Մեկնարկել է Ռուսաստանի նախագահի ամենամյա մեծ ասուլիսը

Մեկնարկել է Ռուսաստանի նախագահի ամենամյա մեծ ասուլիսը

Մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը։ Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված այն կանցնի հատուկ ռեժիմով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բավական դժվար է տեսակոնֆերանսային ռեժիմով նման ծավալուն միջոցառման անցկացումը։

 

Նա նաեւ հավելել է, որ Կրեմլյան պուլի լրագրողների մի մասը կլինեն Պուտինի Նովո-Օգարյովոյի նստավայրում եւ կկարողանան անմիջականորեն հարցեր ուղղել նախագահին։

 

Պուտինը նշել է, որ երկրում տիրող վիճակի մասին հաղորդումները ստացել է ամբողջ տարվա ընթացքում։ Այն հարցերը, որոնք չեն հնչել անցած ասուլիսի ժամանակ, արձագանքվել են կամավորների եւ հասարակական սեկտորը ներկայացնողների կողմից։ Ի պատասխան Մագադանից հնչած առաջին հարցին, թե տարին ինչպիսին է եղել, Ռուսաստանի նախագահը ասել է, որ տարին բավական բարդ էր, համավարակով պայմանավորված, ինչը բոլորը գիտեն, ինչը իր հետ բերել է նաեւ փոխադրումների կրճատում, լոքդաուններ, սակայն Ռուսաստանն արժանապատիվ է դիմավորել այն։  ՀՆԱ-ն նվազել է 3,6 տոկոսով,  արդյունաբերությունը նվազել է 3 տոկոսով, սակայն այս տարվա նոյեմբերին վերամշակող արդյունաբերության ոլորտում նկատելի է աճ։ Բանկային ոլորտում վիճակը գոհացնող է, եկամուտը կազմել է 1,3 տրիլիոն ռուբլի։

 

Իրական աշխատավարձը տարեվերջին կաճի 1,5 տոկոսով, սակայն իրական եկամուտների կրճատումը կկազմի 3 տոկոս։

 

Գործազրկությունն աճել է։ Պետական պարտքը նվազել է 10 միլիարդ դոլարով, կազմելով 70 միլիարդ դոլար։ Միջազգային պահուստները ավելացել են։

 

Հարցին, թե որքանով էր ռուսական առողջապահական համակարգըպատրաստ համավարակին եւ երբ տեղի կունենան առողջապահական առաջնային օղակի բարեփոխումները, Պուտինը ասել է, որ աշխարհում եւ ոչ մի երկրի առողջապահական համակարգ պատրաստ չէր համավարակին։ Սակայն կան օրինակներ, թե համավարակի պայմաններում ինչպես են կազմակերպվում աշխատանքները։ Ամեն ինչ ճանաչելի է դառնում համեմատության մեջ, հետեւաբար, կարելի է ասել, որ ռուսական առողջապահությունը իրեն ավելի արդյունավետ է դրսեւորել, քան մյուս երկրներինը։ Պուտինը ասել է, որ իրենք կարողացան ժամանակ շահել, երբ կորոնավիրուսը դեռ Չինաստանում էր մոլեգնում։

 

Կարճ ժամանակում Ռուսաստանում հիվանդանոցային մահճակալների քանակն ավելացվել է 277 հազարով։ Ստեղծվել են նոր բուժկենտրոններ։ Դա խոսում է այն մասին, որ համակարգը կարող է արագ արձագանքել արտակարգ իրավիճակներում։ Ռուսաստանը կարողացել է եղած բուժկենտրոնների մի մասն արագ վերապրոֆիլավորել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Արագ կերպով իրականացվել է դիմակների ու բժշկական կոստյումների արտադրության կազմակերպումը։ Դիմակների արտադրությունն ավելացել է 20 անգամ, ինչը եզակի բան է աշխարհում։

Պատասխանելով կորոնավիրուսի պատվաստման վերաբերյալ հարցին, ՌԴ նախագահը նշել է, որ ինքը դեռևս չի պատվաստվել։ «Ես կպատվաստվեմ առաջին հնարավորթյան դեպքում»,-նշել է ՌԴ նախագահը։ Պուտինը համոզված է կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստման անհրաժեշտության հարցում: Ըստ Պուտինի՝ Ռուսաստանը դեռ չունի բավարար սարքավորումներ`անհրաժեշտ քանակությամբ կորոնավիրուսային պատվաստանյութ արտադրելու համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ռուսական պատվաստանյութի պաշտպանության մակարդակը գնահատվել է 97%:

