ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանի ջախջախիչ պարտությամբ, դրանից կօգտվի Չինաստանը

ԱՄՆ-ն շահագրգռված չէ Ռուսաստանի ջախջախիչ պարտությամբ, դրանից կօգտվի Չինաստանը

Համընդհանուր կարծիք կա, որ Գազայի հատվածում՝ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջեւ շարունակվող ռազմական բախումների ֆոնին նվազել է ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ ուշադրությունը։ Զուգահեռաբար տարբեր, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտոնական շրջանակներից հայտարարություններ են հնչում ռազմաճակատում տիրող ծանր կացության մասին։ Վերջին զարգացումների շուրջ զրուցել ենք Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդայի հետ։

- Ուկրաինայի հակամարտության գոտում իրավիճակը բարդ է, շարունակվում են ինտենսիվ մարտերը։ Նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նման կարծիք հայտնել են նաեւ Ուկրաինայի նախագահն ու Զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Իսկապե՞ս դրությունն այդքան լուրջ է։

- Ռուս-ուկրաինական պատերազմի ճակատում իրավիճակը լուրջ է, սա չափազանցություն չէ: Ընթանում են կատաղի մարտեր, այնքան կատաղի, որ ամբողջ աշխարհում հրետանային արկերի պակաս կա։ Ռուսներն ուկրաինական օկուպացված հողերի վրա ստեղծել են շերտավոր պաշտպանություն, որը ճեղքելը չափազանց դժվար է։ Պատերազմը, իսկ ռուս-ուկրաինական պատերազմն ամենամեծն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, լրջորեն ձգձգվում է, եւ դա պետք է հասկանալ։ Ուկրաինան դեռ օգնության կարիք ունի, բայց նա կշարունակի պայքարել՝ անկախ այս ոլորտում Արեւմուտքի ակտիվությունից։ Այստեղ խնդիրն ուկրաինական բանակի հաջողությունների գինն է, այսինքն՝ այն, թե ինչ զոհողությունների են գնալու Ուկրաինայի պաշտպանները։

- Շատ է խոսվում Զելենսկու եւ Զալուժնիի միջեւ առկա տարաձայնությունների մասին, սակայն երկուսն էլ խոստովանում են, որ առաջնագծում բարդ իրավիճակ է։ Ի՞նչ է սա նշանակում, ռազմական փակուղու մասին հայտարարած Զալուժնին (ում խոսքերը Զելենսկու շրջապատի սրտով չէին) կարողացե՞լ է տարհամոզել երկրի ղեկավարին, որը նույնիսկ 7 ուղղություն էր նշել, որտեղ առավել թեժ մարտեր են։

- Զելենսկու եւ Զալուժնիի հակասությունների թեման ռուսական քարոզչության հորինվածքներ են, որոնք Մոսկվան ակտիվորեն քարոզում է արեւմտյան լրատվամիջոցների միջոցով։ Կրեմլն այս հարցում զգալի փորձ ունի, չես ժխտի, այդպես է։ Պարզապես Զալուժնին The Economist-ի համար հոդվածում իրերը կոչել է իրենց համապատասխան անուններով՝ պատասխանատվությունը չբարդելով դաշնակիցներից որեւէ մեկի վրա: Ուկրաինական բանակի գլխավոր հրամանատարն ասել է դառը ու ակնհայտ ճշմարտությունը՝ առաջարկելով իրավիճակից իրական ելք։

- Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, ով նախագահ դառնալու մտադրություն ունի, վերջերս կոշտ քննադատության է ենթարկում իր նախկին ղեկավարությանը՝ հանձին նախագահի։ Նա նաեւ ակնարկում է այն մասին, որ Զելենսկին գլխավոր մրցակից է տեսնում Զալուժնիին, ում թեկնածությունը, իբր, Արեւմուտքի սրտով է։ Նման սցենարը բացառո՞ւմ եք։

- Վստահ եմ, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեն մինչեւ ռազմական գործողությունների ավարտը, ապա Վալերի Զալուժնին չի լինի քվեաթերթիկում։ Նա հիմա իր ամենագլխավոր պատերազմն է վարում, եւ այս իրավիճակում քաղաքականություն մտնելն անհնար է։ Ինչ վերաբերում է Արեստովիչին, ապա ինչ-որ տեղ տարօրինակ է, որ ուկրաինական բանակի սպան, ով բազմիցս խոսել է իր մարտական փորձի մասին, կատաղի մարտերի ժամանակ մեկնել է արտերկիր եւ այնտեղից քաղաքական հայտարարություններ է անում։ Չեմ կարծում, որ դա բարձրացնում է նրա հեղինակությունը։ 

