Գրականության ոլորտում 30 գործ է ներկայացվել ՀՀ նախագահի մրցանակի համար

Գրականության ոլորտում 30 գործ է ներկայացվել ՀՀ նախագահի մրցանակի համար

ՀՀ նախագահի մրցանակի հայտերի ներկայացման վերջնաժամկետն արդեն ավարտվել է։ Այս տարի աննախադեպ շատ հայտեր են ստացվել հատկապես գրականության ոլորտում։ ՀՀ նախագահի մրցանակը շնորհվում է ամեն տարի` լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) եւ աշխատանքներ կատարած ՀՀ քաղաքացի հանդիսացող հեղինակներին՝ հետեւյալ յոթ բնագավառներում․ բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, ֆիզիկա, բժշկագիտություն, արվեստ (այդ թվում՝ ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ եւ արվեստի այլ ձեւեր - 2 մրցանակ), գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական), հումանիտար գիտություններ: Իսկ որպես մրցանակ՝ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան եւ դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

Գրականության հանձնաժողովի նախագահ, գրականագետ Ազատ Եղիազարյանն ասում է՝ մոտ 30 հայտ են ստացել, ինչը, ի տարբերություն նախորդ տարիների, 2-3 անգամ ավելի շատ է։ Թե ինչով է պայմանավորված նման ակտիվությունն այս տարի, թավշյա հեղափոխության գործոնը որքանով է ազդել, Եղիազարյանը կարծում է, որ պատահական զուգադիպություն է, առանձին գործոն չկա․ «Գուցե պայմանավորված է․ նման հստակ մոտեցում չեմ տեսնում, բայց ընդհանուր աշխուժության մթնոլորտում հնարավոր է, որ նպաստել է, որպեսզի գրողների ոգեւորությունն ավելի շատ լինի»։ 

Հանձնաժողովականները դեռ չեն հասցրել գործերին ծանոթանալ, միայն տեղյակ է, որ շատ բազմաժանր գրականություն է ներկայացված։ «Ուղղակիորեն հեղափոխության հետ կապված գրականություն չկա, եւ լավ է, որ չկա, որովհետեւ այն ազդում է ընդհանուր գրական պրոցեսի վրա։ Բավականին թեմատիկ եւ ժանրային բազմազանություն կա։ Չգիտեմ՝ թարգմանական գործեր ներկայացված են, թե ոչ, դրանք միշտ խնդիր են դառնում, բայց պոեզիա, արձակ կա»,- ասում է Եղիազարյանն ու հավելում, որ անկախ մրցույթից, կան գրողներ եւ գրքեր, որոնց գործերն ինքը կարդացել է։ 

Թեեւ ամբողջական ցուցակը կհրապարակվի մյուս շաբաթ, բայց մեզ հաջողվեց իմանալ, որ այս տարվա նախագահի մրցանակին հավակնում են Նորայր Գրիգորյանը, Հրաչ Սարիբեկյանը, Լեւոն Բլբուլյանը, Կարինե Աշուղյանը, Դիանա Համբարձումյանը, Լեւոն Ջավախյանը, Ժաննա Հակոբյանը, Շանթ Մկրտչյանը, Աշոտ Աղաբաբյանը։      

Ինչպես ընդգծում է հանձնաժողովի նախագահը, քննարկումը մի քանի փուլով է անցնելու․ «Մի երկու ամիս, մենք նայում ենք, քննարկում, որովհետեւ հանձնաժողովի անդամները 30 գործ պետք է կարդան, պատկերացնո՞ւմ եք դա մեզանից ինչքան ժամանակ է պահանջելու, դրանից հետո նոր սկսվում է բովանդակային քննարկումների փուլը»։ Ընտրությունը կատարվում է քվեարկության միջոցով՝ հանձնաժողովի 7 անդամների կողմից։ «Քվեարկություններն ու քննարկումները երբեմն շատ բուռն են տեղի ունենում, եւ քվեարկություններն էլ միշտ չէ, որ միաձայն են լինում»,- նկատեց Եղիազարյանը։      

Գրող Լեւոն Ջավախյանը երբեք չի ներկայացրել իր գրքերը որեւէ մրցանակաբաշխության, բայց այս անգամ բացառություն է արել․ «Հիմար է նա, ով անընդհատ վիճակահանության տոմսեր է առնում ու իր բախտն այդտեղ է որոնում, բայց հիմար է նաեւ նա, ով կյանքում գոնե մի անգամ չի առնում այդ տոմսը․ հիմա ես էս մի անգամն ուզում եմ ոչ թե բախտս փորձել, այլ իմ արձակը»։

Ինչո՞վ է բացատրում այն փաստը, որ այս տարի աննախադեպ մեծ թվով գործեր են ներկայացվել։ «Ինչպես ես եմ ուզում իմ գրպանում 10 հազար դոլար տեսնել, պարզվում է, ինձ պես՝ նաեւ շատերը։ Բոլորն էլ ուզում են դրամական պարգեւ ունենալ, բայց ես համոզված եմ, որ շատերին ոչ թե այդ 10 հազար դոլարն է հետաքրքրում, այլ՝ փառքը։ Իմ պարագայում ես բավականին ընթերցող ունեմ եւ այդ առումով բավականին ընդունված եմ, հիմա հետաքրքիր է, թե մասնագիտական հանձնաժողովի կողմից ինչ քննության կենթարկվեմ։ Շատ դեպքերում ես գիտեմ, թե մեծամասնությունը ոնց է անում, երբ հեռախոսը վերցնում են ու մեկիկ-մեկիկ հանձնաժողովի անդամներին սկսում են զանգել, խնդրել։ Մեկն իր հիվանդության բյուլետենն է ցույց տալիս, մյուսը՝ իր արժանիքը, բայց ես այնքան պատվարժան եմ, որ ոչ մեկին էլ չեմ անհանգստացնում։ Ինձ համար ուղենիշային խոսքը սա է․ ինձ տան՝ իրենց պատիվն է, չտան՝ էլի իրենց պատիվն է։ Հանձնաժողովը պետք է արիություն ցուցաբերի եւ գործերը քննի ըստ գեղարվեստական արժեքի եւ ոչ առողջական, սոցիալ-տնտեսական նկատառումներից ելնելով»։

Ջավախյանը ներկայացրել է իր վերջին՝ «Ծնկան ծերին» պատմվածքների ժողովածուն․ «Քանի որ մասնագիտությամբ պատմաբան եմ, ինձ մոտ պատմաբանը միշտ առկա է։ Իմ գրականությունը, որ 80թ․-ից մինչեւ այսօր գրում եմ, կարելի է ասել՝ պատմություն է ըստ Լեւոն Ջավախյանի, որովհետեւ չկա կյանքում մի իրադարձություն, մի պատահական իրավիճակ, որ իր գեղարվեստական արտացոլումը չգտնի իմ գրականության մեջ։ Կյանքն առավել քան արտացոլված է իմ մոտ, ու ընթերցողը ոչ միայն այսօրվա օրը կտեսնի, այլ նաեւ այսօրվա նոր գրականությունը»։