Առողջապահական առաջնային օղակի բարեփոխումները պետք է ապահովեն բոլոր ռուսների համար 100 տոկոսանոց հասանելիություն առողջապահությանը։ Համավարակը մի պարզ եզրահանգման բերեց, պետք է շարժվել սանիտարահամաճարակային համակարգը կատարելագործելու ճանապարհով։ Հաջորդ հարցը վերաբերվում էր Ռուսաստանում տեղի ունենալիք պառլամենտական ընտրություններին, քաղաքական կամպանիաներին եւ այն հարցին, թե ժամանակը չէ, որ համակարգային ընդդիմությունը իր տեղը զիջի երիտասարդ կուսակցություններին։ Պուտինը նշել է, որ սպասվող ընտրությունների հետ կապված գործընթացներում տարբերություններ լինելու են, որոնք բխելու են Սահմանադրական փոփոխություններից։ Պառլամենտի լիազորությունները ընդլայնվելու են՝ ներառյալ կառավարության ձեւավորման ոլորտում։ Դա կավելացնի պատգամավորական կորպուսի արժեքը։ Կուսակցությունների հարցում, արդյոք հին ծանր քաշային կուսակցությունները կմնան, թե ոչ՝ որոշողը քաղաքացիներն են։ Պուտինը հիշեցրել է, որ տասնվեց կուսակցություն կարող է առանց ստորագրություններ հավաքելու մասնակցել ընտրություններին։ Ռուսներն են որոշելու նաեւ երիտասարդ կուսակցություններին ասպարեզ տալու հարցը։

 

Անհրաժեշտ դեղերի քանակն ավելացել է երկու անգամ։ Որոշ ռեգիոններում դեղերի սակավություն կա, սակայն դա լոգիստիկ խնդիր է, իսկ ընդհանուր առմամբ, արդյունաբերական մակարդակում խնդիրները լուծվում են։ Ռուսաստանը թեստավորումների ծավալով մտնում է աշխարհի առաջատար եռյակի մեջ։ Ռուսաստանը առաջին պետությունն է աշխարհում, որը սկսել է արտադրել հակակորոնավիրուսային պատվաստանյութ։ Ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութը ցույց է տվել բարձր արդյունավետություն եւ չի ունեցել լուրջ ուղեկցող նեգատիվ երեւույթ։ AstraZeneca ընկերությունը, ըստ Պուտինի, պատրաստ է համագործակցել ռուսների հետ, օքսֆորդյան պատվաստանյութի հետ կապված աշխատանքներում։ Հաջորդ տարեկսզբից կմեկնարկի առողջապահական առաջնային օղակի բարեփոխումները։ Բոլոր նախատեսված բարեփոխումները կիրականացվեն, հավաստիացրել է Ռուսաստանի նախագահը։ Ավանդական կուսակցություններին էլ պետք է արժանին մատուցել, քանի որ հնչում են տարբեր հարցեր, կարծիքներ, ծավալվում քննարկումներ։ Ընդ որում, բոլոր կուսակցությունների համար էլ ելակետային է հայրենասիրությունը։

 

Ռուսաստանն աստիճանաբար ազատվում է տնտեսության մեջ նավթագազային կախվածությունից: «Եթե ինչ-որ մեկը դեռ ցանկանում է մեզ ներկայացնել որպես բենզալցակայան, ապա դա իրականությանը չի համապատասխանում», - ասել է նա, միաժամանակ հավելելով, որ  կախվածությունը շարունակում է զգալի մնալ:

Պուտինը կարծում է, որ Ռուսաստանում պարտադիր պատվաստում պետք է անցկացվի։ Դա հնարավորություն կտա հաղթահարել համավարակը։ Նա նաեւ վստահ է, որ ռուսական պատվաստանյութը որակյալ է արդյունավետ ու անվտանգ։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանում իշխանությունների թիվ մեկ խնդիրը երկրի ներսում պատվաստումների կազմակերպումն է։ Պատվաստանյութի բավարար քանակությամբ արտադրման համար պետք է կառուցել նոր գործարաններ, ավելացնել դեղագործական արդյունաբերության հզորությունները։ Պուտինը խոստացել է, որ հաջորդ տարի Ռուսաստանը կունենա միլիոնավոր դոզաներ հակակորոնավիրուսային պատվաստանյութ։ Նա նաեւ նշել է, որ որեւէ խանգարող բան չկա, որպեսզի ռուսական պատվաստանյութի արտադրությունը կազմակերպվի նաեւ այլ երկրներում, դա Ռուսաստանի ներսում պատվաստման պրոցեսի վրա որեւէ ազդեցություն չի ունենա։

 

Անդրադառնալով կորոնավիրուսի ծագմանը, Պուտինը ասաց, որ կարեւորը ոչ թե մեղավորներ գտնելն է, այլ ջանքերը մեկտեղելը՝ համավարակի դեմ պայքարելու համար։ Նա նշել է, որ ամբողջ երկրի առաջ մեղադրանքներ չի հնչեցնի, անկախ այն հանգամանքից, թե դրանք ում ուղղված կլինեն, հատկապես, որ հաստատված տվյալներ չկան ինչ որ մեկի մեղավորության մասին վկայող։ Նա ասել է, որ պետք է մտածել բուժսարքավորումների դեղորայքի տեղաշարժի հետ կապված սահմանափակումները հանելու, ծանր վիճակում հայտնված մարդկանց օգնելու ուղղությամբ։