- ԱՄՆ Կոնգրեսի անանուն աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ Ուկրաինան կկարողանա հաղթել միայն ամերիկյան կողմի լայնածավալ միջամտությամբ եւ աջակցությամբ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի համաձայնի գնալ նման քայլի։ Դուք ի՞նչ կանխատեսում ունեք, եթե առավել իրատեսական լինենք։

- ԱՄՆ-ն, իմ կարծիքով, շահագրգռված չէ Ռուսաստանի ջախջախիչ պարտությամբ, քանի որ դա կարող է ստեղծել մի իրավիճակ, որից Չինաստանը կօգտվի՝ իր դիրքերն ամրապնդելու համար։ Ուստի ամերիկյան ռազմական օգնությունը չափավորված է եւ բավականին սահմանափակ։ Բայց, միեւնույն ժամանակ, Ուկրաինան ստանում է հեռահար հրթիռներ, տանկեր եւ հակաօդային համակարգեր։

- ԵՄ-ն խոստացել էր մինչեւ 2024 թ․ մարտն Ուկրաինային մատակարարել 1 մլն արկ, սակայն պարզվում է, որ այդ ծավալով ու նախանշված ժամկետում չեն հասցնի՝ բավարար արտադրական հնարավորություններ չկան։ Այդ մասին գրել են ամերիկյան աղբյուրները, Ուկրաինայի արտգործնախարարն էլ հաստատել է դա։ Ըստ Ձեզ, ի՞նչ հուսալի երաշխիքներ են հարկավոր, որպեսզի անշեղորեն կատարվեն սպառազինության մատակարարման խոստումները։

 - Խնդիրն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ոչ ոք չէր պատրաստվում նման ինտենսիվության մարտական գործողությունների։ Ռազմարդյունաբերությունը գտնվում է տեղապտույտ վիճակում, ուստի պետք են ոչ թե երաշխիքներ, այլ բյուջետային փոփոխություններ՝ ուղղված պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացմանը։

- Տեղեկություն կա, որ Ուկրաինայի համար նախատեսված արկերն ԱՄՆ-ից փոխանցվեցին Իսրայելին։ Կիեւին անվերապահ աջակցող Վաշինգտոնը, կարծեք, սկսել է որոշակի վերապահումներ ունենալ․ հիշենք թեկուզ Կոնգրեսի վերջին բյուջետային քննարկումը, որը լրացուցիչ օգնություն չի նախատեսում Ուկրաինայի համար։

- Կարծում եմ՝ Իսրայելն այդչափ արկերի կարիք չունի, քանի որ ՀԱՄԱՍ-ը չունի ծանր հրետանի, որը պետք է ճնշվի։ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնությունը դառնում է գալիք նախագահական ընտրությունների պատանդը, քանի որ հանրապետականներն առաջնորդվում են «որքան՝ վատ, այնքան՝ լավ» սկզբունքով, եւ դա շատ նկատելի է։ Բայց ես վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունը չի կարողանա ամբողջությամբ հրաժարվել Ուկրաինային օգնություն տրամադրելուց, քանի որ դա հակասում է Միացյալ Նահանգների շահերին։

- Էրդողանը մտադիր է հեռախոսազրույց ունենալ 45 երկրների ղեկավարների հետ (այդ թվում՝ Ուկրաինայի), որոնք ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Մերձավոր Արեւելքում հրադադարի մասին բանաձեւի քվեարկության ժամանակ։ Նա նաեւ մտադիր է զրուցել այն երկրների գործընկերների հետ, որոնք ժամանակին ռուս-ուկրաինական հակամարտությունում բռնել են Կիեւի կողմը, սակայն հավատարիմ են չեզոքությանը Գազայի ճգնաժամի կարգավորման հարցում։ Ինչո՞վ կպայմանավորեք Անկարայի ակտիվությունը։

- Վերջին շրջանում ես հետեւում եմ Ռեջեփ Էրդողանի գործունեությանը։ Ենթադրում եմ, որ նա ցանկանում է Մերձավոր Արեւելքում էսկալացիայի բռնկումն օգտագործել տարածաշրջանային առաջնորդից իրեն վերափոխելու գերտերությունների առաջնորդներից մեկի՝ առավելագույնս հակվելով դեպի իսլամական աշխարհ, որի համար Թուրքիան օտար չէ։ Սա հետաքրքիր քաղաքական սալտո է, քանի որ Թուրքիան նույնպես ՆԱՏՕ-ի անդամ է՝ հզոր բանակով ու նավատորմով։