «ավանդական նայող» համարվող Ռուսաստանին։ Անշուշտ, այդ խաղաղության շրջանակներում վերջնականապես փակելով Արցախի հարցը եւ այն հանձնելով Ադրբեջանի տնօրինմանը։

Ըստ էության, այս այցը նույն շարքի հերթական հանգրվանը պետք է համարել, այն տարբերությամբ, թերեւս, որ Հայաստանը վերջին շրջանում, որքան հասկանալի է, փորձել է ինչ-որ կերպ հարմարվել, այսինքն՝ կատարել իր առաջ հակառուսական սանկցիաների մասով դրված պահանջները, եւ հիմա կարծես թե ամերիկյան բարձրաստիճան ներկայացուցիչն անձամբ է եկել Երեւան, որ «իր աչքով» տեսնի։ Այն մի տեսակ տեսչական ստուգողական այցի է նման։

Չմոռանանք, որ ամերիկյան մամուլում սկսել են հաճախակի հրապարակումներ լույս տեսնել այն մասին, որ Ռուսաստանի դեմ սանկցիաների հարցում մեղմ վերաբերմունք ունեցող երկրներ կան, որոնց թվում հիշատակվում է նաեւ Հայաստանը։ Մեղմ վերաբերմունք ասելով, իհարկե, նկատի ունեն սանկցիաները խախտելը։