Անդրադառնալով գնաճի եւ աղքատության աճի հետ կապված հարցերին, Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները աշխատում են, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի։ Ընդ որում, գնաճը չպետք է գերազանցի 6,5 տոկոսը, ինչը ամբիցիոզ, բայց հասանելի առաջադրանք է։ Պուտինը նշել է, որ այժմյան խնդիրների պատճառով աղքատությունը 12,3 տոկոսից ավելացել է, հասնելով 13,5 տոկոսի, ինչը կազմում է 20 միլիոն մարդ եւ դա շատ է։ Այդուհանդերձ, որքան էլ դժվար ժամանակներ լինեն, Ռուսաստանը էլի է բախվել աղքատության հետ կապված խնդիրներին եւ սա նոր երեւույթ չէ։ Գնաճի հետ կապված, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը ռեկորդային մեծ քանակով ցորենի բերք է ստացել, սակայն հացի հացամքերքների եւ մակարոնեղենի գներն աճում են եւ դա կասկածելի է։

Պուտինը ասել է, որ իշխանությունները գների հետ կապված հարցերին լինելու են չափազանց ուշադիր ունեն գործիքներ դրանց վրա ազդելու համար, եւ ընդգծել, որ իր համար օրինակ ցավալի է նման գնաճը։ Այժմ, ըստ Ռուսաստանի նախագահի համաձայնագրեր են կնքված արտադրողների հետ եւ նրանք նվազեցնելու են գները։ Պուտինն անդրադարձավ նաեւ աղբահանության եւ աղբի ոլորտում բարեփոխումների, ռուսական ցանցահենների՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու, Նավալնու գործի եւ այլ հարցերի նույնպես, որոնք ունեն խիստ ներռուսական նշանակություն։

Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին, Պուտինը ասել է, որ բոլոր ղեկավարներն էլ բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող մարդիկ են, որոնց համար առաջնայինը սեփական երկրի շահերը առաջ մղելն է, ինչպես եւ իր համար։ Նա ասել է, որ հարմարավետ եւ անհարմարավետ բանակցողներ չկան եւ բոլորի հետ էլ աշխատում է հանուն այն բանի, որպեսզի հասնի առավելագույն արդյունքի Ռուսաստանի համար։ Նա ասել է, որ օրինակ շատ լավ աշխատում է Սի Ծինփինի հետ եւ կա մարդկային փոխվստահելի բարեկամական հարաբերություններ։ Իսկ օրինակ Էրդողանի մասով, Պուտինը ասել է, որ նրա հետ Մոսկվայի տեսակետները միշտ չէ, որ համընկնում են։ Շատ հարցերի հետ կապված ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ։ Սակայն ըստ Պուտինի, Էրդողանը խոսքի տեր տղամարդ է եւ անում է այն հետեւողականորեն, ինչը կարծում է, որ օգուտ է իր երկրի համար եւ դա որոշակի կանխատեսելիություն է հաղորդում, ինչը կարեւոր է։ 

Պուտինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության վերջին թեժացմանը։ Ինչու Ղարաբաղյան հակամարտությունը կրկին թեժացավ հիմա եւ այսչափ կտրուկ։ Ինչպես պահեց իրեն Թուրքիան այդ հակամարտությունում։ Անկարան ցույց է տալիս, որ ունի շահեր, իսկ որոնք են Մոսկվայի շահերը։ Ինչպիսին է իրավիճակը Հադրութում եւ արդյոք հնարավոր է հրադադարի խախտում։ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երկար տարիներ հիմք է ընդունել այն, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները Ղարաբաղի շրջակայքում։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկելիությունից բազմամյա լարվածությունից հետո։ Պուտինը հակված չէ, որ արտաքին հրահրում է եղել։ Ռեգիոնում պետք է հաստատվի ստատուս քվո։ Թուրքիայի կեցվածքը հիմնված է այն բանի վրա, որ պաշտպանում է Բաքվի շահերը եւ պնդում է, որ ադրբեջանական տարածքները պետք է վերադարձվեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը եւ միջազգային իրավունքի տեսակետից, այն ադրբեջանական տարածք է։ Իրական վիճակը բավական բարդ է եւ մարդիկ զենք են վերցրել ոչ հեշտ իրավիճակից ելնելով։ Կողմերը պետք է կանգ առնեն այն կետում, որտեղ եղել են եռակողմ հայտարարության ստորագրման պահին։

 

Պուտինը նկատել է, որ կարեւոր է, որ մարդիկ չեն զոհվում ու խեղվում, արյունահեղություն չի լինում, իսկ մարդկանց կյանքն ու առողջությունը ամենակարեւորն է։ Մնացած հարցերը, ըստ Պուտինի երկրորդական են։ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ հաջորդ փուլով պետք է վերականգվեն տնտեսական հնարավորությունները։ Պուտինը հույս է հայտնել, որ եզակի խախտումները այդպես եզակի էլ կմնան։ Ինչ վերաբերում է Ղարաբաղում խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հնարավոր է կողմերի միջեւ պայմանավորվածության ձեռքբերմամբ։